Ստամբուլում տեղի ունեցած պայթյունները Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքն են:
Հիշեցնենք, որ Ստամբուլի կենտրոնում գտնվող Բեշիկթաշ ֆուտբոլային ակումբի մոտ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է 29 մարդ, 166-ը մարմնական վնասվածքներ ու վիրավորում է ստացել:
Aravot.am-ի հետ զրույցում թուրքագետ, «Եփրատ» կենտրոնի նախագահ Գևորգ Պետրոսյանը նշեց, թե կատարվածը վկայում է այն մասին, որ Թուրքիայում խնդիր կա Էրդողանի և նրա մերձավոր շրջապատի քաղաքականության հետ կապված, ինչն էլ հանգեցնում է նման հետևանքների:
Ըստ թուրքագետի` սա վերջին երկու տարիների և ավելի լայն առումով թուրքական իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է: Գևորգ Պետրոսյանն այս առիթով նշեց. «Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությունը հանգեցնում է նաև անվտանգության խնդիրների, կատարվածը ոչ միայն ԻՊ-ի հետ է կապված, այլև քրդական խնդրի: Նման միջադեպեր ծնում է Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականությունը»:
Կարդացեք նաև
Հարցին` ապակայունացման այսպիսի դեպքերը վտանգավոր չե՞ն տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, թուրքագետը պատասխանեց. «Սա ավելի շատ ներթուրքական խնդիր է»:
Հարցին, թե հայկական որոշ շրջանակներ կարծես խանդավառվում են Թուրքիայում կատարվածով, արդյոք դա ընդունելի՞ մոտեցում է, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Նման մոտեցումները չեմ ընդունում նաև այն պատճառով, քանի որ գիտակցում եմ, որ սա պոտենցիալ վտանգ է նաև մեր հայերանկիցների համար: Ստամբուլում ապրում է 50-60 հազար հայ, որ Թուրքիայի քաղաքացի է և տասնյակ հազարավոր հայեր, որոնք այնտեղ բնակություն են հաստատել: Կատարվածն ավելի լայն շրջանակով դիտարկելու դեպքում հասկանալի է դառնում, որ եռացող, պայթյունավտանգ հարևանը մեզ նման տարածաշրջանի համար ամենալավ սցենարը չէ»:
Թուրքագետը շեշտեց, որ Թուրքիայում անկայունությունը, անկանխատեսելիությունը լավագույն սցենարը չէ հարևան երկրների համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ