Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մտորումներ բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ

Դեկտեմբեր 12,2016 12:30

Բաց նամակ արդարադատության եւ ԿԳ նախարարներին

Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ՀՀ օրենքի փոխարեն մշակվել է մի նոր նախագիծ` Բարձրագույն կրթության մասին: Այդ օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասում բակալավրի կրթական ծրագրում պարտադիր են «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները, մինչդեռ գործող օրենքում կա նաեւ «Հայ գրականություն» առարկան, որը, չգիտես ինչու, նախագծով հանվել է: Հայեցի կրթություն ապահովելու նպատակով առաջարկում ենք ավելացնել այն: Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասով բուհերում դասավանդման լեզուն գրական հայերենն է, սակայն այդ հոդվածի 5-րդ մասը հակասում է նույն հոդվածի 4-րդ մասին, նաեւ Լեզվի մասին ՀՀ օրենքին: Ըստ նախագծի՝ այլ լեզուներով կրթության կազմակերպումը հնարավոր է, եթե «կրթական ծրագրի բովանդակությունը կապված է այլ լեզվի հետ», իսկ դա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին. «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է»: Այս հակասությունն առկա է նաեւ նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում:

Ըստ նախագծի 29-րդ հոդվածի 12-րդ մասի` 70 տարին լրացած անձը գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին չի կարող մասնակցել, եւ ռեկտորը կարող է նրա հետ կնքել մինչեւ 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Այս դրույթը նսեմացուցիչ է գիտնական մարդու համար: Հայտարարվում է գիտամանկավարժական թափուր պաշտոնի բաց մրցույթ, եւ արգելվում է գիտնականին մասնակցելու: Սա անհեթեթություն է, վիրավորանք` հասցեագրված 70 տարեկան արդեն կայացած գիտնականին: Գիտնականը մտավոր աշխատող է, այդ ո՞վ է որոշել, որ 70 տարեկան մարդու միտքն այլեւս չի աշխատում: Ավելին` Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով գիտնականն իրավունք ունի. «է) մասնակցել գիտական եւ գիտատեխնիկական աշխատողների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներին», նաեւ` «ժ) զբաղվել մանկավարժական գործունեությամբ»:
Պարզ է, որ օրենքի նախագծում 70 տարեկան գիտնականին թափուր մրցույթի մասնակցելու արգելքը հակասում է Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի է եւ ժ կետերին:

Ուստի նախագծի 29-րդ հոդվածի 12-րդ մասի 3-րդ պարբերությունն ամբողջությամբ առաջարկում ենք հանել: Օրենքի նախագծից մի հարց է ծնվում, իսկ ո՞ւր են գիտության դոկտորները, նախագծում նրանց մասին ոչ մի հիշատակություն չկա, մի՞թե բուհական համակարգում աշխատող դոկտորներին օրենքից դուրս եք հայտարարում: Տպավորությունն այն է, որ գիտության դոկտորին հավասարեցնում են նորաթուխ թեկնածուներին` մասնագիտության դոկտորներին: Բաց աչքերով նայեք մեր իրականությանը. ով ասես դառնում է գիտության թեկնածու, եւ նրանց ու գիտության վաստակաշատ դոկտորների միջեւ դրվում է հավասարության նշան: Սա արհամարհանք է գիտության ու գիտնական մարդու հանդեպ: Մյուս կողմից` նախագիծը այդ առումով հակասում է Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասին, որում սահմանված է. «Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են գիտության դոկտորի եւ գիտության թեկնածուի գիտական աստիճաններ, պրոֆեսորի եւ դոցենտի գիտական կոչումներ»:

Համաձայն Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3 մասի՝ «Միեւնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված եւ ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին»: Այնպես որ` սույն նախագծում մասնագիտության դոկտոր /գիտության թեկնածուի/ հիշատակումը հակասում է Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասին, ուստի նաեւ Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասին: Հետեւաբար, որպես գործող օրենքին հակասող նորմ, այն ընդունվել չի կարող: Ըստ նախագծի` ռեկտոր կարող է լինել գիտական աստիճան, բուհում դասավանդման փորձ եւ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ ունեցող յուրաքանչյուր ոք: Պարզ է, գիտնականին ու գիտությանը վիրավորելու լավագույն ճանապարհներից մեկն էլ սա է, մենեջերի անվան տակ որեւէ ուժի կողմից հովանավորվող մեկը կարող է ղեկավարել վաստակաշատ գիտության դոկտորներին ու պրոֆեսորներին, որոնց տասնյակ տարիների գիտական վաստակը օրենքի մի նախագծով փորձում են դարձնել առոչինչ:

Ամեն ինչ արվում է իբր մեր կրթական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, մինչդեռ անտեսում են այն իրողությունը, որ եվրոպական բուհերի, ասենք` Ավստրիայի Գրացի համալսարանի բյուջեի 80 տոկոսը տալիս է պետությունը, իսկ 20 տոկոսը ձեւավորվում է այլ միջոցներից, իսկ մեզանում ճիշտ հակառակն է: Երբ ամեն ինչ փորձում են համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, այդ դեպքում ինչո՞ւ գիտնականի աշխատավարձն էլ չեն փորձում գոնե մոտեցնել եվրոպականին, մինչդեռ օրենքով գիտության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը «գիտության հասարակական վարկի բարձրացումը, գիտական եւ գիտատեխնիկական կադրերի բարեկեցության, նրանց սոցիալական, տնտեսական եւ իրավական պաշտպանվածության ապահովում»-ն է, որը փորձում են խախտել պետական մակարդակով: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ գիտության դեմ սկսված, բարեփոխումների անվան տակ իրականացվող ազգային դավաճանություն` ընդդեմ գիտության: Պարզ է, որ իրավական մեր գնահատականները վերջնական չեն եւ կարիք ունեն մասնագիտական պարզաբանման, ուստի իրավական հարթության մեջ եղած հարցադրումների պատասխաններն ակնկալում ենք արդարադատության նախարարից` բարոյական գնահատականը թողնելով եկող սերունդներին:

 


ՎԱՆՈ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
բանասիրական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ»

10.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031