Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդա Էզդիտ» տոնը նշվում է որպես աշխարհի արարման օր

Դեկտեմբեր 13,2016 14:00

Հազարամյա տարբեր վերելքներով ու վայրէջքներով լի պատմություն ունեցող մեր ժողովուրդը, որ դարեր շարունակ պետականություն չի ունեցել, գոյատեւում է: Հավատացեք՝ շատերին կարող է զարմանալի թվալ, բայց մեր ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել եւ այսօր էլ ունեն եզդիական ազգային եւ կրոնական տոները: Ազգային եւ կրոնական տոները պահպանելով, ազգային արժեքները նպաստելով՝ ազգի գոյատեւմանն ամուր թելի նման կապել եւ կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան: Ամրապնդելով մեր ժողովրդի հավատը՝ սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ:

Շուրջ 300 տարի է մենք՝ հայաստանաբնակ եզդիներս, հեռացել ենք մեր հոգեւոր նստավայրից՝ Լալիշա-Նուրանից, բայց, փառք Աստծո, մենք դեռեւս սրբորեն պահպանել ու տոնում ենք մեր ազգային եւ կրոնական տոները: Համոզված լինելով, որ կա Աստծո կողմից մարդուն տված բարոյական նորմերի, հավատի հաստատուն համակարգ, որին հետեւում եւ իր սրբազան պարտքն է կատարում մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ Հայաստան աշխարհում:

Աշխարհի բոլոր ժողովուրդների, ինչպես նաեւ եզդիների պատմության մեջ կարեւոր իրադարձությունները, ինչպես նաեւ հիշարժան օրերը, որպես կանոն, վերածվում են տոների ու տոնակատարությունների: Եզդի ժողովրդի կյանքում այդպիսի տոներից է «Այդա Էզդիտը», որը նշվում է որպես աշխարհի արարման օր: Այն իր անվանումն է ստացել եզդի ժողովրդի Աստված Եզդայի հազար ու մեկ անուններից: «Այդա Էզդիտը» մեր ժողովրդի կյանքում եւ ճակատագրում կարեւոր դեր է խաղացել: Այդ տոնը մշտապես նպաստել է եզդի ժողովրդի ինքնության, կրոնի եւ մշակույթի պահպանմանը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Տոնի գերագույն նպատակն է եղել մեր ժողովրդի հարատեւումը մեր բնօրրանում եւ ամբողջ աշխարհում:

Այն մի կամուրջ է հանդիսացել եւ այսօր էլ հանդիսանում է մեր ժողովրդի անցյալի եւ ներկայի միջեւ:

Ըստ եզդիական ավանդույթի՝ աշխարհի արարման գործը հրեշտակները Եզդայի «Աստծո» կարգադրությամբ սկսում են շաբաթ օրը եւ ավարտում են կիրակի օրը: Երկուշաբթի օրը հրեշտակները մաքրությամբ են զբաղվում եւ պատրաստվում ծոմի: Երեքշաբթի, չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին ծոմ են պահում, իսկ ուրբաթ օրը նշում են «Այդա Էզդիտ», այսինքն՝ աշխարհի արարման տոն: Այս տարի «Այդա Էզդիտ» օրերը սկսվում են դեկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին՝ ծոմ են պահում, իսկ դեկտեմբերի 16-ին սկսվում է տոնը:
2014թ. օգոստոսի 3-ից Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ մարզում մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը չէիր կարող տեսնել զարհուրելի երազներում, նույնիսկ սարսափելի կինոնկարներում: Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը, ամենուր մահ էր, եզդի կանանց ու երեխաներին 21-րդ դարի «ստրկավաճառները» հասցրեցին մինչեւ Աֆղանստան: Սակայն մարդկային ոչ մի զգացմունք հավերժ չի լինում, եկավ այն պահը, որ այդ ամենը, մեր տխրությունը դարձավ ցավալի հիշողություն: Շանգալը ավերված է… Ազատագրման գինը սարսափելի է, բայց սպասվածից վատ կարող էր լինել:

2015թ. նոյեմբերի 13-ին ազատագրվեց մեր բնօրրանը՝ Շանգալը: Հաղթեց կյանքը, հաղթեց բարին, մարդկայինը, միասնությունը, առաջընթացը, հաղթեց քաղաքակիրթ աշխարհը: Եզդին ապացուցեց, որ ինքն է իր կյանքի անվտանգության եւ խաղաղ ապրելու երաշխավորը` եկավ ուրախանալու պահը, Շանգալում նորից ծածանվեց մեր ժողովրդի ազատագրական դրոշը: Սակայն, ցավոք, առկա է նաեւ զայրանալու պահը, մինչեւ վերջ չի ազատագրվել Շանգալը: Չեն թողնում մենք ինքներս կառուցենք մեր տունը, որոշենք մեր ազատ, անկախ ապագան… Աստծո կամոք մենք արարվել ենք՝ որպես եզդիներ, ապրում ենք մեր ժողովրդի տեսակը հավիտենականացնելու համար: Մեր ժողովրդի այսօրվա օրը ոչ թե մեր անցյալի, այլ հավերժ ապրելու հաստատումն է:

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ամբողջ աշխարհի, Շանգալի սարերում եւ փախստականների վրաններում, դեռեւս ԻՊ-ի հրեշների գերության մեջ գտնվող եզդիներին «Այդա Էզդիտ» տոնի առթիվ, ցանկանում ենք բոլորին ազատություն, անվտանգություն, բարեկեցիկ եւ խաղաղ կյանք: Թող այսուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար:

 

ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ»
եզդիների ազգային
միավորում հ/կ խորհրդի
նախագահ

 

«Առավոտ»

13.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031