2016թ. սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի բազմաթիվ համայնքներում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Խոշորացված Այրում համայնքի մաս կազմող Պտղավան գյուղի 40/5 ընտրական տեղամասում այդ օրը ստորագրել են ընտրացուցակներում ընդգրկված Պտղավան գյուղի մահացած բնակիչ Վասիլի Արամի Ղեւոնդովի անվան դիմաց եւ կատարել քվեարկություն: Սեպտեմբերի 27-ին դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի բաժնում քրեական գործ է հարուցվել:
Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այդ գործով 40/5 ընտրական տեղամասի հանձնաժողովի կին անդամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածով («Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը»):
Սույն քրեական հոդվածով բնութագրվող հանցագործությունը պատժվում է 500-700 հազար դրամի չափով տուգանքով կամ 2-3 տարի ժամկետով ազատազրկմամբ: Առաջիկայում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կկայանա տվյալ գործով դատաքննությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ