Դեկտեմբերի 31-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում տեղի կունենա Miss Tourism International համաշխարհային 19-րդ մրցույթի եզրափակիչ երեկոն, որի ժամանակ Հայաստանը կներկայացնի 19-ամյա Լյուսի Հարությունյանը:
Մինչ այդ՝ քսան օր շարունակ աշխարհի 60 երկրներից ժամանած գեղեցկուհիները կայցելեն Կուալա Լումպուրի մշակութային, պատմական եւ հանրային նշանակության վայրեր, կմասնակցեն մի շարք միջոցառումների՝ հնարավորություն ստանալով ճանաչել ոչ միայն Մալայզիան, այլեւ այնտեղ ներկայացնել սեփական երկիրը:
«Առաջարկը, որը ստացել եմ «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանից, մեծ ոգեւորությամբ եմ ընդունել: Մալայզիան Հայաստանից տարբերվող քաղաքակրթություն ունի: Այս հանգամանքն արդեն բավական է, որ վստահ լինեմ, թե որքան հետաքրքիր է լինելու ինձ համար անծանոթ մշակույթի հետ մոտիկից առնչվելը»,-ասաց Լյուսին՝ մեզ հետ զրույցում:
Կարդացեք նաև
Miss Tourism International-ի եզրափակիչը մի քանի մրցույթներ է ենթադրում, ի թիվս որոնց մասնակիցները ներկայանալու են նաեւ ազգային հագուստով: «Ազգային տարազը շատ եմ կարեւորում, կարծում եմ՝ նման մրցույթները հնարավորություն են տալիս աշխարհին տեղեկացնելու, ներկայացնելու, թե որքան հետաքրքիր է հայկական տարազը, թե մեր հնագույն մշակույթը տարիների ընթացքում ինչպիսի ազդեցություն է ունեցել ազգային հագուստի վրա: Տարազն՝ ընդհանրապես, ինքն էլ մի յուրօրինակ մշակույթ է, որը արտացոլում է տվյալ ժողովրդի ազգային հատկանիշները, տրամադրությունը, երկրի բնությանը հատուկ գույները»,-հավելեց Լյուսի Հարությունյանը: Նրա համար «տարազը նաեւ երաժշտություն է, ճարտարապետություն, գեղանկարչություն»:
Մալայզիայում ներկայացվելիք ազգային հագուստը «Տերյան» մշակութային կենտրոնի հավաքածուից է: Հայ գեղեցկուհու խոսքով՝ իր համար մեծ պատիվ է կրել դիզայներ Լիլիթ Մելիքյանի հեղինակած զգեստը. «Լիլիթ Մելիքյանը հայտնի է տարազի թարմ, ժամանակակից լուծումներով, ազգայինի նորովի մատուցմամբ»:
Հավելենք, որ Լյուսի Հարությունյանը կիթառահար է, սովորում է Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի գործիքային բաժնում, ավարտել է նաեւ «Ատեքս» նորաձեւության կենտրոնի մոդելային դասընթացները, երաժշտությանը զուգահեռ զբաղվում է մոդելային աշխատանքով:
Գայանե ՀԱԿՈԲՅԱՆ