Երբ խոսք է գնում հայկական այս կամ այն արտադրանքը արտահանելու մասին,
կառավարության պատասխանատուները հաճախ շեշտում են, որ գործարարները որակյալ
ու դրսի շուկայի համար մրցունակ ապրանք չեն արտադրում:
15 տարուց ավելի է Սիրակ Բադալյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում կտավատի ձեթի արտադրություն ունի: Գործարարը գիտի, ինչպես ավելի որակյալ ու մրցունակ արտադրանք թողարկի, ինչ չափանիշներով աշխատի, որպեսզի թե’ եվրոպական եւ թե’ մնացած շուկաներում արտադրանքը պահանջարկ ունենա, սակայն չգիտի, թե որտեղի՞ց մի քանի միլիոն գումար գտնի, որպեսզի իր արտադրամասի սարքավորումները նորացնի, ժամանակի պահանջներին համապատասխանեցնի:
Նա կտավատի ձեթի իր նմուշն անգամ Գերմանիա է ուղարկել, որտեղից պատասխանել են, որ ցանկանում են հայ արտադրողի հետ համագործակցել, բայց գործարարն ուզում է ավելի որակյալ ապրանք արտահանել, ինչի համար ժամանակակից տեխնոլոգիաներ են անհրաժեշտ: Հենց դրանց բացակայության պատճառով է, որ, տարիներ ի վեր, գործարարը չի կարողացել բիզնեսն ընդլայնել:
«Վարկերը բարձր տոկոսադրույքներով են, հետն էլ պարտադիր գրավ են ուզում»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Սիրակ Բադալյանը: Նոր կառավարության հետ գործարարի մոտ նոր հույսեր են արթնացել: Նրա խոսքերով, 10-15 օր առաջ իր եւ մարզի մյուս գործարարների հետ մարզպետարանում հանդիպում են կազմակերպել, որին ներկա է եղել նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը գործարարներին հարցուփորձ է արել` թե ինչ խնդիրներ ունեն եւ ինչով կարող են աջակցել, որպեսզի բիզնեսը ոտքի կանգնի:
Գործարարը մանրամասն ներկայացրել է բիզնեսի ընդլայնման իր ծրագիրը, ասել, որ արդյունավետությունը բարձրացնելու համար նոր տեխնոլոգիաներ են անհրաժեշտ: Նրա խոսքերով, եթե հին սարքավորումներով 3,5-4 կիլոգրամից է դուրս գալիս մեկ լիտր ձեթ, նորագույն տեխնիկայով 2,5-ից 3 կիլոգրամ կտավատից մեկ լիտր ձեթ կարելի է ստանալ: Ըստ նրա, «ժողովրդին մաքուր ու որակյալ ապրանք մատակարարելու համար» ստերլիզարտորը նույնպես կարեւոր է:
Եթե գործերը լավանան, Սիրակ Բադալյանը ամեն տարվա 5-10 հեկտարի փոխարեն 20 հեկտարից ավելի կտավատի ցանքատարածություն կմշակի: Համագյուղացիների հետ էլ պայմանագիր կկնքի ու նրանցից էլ կտավատ կմթերի, ինչը կնշանակի գյուղացիների պարապուրդի մատնված հողերն էլ կմշակվեն:
«Գյուղացիները հողատարածքներ ունեն, որոնք չեն մշակում, ցորենի համար անպիտան են, սակայն կտավատի համար արդյունավետ են: Կստացվի, որ նրանք էլ այդ հողերը կմշակեն եւ եկամուտ կստանան»,-բիզնես-պլանը մանրամասնում է Վարդենիկի գործարարը: Նա վստահ է, որ, եթե իր ուզած սարքավորումները կարողանա ներդնել, հայկական կտավատի ձեթը արտերկրի շուկաներում ամենամրցունակը կլինի. «Ուկրաինայում Կրասնոդարում էլ կտավատ ցանում են, Գերմանիայում նույնպես կա, բայց իմ սարքավորումներով արտադրած ձեթը Գերմանիայում հավանության է արժանացել եւ լաբորատոր փորձաքննության ենթարկելուց հետո պատվեր են տվել, բայց ես ուզում եմ տեխնիկան նորացնեմ, նոր Գերմանիայի հետ պայմանագիր կապեմ: Մերի առավելությունն այն է, որ ցանքատարածությունները գրեթե 2000 մետր բարձրության վրա են, համարյա թե Ալպիական է դառնում, եւ քանի որ պարարտանյութ էլ չենք օգտագործում, ձեթը շատ ավելի օգտակար եւ մաքուր է դառնում»:
Գործարարը հաշվել ու պարզել է, որ նախարարին ներկայացրած ծրագրի ընդհանուր նախահաշիվը մոտ 30 միլիոն դրամ է կազմում: Հիմի սպասում է պատասխանի, կառավարությունը դեռ պետք է ուսումնասիրի եւ, եթե հավանություն տա, ապա, գործարարին տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկ կտան` անհրաժեշտ սարքավորումները գնելու: Սպասում է:
Ներկայումս արտադրամասում երկու աշխատող կա, սակայն ընդլայնվելու դեպքում 4-6 աշխատող կավելանա, ամեն տարի էլ եւս երկու աշխատատեղ կբացի: Գործարարը համոզված է` եթե վարկը լինի, մեր երկրի դեղատների պահանջարկն էլ կբավարարի, քանի որ արդեն քաղաքակիրթ եղանակով շշալցված ու պիտակավորված ապրանք կմատակարարի:
Ծովագյուղցի գործարար Վահրամ Գեւորգյանն էլ «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման» (ENPARD) ծրագրի օգնությամբ հաշվել եւ պարզել է, որ Հայաստանում տարվա կտրվածքով 9 հազար տոննա հնդկաձավարի (գրեչկա) պահանջարկ կա, սակայն այս պահին այս ապրանքատեսակի գրեթե 90 տոկոսը ներկրում ենք: Այն դեպքում, երբ հնդկաձավարի արտադրությունը զարգացնելու դեպքում, մի բան էլ Հայաստանը կարող է արտահանել:
Վահրամ Գեւորգյանը միջազգային կազմակերպության աջակցությամբ, սարքավորումներ է ձեռք բերել, 550 հեկտար հնդկաձավար է ցանել, 150 հազար դոլարի էլ ներդրում արել` շենք շինությունները կառուցելու համար:
Նրա արտադրած հայկական հնդկաձավարը մի քանի ամսից շուկայում կլինի: Ներքին շուկայի պահանջարկը բավարարելու համար ծովագյուղցի գործարարը պետք է 10 հազար տոննա հնդկաձավար արտադրի, որից մեկ տոննան` սերմացուի համար: Դրա համար անհրաժեշտ կլինի 6 հազար հեկտար ցանքատարածություն: Գործարարը մտադիր է հարեւան գյուղերից էլ հողեր վարձակալել եւ այլ գյուղացիների հետ պայմանագիր կապել` հնդկաձավարի բերքը նրանցից գնելու: Պարոն Գեւորգյանը վստահեցնում է, որ, ցորենի եւ գարու համեմատությամբ, հնդկաձավար ցանելն ավելի ձեռնտու է եւ հօգուտ գյուղացու, գրեթե կրկնակի տարբերություն է տալիս:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Գեւորգյանն ասաց, որ նախարար Լոքյանն իր արտադրամասում էլ է եղել, ծանոթացել հնդկաձավարի որակին ու խնդիրներին: Վահրամ Գեւորգյանը նախարարի եւ մարզպետի մոտ պարարտանյութի հարցն է բարձրացրել` նշելով, որ այդ կուլտուրայի համար նախատեսված պարարտանյութ Հայաստան չի ներկրվում: Առաջին ցանքի ժամանակ գործարարին պարարտանյութ կրկին միջազգային ծրագրով է հատկացվել, որից հետո, սակայն, գործարարն ինքը պետք է լուծի այդ հարցը:
«Մինչ այժմ պարարտանյութի այդ տեսակը հանրապետություն չի ներկրվել, քանի որ դրա կարիքը չի եղել: Բայց, քանի որ հիմա կարիքը կա, մարզպետի մոտ այդ խնդիրը բարձրացրել ենք, մարզպետն էլ քննարկել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի հետ, նա էլ` վարչապետին է ասել, որն էլ գյուղնախարարին հանձնարարել է, որ այս տարի պարարտանյութի այդ տեսակը ներմուծեն: Բացի այդ խնդրել ենք սուբսիդիա անեն, որ էժան լինի ձեռնտու լինի, քանի որ թանկանոց պարարտանյութ է»,-ասում է Վահրամ Գեւորգյանը: Նա համոզված է, որ, եթե գործարանն իր ողջ հնարավորությամբ աշխատի, 20 աշխատատեղ կունենան, առայժմ այս արտադրամասում 10 մարդ է աշխատում:
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ պարոն Լոքյանը հայտնեց, որ վարչապետի հանձնարարությամբ մարզեր այցելության արդյունքում իրենց նախարարությունը 24 ներդրումային ծրագրեր է ստացել: Երեկ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից տեղեկացանք, որ մարզի գործարարներից այսօր էլ են առաջարկություններ գալիս, որոնք ամփոփման փուլում են:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
10.12.2016