«Բյուջեում փող չկա, որոշ ծախսեր լինելու են ժողովրդի վզին եւ դա չի անվանվելու հարկ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծում պարտադիրի սկզբունքը պահպանվելու է, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Ըստ նրա, պրագմատիկ որոշում է եւ ինքը կասկած էլ չուներ, որ պարտադիր է մնալու. «Դա արված չէ ազգ-բանակ գաղափարի համար: Տեսեք՝ այդ ամենը մի կողմ գնաց, վերջում որպես չոր արդյունք ունեցանք, որ 1000 դրամ պետք է պարտադիր բոլորը տան»:
Հետաքրքրվեցինք՝ եթե ժողովրդի ուժին է դրվում, ժողովուրդը ո՞ւժ ունի այդ բեռը տանելու, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Քանի դեռ կարող են, փորձելու են այդ ամենը անել: Քանի դեռ կարող են այս քաղաքականությունը շարունակելու են: Կտրականապես ոչ մի բան փոխել չեն ցանկանում, ամեն ինչ դիմանալու վրա է: Ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանը, ասում են՝ դիմանանք, աստված մի օր մի դուռ կբացի, մի բան լավ կլինի՝ Թրամփը կգա ռուսների նկատմամբ պատժամիջոցները կհանի, այնտեղ կյանքը լավը կդառնա, այնտեղից շատ փող կփոխանցեն, մենք էլի մեր հարցերն այստեղ կլուծենք»:
Արամ Կարապետյանը նկատեց, որ մինչեւ այսօր որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Հայաստանը հինգ միլիարդից ավել արտաքին պարտք ունի, ոչ մեկ մինչեւ այսօր չգիտի, թե այդ պարտքը ինչպես է գոյացել եւ ինչի վրա է ծախսվել: Նորմալ աուդիտ չի արվել, այսինքն՝ պարտքի ամբողջական բացատրությունը չկա: Եթե այնտեղից 5 միլիարդ դոլար տարել են եւ ոչ մեկ չգիտի, այո՛, բացատրություններ տվել են՝ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, բայց, ընդհանուր առմամբ մի նորմալ աուդիտ, որը կասի, թե ինչ է կատարվել, ուր է գնացել, ինչ ձեւով, չկա: Եթե այն չի պահվել, ապա այստեղ ես թերահավատ եմ, որ քանի համակարգը չի փոխվել, երկրում ինչ-որ բան կփոխվի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ