Արարատի քաղաքի 3-րդ հիմնական դպրոցում Արարատի Օրհուս բնապահպանական-տեղեկատվական կենտրոնը նախօրեին անցկացրել է բնապահպանական դասընթաց, որին մասնակցել են կրթօջախի բարձր դասարանի` ավելի քանի 25 աշակերտներ, ինչպես նաեւ նույն ուսումնական հաստատության ուսուցչական անձնակազմը:
Դասընթացն ընթացել է ինտերակտիվ հարցուպատասխանի ձևով: Դասընթացավարը՝ Արարատի բնապահպանական-տեղեկատվական կենտրոնի համակարգող Գալուստ Նանյանը, ունկնդիրներին ներկայացրել է Օրհուս կոնվենցիայի հիմնադրույթները եւ Արարատի բնապահպանական հիմնախնդիրները, նաև անդրադարձ է կատարել Արարատ համայնքին մոտ գտնվող «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի ներկա վիճակին:
Դասընթացի ընթացքում քննարկում է ծավալվել Արարատի մարզի օդային, հողային եւ մթնոլորտային ավազանի աղտոտվածության, ինչպես նաեւ կենդանական եւ թռչնաշխարհի ներկայացուցիչների վերաբերյալ:
Աշակերտները դասընթացավարից հետաքրքրվել են մարզում առկա այլ պահպանվող տարածքների մասին և ստացել սպառիչ պատասխանները:
Կարդացեք նաև
Դասընթացավարը նաեւ խոսել է անհետացած Գիլի լճի եւ թռչնաշխարհի` ժամանակին այնտեղ բնակվող ներկայացուցիչների մասին, բացատրել, թե ինչպես ստացվեց, որ այդ տեսակները հետագայում բնակություն հաստատեցին Արմաշի լճերում:
Դպրոցի տնօրինությունը համակարգողին առաջարկել է, որ առաջիկա գարնանը մշակվի ծրագիր, որպեսզի երեխաների խումբը թռչնադիտարկում իրականացնի Արմաշի լճերում: Իսկ մինչ այդ Օրհուս բնապահպանական կենտրոնը եւս մեկ դասընթաց կանցկացնի` նվիրված լուսանկարչությանը, որպեսզի երեխաները թռչնադիտակման հետ միաժամանակ լուսանկարներ անեն բնության գրկում:
Աշակերտները նաեւ ցանկություն են հայտնել, որպեսզի հետագա դասընթացների թեմաները նվիրվեն ջրին, աղբին եւ մթնոլորտային աղտոտվածությանը:
Օրհուսի համակարգողը վերջում դպրոցին է նվիրել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) կողմից պատրաստված նվերը, որի մեջ եղել են բնապահպանական քարտեզներ, Որսագողությանը և Հայաստանի բուսական աշխարհին նվիրված գրքույկներ և սկավառակներ:
Գալուստ Նանյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող