Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները մինչ օրս չեն վճարել Լեւոն Բարսեղյանի 200 հազար դրամը

Դեկտեմբեր 12,2016 19:20

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հանրային քննարկում էր կազմակերպել «Խոշտանգումներից եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման» մասին:

img_8594 img_8595 img_8596

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը վերջին տարիներին ոստիկանների գործողություններից օրինակներ բերեց՝ հանրահավաքների, տարբեր ակցիաների ժամանակ եւ թե ինչպես են նրանք կոպիտ ուժ գործադրել քաղաքացիների նկատմամբ. «Ամսի 18-ին «Ոչ թալանինի» անդամները Ազատության հրապարակում պատրաստվում էին անցկացնել հանրային քննարկում: Հավաքը սկսվեց խաղաղ:

Այնտեղ եղել են մեր դիտորդներից մի քանիսը, այդ թվում՝ ես: Ոստիկանության ծառայողները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիների, սահմանափակել այն մարդկանց տեղաշարժը, որոնք ցանկանում էին երթով շարժվել: Հավաքը լրիվ խաղաղ էր, ես վաղուց այդպիսի կոպտություն չէի տեսել, ուղղակի ոստիկանները հարձակվեցին եւ սկսեցին մարդկանց ծեծելով, բռնության ենթարկելով բերման ենթարկել»:

Ավետիք Իշխանյանը վարչական դատավարությունից մի ուշագրավ դեպք պատմեց. «2004-ի դեպքերի հետ կապված երկու երիտասարդ Էդգար Խաչատրյանի օգտին թռուցիկներ էին բաժանելուց եղել եւ ոստիկանությունը բերման էր ենթարկել: Դատավարության ժամանակ դատավորը երկու ոստիկանին հարցրեց՝ ի՞նչ էին անում այդ  երիտասարդները, նախապես ոստիկաններին ասաց, որ թռուցիկ բաժանել զանցանք չի: Ոստիկանները նայեցին, ասեցին՝ թռուցիկ էին փակցնում: Դատավորը բարկացավ, ասեց՝ ես ասացի, որ թռուցիկ փակցնելը զանցանք չի, ի՞նչ էին անում: Ոստիկանները նորից պատասխանեցին նույնը՝ թռուցիկ էին փակցնում: Փաստաբանը հարցրեց՝ ի՞նչ արեցիք դուք՝ ոստիկանները պատասխանեցին՝ ասեցինք պոկեք թռուցիկները, մի փակցրու: Արդյունքում՝ դատավորը երկու երիտասարդներին տուգանեց՝ ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար»:

Նա վստահեցրեց, որ որեւէ բան չի փոխվել: Հուլիսյան դեպքերի մասին խոսելիս՝ Ավետիք Իշխանյանն ասաց ,որ բազմաթիվ վկայություններ կան, թե ոնց են մարդկանց առանց որեւէ պատճառի տարել ոստիկանություն, ծեծել, տարել ոստիկանական ակադեմիա, զորամասեր. «Դրանք վատ վերաբերմունք չեն, հենց խոշտանգումներ են»:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ «Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարությունը Ժնեւում պարտություն կրեց քաղհասարակությունից: Մենք դրանից բավարարված չենք եւ չենք կարծում, որ չենք կարող այդ խնդիրները լուծել այստեղ»: Նա մի դեպք պատմեց, թե ինչպես են ՀՀ-ում քաղաքացու իրավունքները «վերականգնվում».

«2011-ի սեպտեմբերի 21-ին իրավապաշտպան Լեւոն Բարսեղյանը փորձում էր իրականացնել խաղաղ հավաք եւ իր անհամաձայնությունը հայտնել ՀՀ անկախության 20-ամյակի շքերթին օտարերկրյա դրոշներ ներկայացնելու համար: Նրան ձերբակալեցին: Մենք դիմեցինք դատարան, որ ճանաչվի նրա իրավունքի խախտումը, 2 տարի հետո դատարանը հաստատեց, որ խախտվել է իրավունքը, փորձեցինք հասնել արդարացի հատուցման, դատարանը որոշեց, որ ոստիկանությունը պետք է հատուցի Լեւոն Բարսեղյանին 200 հազար դրամ եւ 300 հազար դրամ՝ որպես կրած նյութական վնաս: Սակայն դատական ակտը դեռ ուժի մեջ չի մտել: 2011-ին տեղի ունեցած իրավունքի խախտումը դեռ վերականգնված չէ: Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031