Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքականություն, որպես այդպիսին, չկա

Դեկտեմբեր 13,2016 10:11

Ինչպես ցանկացած փոքր երկիր ստիպված է, կոպիտ ասած, «շիթիլվել» այս կամ այն գերտերությանը, մասնավորապես՝ այդ պետության ռազմական պոտենցիալին, այնպես էլ ցանկացած փոքր կուսակցություն միանում է մեծին, առաջին հերթին` դրա փողերին: Բայց կա նաեւ տարբերություն: Երկրների դեպքում այդ ամենը բացահայտ է` հայտնի է, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի հովանավորության ներքո, իսկ, ասենք, Վրաստանը` Միացյալ Նահանգների: (Ի դեպ, համաձայն չեմ մեր «ռուսամետների» եւ «արեւմտամետների» հետ, թե այս առումով մեծ տարբերություն կա): Սակայն կուսակցությունների դեպքում «շիթիլվելը» կարող է լինել թե՛ հրապարակային եւ թե՛ գաղտնի: Իհարկե, ավելի լավ է` բացահայտ լինի, բայց այս իրավիճակը մեկ այլ` համակարգային «խոտանի» դրսեւորում է:

Գործընկերներիցս մեկը` Աղասի Ենոքյանը, իրավացիորեն գրել է, որ հայաստանյան քաղաքականության գլխավոր թերությունն այն է, որ մեզանում գրեթե չկան զուտ քաղաքական ամբիցիաներ ունեցող մարդիկ: Իմ հասկանալով՝ քաղաքական հավակնությունը սեփական գաղափարների, սեփական տեսլականի իրագործմանը ձգտելն է: Փող «կպցնելը»` խորհրդարան անցնելու կամ չանցնելու հեռանկարով, կամ պաշտոնի ձգտելը` փող գռփելու նպատակով, կամ կուսակցություն պահելը` սեփական փողերին տեր կանգնելու կամ սնափառությանը հագուրդ տալու համար, այդ ամենը, բառիս գիտական իմաստով, քաղաքականություն չէ:

Մեծահարուստը գնում է քաղաք, որտեղ բնակչության համարյա կեսը «պաշտոնապես» աղքատ է: Բնականաբար, աղքատները հերթ են կանգնում, հրմշտում են իրար` ողորմություն ստանալու հույսով: Սովորական (իհարկե՝ ոչ ցանկալի) տեսարան է աղքատ երկրի համար: Սակայն արձանագրենք երկու տհաճ պահ: Եթե ցանկություն կա աղքատներին օգնելու, դա, իհարկե, հրաշալի է, բայց ինչի՞ համար է պետք դա անել ցուցադրաբար: Միշտ զարմացել եմ, թե ինչու են հայաստանցի բարեգործները ցանկանում գովազդել իրենց բարեգործությունը: Բիլ Գեյթսը տարեկան մի քանի միլիարդ դոլար է ծախսում բարեգործության վրա, բայց ես երբեք չեմ տեսել, որ նա կանգնի տեսախցիկի առաջ եւ ասի, թե ինքը «ժողովրդի հետ է եւ ժողովրդի կողքին»: Տվյալ նյութի համատեքստում ավելի կարեւոր է հետեւյալ հարցը` իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը քաղաքականության հետ: Պարզ է, որ հենց այդ «բարեգործությունն» է լինելու, այսպես կոչված, «վարկանիշային քվեարկության» հիմքը, որը կապահովի իշխող կուսակցության հաղթանակը, քանի որ հիմնական մեծահարուստները հավաքվել են հենց ՀՀԿ-ում:
Բոլոր երկրներում քաղաքականությունը շաղկապված է փողի հետ: Միայն թե զարգացած պետություններում փողը միջոց է՝ ինչ-ինչ (պարտադիր չէ՝ մաքուր) նպատակների հասնելու համար: Մեզ նման երկրներում փողը նպատակ է: Հենց այդ պատճառով է, որ միտքը, գաղափարը «աքսորվել են» քաղաքականությունից՝ իրենց տեղը զիջելով անգրագետ մարդկանց զոռբայությանը: Մտածող մարդիկ չեն ցանկանում այդ գործընթացների հետ որեւէ առնչություն ունենալ: Դա՛ է ամբողջ ցավը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. henri says:

    Ամբողջութեամբ համամիտ եմ ձեր կատարած դիտողութիւններուն և “ԻՆՉՈՒ” ներուն:
    Ինչու մըն ալ ես աւելցնեմ — ԻՆՉՈՒ ՇԱՆԹ -ը պարբերաբար նողկալի ժապաւէն մը կը հաղորդէ
    /միշտ նոյնը/ ուր սփիւռքահայ զոյգ մը /վստահաբար ԱՄՆ -էն/ դժբախտ ընտանիքի մը որբացած անդամները մեծով-պզտիկով փլատակ խրճիթի մը առջեւը շարած անոնց և մեր արժանապատւութիւնը կը ԳՆԴԱԿԱՀԱՐԷ բանուորական բնակարանի մը բանալին յանձնելով ընտանիքի փոքրագոյն անդամին,,, Ինչպէս երկրի նախագահը կը հանդուրժէ և թոյլ կու տայ նման տեսարաններու գոյութիւնը երկրի մը մէջ ուր օձերու բոյնի մը առատութեամբ օլիկարգներ կը վխտան , թանկարժէք ինքնաշարժներ շարժելու կարելիութիւն չունին խցանումներու պատճառով,խնամուած մօրուքներով եկեղեցական էլիտ մը Քրիստոսի աղքատութեան և Հռոմի Քահանայապետին համեստութեան գովքը կը հիւսեն եկեղեցիներու խորաններէն և շլմորած պետական ղեկավարներ չեն գիտեր թէ ինչպէս ներկայացնեն որ “յանուն խաղաղութեան” ստիպուած պիտի ըլլան տարածքներ զիջել ուշ կամ կանուխ ?????

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    «…Բիլ Գեյթսը տարեկան մի քանի միլիարդ դոլար է ծախսում բարեգործության վրա, բայց ես երբեք չեմ տեսել, որ նա կանգնի տեսախցիկի առաջ եւ ասի, թե ինքը «ժողովրդի հետ է եւ ժողովրդի կողքին»»: Որ ցանկություն ունենաք տեսնելու՝ անպայման կտեսնեք. բարեգործ:
    ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ

  3. Ruben says:

    7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: (ՀՌՉԱԿԱԳԻՐ)
    Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում` ոսկու պաշարների, ալմաստի եւ վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք: : (ՀՌՉԱԿԱԳԻՐ)
    Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: (ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ)
    Հոդված 105. Համայնքի սեփականությունը կառավարելու եւ տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու եւ համայնքի պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասն օրենքով կարող է սահմանվել որպես պարտադիր: (ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ)
    Հոդված 104.1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է:
    Համայնքն իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք եւ գույքային այլ իրավունքներ: : (ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ)
    Հոդված 11.2. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տեղական ինքնակառավարումը: (ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ)

    «Փողը միջոց է նպատակների հասնելու համար:»

  4. Լավատես says:

    Հայոց միացյալ բարբառները կազմում են հայոց լեզուն, Հայոց միացյալ բարբառների կրողները կազմում են հայոց ժողովուրդը, Հայոց միացյալ բարբառների կրողների հողերը կազմում են հայոց հողը, Հայոց միացյալ բարբառների կրողների հողերի վրա գործող պետականությունները կազմում են հայոց պետությունը: Երբ մենք սովորենք գերադասել հարգել ու պաշտպանել բարբառների կրողների ոչ միայն լեզվի, խոհանոցի, տարազի եւ այլ մշակութային արժեքները, այլեւ սովորեցնենք նրանց պետական կառավարման արվեստին ու դրանով դարձնել նրանց իրենց սեփական հողի, ջրի ընդերքի լիիրավ տերը: Եթե մարդ հարյուր լեզու գիտի, բայց մայրենին չգիտի՝ էդ հարյուրը ոչ մի արժեք չունի, եթե մարդ չգիտի սեփական բարբառն ու յուրահատկությունները՝ նրա անհատական արժեքները արժեք չեն: Այնպես որ իրար պետք է օգնենք, որ ամեն մեկս գնա իր բարբառի հողին տեր կանգնի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031