Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են նրանք՝ այդ կրկնապատիկ «շան տղերքը»

Դեկտեմբեր 13,2016 22:00

Հերթական անգամ Հայաստանում դեկտեմբերի 9-ին եւ 10-ին նշեցին Կոռուպցիայի դեմ պայքարի եւ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրերը: Խիստ խորհրդանշական է, որ այդ օրերը հաջորդում են մեկը մյուսին, քանզի նրանք խորապես փոխկապակցված են: Մանավանդ Հայաստանում, որտեղ, ցավոք, կարծես, հակառակն է. կոռուպցիան են պաշտպանում, իսկ մարդու իրավունքների դեմ պայքարում են:
Կոռուպցիան, որը լատիներենից թարգմանվում է որպես «փչացում», «այլասերում», «փտախտ», ինչպես միջազգային փորձը ցույց տվեց՝ կա՛մ հաղթահարվում է, կա՛մ մնալով առանց հաղթահարման եւ ներառելով իշխանության համակարգն ամբողջությամբ՝ ծնում է եւ չի՛ կարող չծնել մարդու իրավունքների ոտնահարման կուռ եւ կենտրոնացված համակարգ:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ աշխարհում կաշառքի շրջանառությունը կազմում է մոտ մեկ տրիլիոն դոլար, իսկ համաշխարհային տնտեսությունը դրա արդյունքում կորցնում է եւս 2,5 տրիլիոն: Իր բնույթով դա մի երեւույթ է, որն անհնարին է առանց իշխանության, պետական համակարգի ներգրավման: Առանց այդպիսի ներգրավման դա կոչվում է ընդամենը կաշառակերություն, եւ դրա համար ցանկացած երկրի, ցանկացած տիպի երկրի Քրեական օրենսգրքում կա համապատասխան հոդված:

Հետեւաբար կոռուպցիան չի կարող չունենալ քաղաքական հիմքեր, եւ այդ «փչացում», «այլասերում» ասվածը ոչ թե վերաբերում է ինչ-որ մարգինալ խմբերի, այլ տարածվում է ամբողջ հասարակության վրա: Եվ կախված անպատժելիության աստիճանից ու տարածվածության մասշտաբից՝ այն կարող է պետությունը վերածել ուղղակի «մաֆիոզ պետության», որտեղ կազմակերպված հանցավոր խմբավորումն ուղղակի ուզուրպացիայի է ենթարկել պետությունը եւ այն օգտագործում է որպես հանցագործությունների գործիք:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կոռուպցիան անվանեց Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք: Շատերն, իհարկե, դրան ուշադրություն չդարձրին՝ համարելով հայտարարությունը «հերթական», «առօրյա-աշխատանքային»: Պետք է ասել, որ դեսպանը շատ մեղմ է ասել, քանի որ դա ուղղակի մահացու սպառնալիք է մի պետության համար, որը գտնվում է հարեւանների հետ չկարգավորված հարաբերությունների պայմաններում, եւ որի «ռազմավարական դաշնակիցը» դասական «մաֆիոզ պետությունն» է:

Ի դեպ, բրիտանական The Guardian թերթի մոսկովյան թղթակից Լյուկ Հարդինգը հենց այդպիսի վերնագրով գրքի հեղինակն է: Լրագրողը նկարագրում է Ռուսաստանի պետական ապարատը որպես հատուկ ծառայությունների գործակալների կողմից փողը երկրից արտասահման տեղափոխող մեքենա: Ավելին՝ նա եզրակացնում է, որ Ռուսաստանում կառավարությունը հենց ինքը՝ մաֆիան է, որը գլխավորում է capo di tutti capi՝ բոսերի բոսը, ինչպես ընդունված է սիցիլիական «Կոզա Նոստրայում», եւ նրան սպասարկում են ուժային կառույցները, իրավապահ եւ դատական համակարգերը: Իսպանացի դատախազ Գոնսալես Խոսե Գրինդան, որը հետաքննել է ռուսական մաֆիայի գործունեությունն Իսպանիայում, Ռուսաստանն ուղղակի անվանում է վիրտուալ մաֆիոզ պետություն, որտեղ դժվար է տարբերություն գտնել պաշտոնական եւ մաֆիոզ կառույցների գործունեության միջեւ: Ընդ որում, ինչպես հայտնի է, այդ մաֆիոզ գործունեության մեջ «լայնորեն նկատվում են» ՌԴ մի շարք իրավապահ մարմինների ղեկավարներ, որոնք խուսափում են արդարադատությունից Իսպանիայում, բայց պետական պարգեւների են արժանանում Հայաստանում:

Բնականաբար, սեփական դիրքերն անսասան պահելն առանց մարդու իրավունքների զանգվածային եւ համակարգված խախտումների հնարավոր չէ: Եվ ունենալով այդպիսի որակի «ռազմավարական դաշնակից»՝ մեր քաղաքական խնդիրը դառնում է քրեա-քաղաքական, եւ առանց հակակրիմինալ ծանրակշիռ բաղկացուցչի՝ այդ խնդիրն ուղղակի լուծում չունի: Եվ այստեղ քաղաքական կամքն էլ, եթե այն մի օր մի հրաշքով հայտնվի, բախվելով հասարակության անտարբերությանը՝ կարճ ժամանակ անց նահանջելու է: Հասարակությունն ի՛նքը պիտի լինի հակակոռուպցիոն գործունեության գլխավոր պատվիրատուն, հակակոռուպցիոն մշակույթի գլխավոր կրողը, եւ միայն այդ ժամանակ առանց որեւէ հրաշքի կլինի թե՛ քաղաքական կամք, թե՛ արդյունք:

Իսկ այսօր Հայաստանի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի մեջ, որոշ ռեստորաններում դեռ հնչեցնում են «ռուսական շանսոն» կոչված ոճի երգեր, որոնցում քարոզվում է քրեական «բարոյականությունը», այսօր հասարակությունը «ըմբռնումով» է մոտենում նույնիսկ պարզ կաշառակերությանը, իսկ նրա մի որոշակի շերտ սպասում է ընտրությունների օրվան, որպեսզի ինքը կաշառք վերցնի:

Իսկ ԱՄՆ նախագահ Օբամայի ստորագրությանն է սպասում Կոնգրեսի կողմից ընդունված «Սերգեյ Մագնիտսկու գլոբալ ակտը», որը հնարավորություն է տալիս ամերիկյան կառավարությանը կոշտ պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրներում կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված պաշտոնյաներին…

…Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը «շան տղա» անվանեց նրանց, ովքեր իրենց թույլ կտան միջոցներ գրպանել զոհված զինծառայողների ընտանիքների օգնության համար ստեղծված հիմնադրամից: Բարոյական իմաստով այդ բնորոշումը միանգամայն տեղին է, այլ է դրա իրավական կողմը, քանզի ՀՀ Քրեական օրենսգիրքը որեւէ պատիժ դրա համար չի ենթադրում: Իսկ ինչպե՞ս անվանել նրանց, ովքեր օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ ոչ միայն գրպանում են հարկատուների փողերը, այլեւ փչացնում, այլասերում են հասարակությանը, փչացնում եւ այլասերում են պետությունը, իսկ սեփական դիրքերը վտանգվելու դեպքում՝ ոտնահարում օրենքը, մարդու իրավունքները եւ ազատությունները: Երեւի, դրանք արդեն առնվազն կրկնապատիկ «շան տղերքն» են, որովհետեւ նրանք նաեւ ապագան են գրպանում:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ. Իսկ դուք ասում էիք «Եվրասիական տնտեսական միություն»…

 

«Առավոտ»

13.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031