Համբուրգում համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մասին «ՉԻ»-ն զրուցել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հետ։
– Կխնդրեի անդրադառնալ այս հայտարարությանը հակամարտող կողմերի արձագանքներին։
– Ես ցավում եմ, որ հայկական դիվանագիտությունն ի զորու չեղավ համոզել համանախագահներին, որ Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների ձախողումների մասին նշեին հասցեականորեն։ Խոսում են այդ մասին, բայց չեն մատնանշում պատճառները։
Ի վերջո, հայտնի փաստ է, որ այդ պայմանավորվածությունները չեն կատարվել Ադրբեջանի պատճառով, մինչդեռ հայտարարության մեջ պայմանավորվածությունները կատարելու կոչն ուղղված է երկու կողմերին։ Ես այստեղ տեսնում եմ մեր դիվանագիտության թուլությունը, որ չի կարողացել հասնել հասցեական գնահատականների։
Կարդացեք նաև
Այս ընթացքում նկատել եմ, որ հայտարարության վերաբերյալ կա տարբերակված մոտեցում Երեւանում ու Ստեփանակերտում։ ՀՀ ԱԳ նախարարն իր համաձայնությունն է հայտնել համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության հետ՝ ասելով, որ պատրաստ է միանալ հայտարարությանը։ Այնինչ, դրանում վիճելի կետեր են, օրինակ, երբ խոսվում է ԼՂ հարակից բոլոր տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելու մասին։
Քննարկվող փաստաթղթում, Մադրիդյանում, որքան ես տեղյակ եմ, խոսք է գնում միայն հինգ տարածքի մասին։ Բայց հայտարարության մեջ բոլոր տարածքների մասին է խոսվում, ու այնտեղ չգիտեմ՝ ինչին է Նալբանդյանը կողմ՝ դրանով թուլացնելով հայկական կողմի բանակցային դիրքերը։
Նաեւ մեր դիվանագիտությունը չպետք է թույլ տար, որ հավասարության նշան դրվեր երկու երկրների միջեւ, կամ առնվազն եթե նման բանի հետ է բախվել, չպետք է ասեր, որ պատրաստ է միանալ հայտարարությանը։ Ինչի՞ն ես միանում, պարոն Նալբանդյան, ուրեմն դու էլ ես կիսո՞ւմ, որ խոչընդոտները ոչ միայն Ադրբեջանն է հարուցում։ Նրա խոսքերից մեկ ենթադրություն կարելի է անել. Նալբանդյանը փաստորեն համաձայնություն է հայտնել բոլոր այս կետերի վերաբերյալ, երբ մեղադրանքն ուղղվում է ոչ թե իրական պատասխանատու Ադրբեջանին, այլ նաեւ Հայաստանին։ Իսկ Ղարաբաղի արձագանքը զուսպ է, ինչը համարում եմ դրական։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում