Aravot.am-ը դեկտեմբերի 13-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանին խնդրեց անդրադառնալ Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխություններին: Նա պատասխանեց, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունները տանում են դեպի Էրդողանի միակուսակցական համակարգի ձեւավորմանը:
«Սակայն, այստեղ խանգարում է Արեւմուտքի ազդեցությունը, որը կողմ չէ, որ Էրդողանը երկրում ունենա լիակատար իշխանություն, քանզի Էրդողանը ինչպես տեսնում ենք Արեւմուտքի մոտ կորցրել է վստահությունը: Սակայն, Էրդողանը ունի թուրք ժողովրդի վստահությունը, քանզի երբ Էրդողանը եկավ իշխանության թուրքական տնտեսությունը ոտքի կանգնեց: Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ սահմանադրական փոփոխությունները ձեռնտու են միայն Էրդողանին, սակայն թե ինչպես դրանք տեղի կունենան ցույց կտա ժամանակը»,- ասաց նա:
Թուրքագետը հավելեց, որ Թուրքիայում ընդդիմությունը պառակտված է եւ չի տարբերվում, թե որն է կեղծ ընդդիմություն, որը՝ ոչ. «Ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանական կուսակցության մեջ կան արեւմտամետ ուժեր, որոնք հանդես են գալիս ինչպես բացահայտ այնպես էլ թաքնված կերպարներով: Եվ այս տեսանկյունից կարող ենք ասել, որ ընդդիմության մեջ Էրդողանի հանդեպ վերաբերմունքը նույնպես ոչ միասնական է, ինչպես Արդարություն եւ զարգացում կուսակցության շրջանակներում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ