Հայկական խոհանոցը հայ ազգային մշակույթի մի մասն է, իսկ նրա մոռացված էջերի արդիականացումը համայնքային կառույցների գործունեության նպատակներից մեկը:
2016 թվականի դեկտեմբերի 11-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բաակում, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագից հետո, հավատացյալները մասնակցեցին հայ ազգային ճաշատեսակ ղափամայի տոնին: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ կազմակերպված ղափամայի տոնը նպատակամղված էր թբիլիսահայության շրջանում արդիականացնել և ժողովրդականացել ազգային այս ճաշատեսակը:
Եկեղեցու բակում իրար կողքի շարված սեղաններին տեղ էին գտել տարբեր կանանց ձեռքերով պատրաստված արքայական դդմիկներով ղափաման, նաև շոգեխաշած ու խորոված դդումները, տարբեր ուտեստներ, տաք թեյը դդմի մուրաբաներով ու ջեմով, հալվայով ու մեղրով:
Ողջունելով ներկաներին, Վրաստանի հայ կանանց Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը արժևորեց հայկական ազգային կերակրատեսակները ժողովրդականացնելու և դրանց հետ կապված ավանդույթները սերունդներին փոխանցելու առաքելությունը, որ սիրով կատարում են համայնքային այս կառույցը և եկեղեցասեր կանանց միությունները: Բանախոսը նշեց, որ այս համով – հոտով ուտեստը դարեր շարունակ հայերը պատրաստել են ամանորյա և Սուրբծննդյան տոներին և եղել է ուրախ սեղանների զարդը:
Կարդացեք նաև
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, արժևորելով եկեղեցական տոները ազգային խոհանոցի հետ կապելու թբիլիսահայ համայնքում հաստատված ավանդույթը, անդրադարձ կատարեց Սուրբ ծննդյան տոնին գաթայի, բարեկենդանին հարիսայի , ամռանը՝ տոլմայի փառատոները: Սրբազան հայրը ղափամայի տոնը կապեց Աուրբ Նիկողայոս հայրապետի տոնի հետ և հույս հայտնեց, որ այս տոնը նույնպես կդառնա ավանդական թբիլիսահայ հասարակության շրջանում: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց տիկնանց միության գործունեությունը ազգային ավանդույթները պահպանելու, սերունդներին փոխանցելու և այդ շնչով դաստիարակելու ուղղությամբ:
Վրաստանի խորհրդարանի անդամ Դավիթ Ճիճինաձեն, շնորհավորելով ներկաներին տոնի առիթով, առանձնահատուկ ընդգծեց ազգային ավանդույթների շուրջ համայնքի համախմբվածությունը, որը այս ավանդապահ և հյուրընկալ քաղաքի կարևոր բնութագրիչներից մեկն է:
Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի կողմից օրհնվեցին դդմի տարբեր տարատեսակներով սեղանները:
Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային խմբի, դուդուկի և դհոլի խմբերի ուրախ պարի ու երաժշտության և մենակատարներ Ռուզաննա Միքայելյանցի և Անի Թորոսյանի կատարմամբ «Ղափամա» երգի ուղեկցությամբ, տեղի ունեցավ ղափամայով և թեյով ներկաների հյուրասիրություն:
Վիրահայոց թեմի մամուլի հաղորդագրություն