Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը ժողովրդի կարծիքի գնահատման երկու ձեւ գիտի՝ հանրաքվե եւ ԱԺ-ի քվեարկությունը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2016 13:18

1000 դրամ պարտադիր վճարի աղմկահարույց նախագիծն այսօր ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց ԱԺ-ի քննարկմանը: Նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել՝ պատգամավորների հետ քննարկման արդյունքում: Դրանք հիմնականում խմբագրական են: Նախարարն ասաց, որ այդ փոփոխությունները թույլ կտան հիմնական օրենքի կիրառումն արդյունավետ ապահովել, որպեսզի «Հիմնադրամների մասին» օրենքի հետ կապված հակասություններ չլինեն:

ՀԱԿ խմբակցության Արամ Մանուկյանն ասաց, որ եթե առաջին ընթերցման ժամանակ մի տեսակ վախվորած էր ասում, հիմա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել եւ 100 տոկոսով բոլորն ասում են, գտնում են, որ սա անարժանապատիվ քայլ է, երբ պետությունը հասարակությունից ընդամենը 10 մլն դրամի խնդիր ունենալով՝ լրացուցիչ բեռ է դնում հասարակության վրա: Նա հարցրեց՝ «Ձեր քայլը ի՞նչ արձագանք է գտել, տեղյա՞կ եք, ես ասեմ, որ լրիվ բացասական է»:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Հայաստանում շուտվանից չկա մի հարց, որում 100 տոկոս միակարծություն լինի: Դա ինձ ուրախացնում է, որովհետեւ ժողովրդավարության առանցքն է դա: Եթե դուք շփվում եք մի օղակի հետ, որտեղ բոլորն ամեն ինչի շուրջ համաձայն են, դա մտահոգիչ է, որովհետեւ նույնիսկ ամենատարբեր հարցերի վերաբերյալ կարող է լինել կարծիքների բախում եւ ոչ համակարծություն: Համաձայն եմ, որ կան մարդիկ, որոնք կիսում են ձեր տեսակետը»:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ ինքը ժողովրդի կարծիքի գնահատման երկու ձեւ գիտի՝ հանրաքվե եւ ԱԺ-ի քվեարկությունը, իսկ առաջին ընթերցման ժամանակ ԱԺ-ի քվեարկության արդյունքները ակնհայտորեն ցույց են տալիս հակառակը:

Հիշեցնենք, որ առաջին ընթերցման ժամանակ 102 կողմ եւ ընդամենը 3 դեմ ձայներով նախագիծն ընդունվեց:

Արամ Մանուկյանը նախարարին ասաց, որ երբ ասում է 100 տոկոսը դեմ են, մարդիկ դեմ են մեթոդին, կողմ են խնդրին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031