«Այդ ե՞րբ է պատահել, Արարատյան դաշտում հողերի մի մասը չմշակվի: Բայց այսօր Արարատի ճանապարհին շատ գյուղացիների հողեր անմշակ են, քանի որ հողն այլեւս բերք չի տալիս: Բուժում են, բայց արդյունք չկա»,-այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը` «Էկոլոգիական քաղաքականության բարելավման եւ կանաչ տնտեսության զարգացման խնդիրները հանքային եւ ջրային ռեսուրսների շահագործման ոլորտում» թեմայով աշխատաժողովի ժամանակ:
Պարոն Գրիգորյանի խոսքերով, կենցաղային քիմիան, ամենուրեք թափված աղբը, որ ջրի հետ գալիս` հասնում են գյուղացիների արտերը, հողի վրա բացասական ազդեցություն են ունենում:
Մարատ Գրիգորյանի հետ այնքան էլ համամիտ չէր գյուղնախարարության Հողերի օգտագործման եւ մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի պետ Սամվել Սահակյանը. «Տպավորություն է, որ Աֆրիկայի գյուղացիների մասին է խոսքը, մեր գյուղացիները շատ լավ էլ գիտեն, հողը ոնց մշակեն, պարարտացնեն, որ բերք ստանան»:
Սամվել Սահակյանի խոսքի շարունակությունը` տեսանյութում
Կարդացեք նաև
Մարատ Գրիգորյանն ասաց, որ ինքը մեծ հողատարածքներ ունի եւ անձամբ է հողը մշակում եւ հենց Արարատյան դաշտում. «Եթե թողնենք գյուղացու ինքնազարգացվածության վրա, մենք շատ հեռու չենք գնա, պետք է լինի գիտական մոտեցում, ամենաբերրի համայնքների հողերի 25-30 տոկոսն ընդհանրապես չեն մշակվում հենց միայն գյուղացուն չօգնելու պատճառով, քանի որ մշակում-մշակում, ոչինչ չի ստանում»:
Միջոցառումը կազմակերպվել էր բնապահպանության նախարարության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵՊՀ-ում գործող Կայուն զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ, որին մասնակցում էին նաեւ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողներ, բնապահպանական եւ այլ ուղղվածությամբ հ/կ-ների ներկայացուցիչներ:
Բնապահպաններից մեկը պարոն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե կանաչ տնտեսությունը զարգացնելու համար իրենց ուսանողներին ի՞նչ են սովորեցնում:
Ֆակուլտետի դեկանն ասաց, որ անգամ սողանքների դեմ պայքարի ծրագիր են ներկայացրել պետական կառույցներին, որոնք հավանություն են տվել, բայց ասել` գումար չկա:
Մարատ Գրիգորյանի խոսքերով, այսօր հանրապետության մի շարք տարածքներ` անխնա հանքարդյունաբերության, ծառահատումների եւ բնության հետ ոչ ճիշտ վարվելու հետեւանքով սողանքային գոտիների են վերածվել, սակայն որեւէ մեկի չի մտահոգում, մինչդեռ այն լուրջ աղետ է երկրի տնտեսության համար. «Դիլիջանում հսկայական ներդրումներ են արվում, բայց դրանք վտանգված են սողանքների հետեւանքով»:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ