Ֆիզիոթերապիայի վերականգնողական կենտրոնում Փայլակը բուժման կուրս էր անցնում` ավտովթարի հետևանքով ձախ ոտքի կոտրվածքի ապաքինումից հետո: Բուժումից ազատ ժամերին գնում էր հանգստասրահ ու ներկա գտնվում այնտեղ կատարվող իրադարձություններին:
Բուժական կենտրոնի այդ ժամանակվա տնօրենը շատ էր սիրում շախմատ խաղալ և հաճախ էր գալիս ընդարձակ հանգստասրահ և մի քանի պարտիա շախմատ խաղում այստեղ բուժվող շախմատի վարպետության թեկնածու Վարուժանի հետ:
Վարուժանը բավական լավ շախմատ էր խաղում և գրեթե միշտ հաղթում էր տնօրենին, բայց որպեսզի նա շատ չհուսալքվի և չդադարեցնի հանդիպումները, մեկ-մեկ էլ, խորամանկորեն ոչ-ոքի էր ավարտում խաղը:
Փայլակն էլ, քանի որ շախմատ խաղալ գիտեր և մանկուց շատ էր սիրում շախմատը, կանգնում էր նրանց սեղանի մոտ, հետևում ընթացող մրցամարտին ու որոշ դեպքերում էլ լավագույն քայլեր էր բարձրաձայն հուշում տնօրենին:
Դե, կողքից ավելի լավ է երևում հաջող քայլը, քան այն ժամանակ, երբ դու ես նստած հակառակորդի դեմ հանդիման ու բավականին լարված ես լինում:
Գուցե Փայլակի միջամտությունից Վարուժանը այնքան էլ չէր նեղվում ու դրա համար էլ ոչ մի խոսք չէր ասում, բայց մի օր էլ, երբ տնօրենը զբաղվածության պատճառով հանգստասրահ չէր եկել, Վարուժանը տեսնելով Փայլակին՝ առաջարկեց նրա հետ շախմատ խաղալ:
Փայլակը դեռ մանկուց սովորել էր շախմատ խաղալ ոչ թե դասական կանոններով, այլ հենց այնպես, սիրողական եղանակով: Նույնիսկ մեկ անգամ էլ մասնակցել էր իրենց շրջանի շախմատի առաջնությանը և գրավել պատվավոր երկրորդ տեղը, նույնիսկ քիչ էր մնացել առաջին տեղը գրավեր, եթե չգերագնահատեր իր առավելությունը և կոպիտ սխալ թույլ չտար պարտիայի միջնամասում, երբ արդեն շահած ֆիգուր ուներ:
Նա չգիտեր սկզբնախաղերի դասական տարբերակները, հակառակորդի առաջին քայլին ճիշտ քայլով պատասխանելը, զանազան տարբերակներ հաշվարկելը, վերջնախաղերում հարկավոր մարտավարություն բանեցնելը, նա ուղղակի խաղում էր այսպես ասած կռահումով (ինտուիցիա), ինչպես որ հարմար էր գտնում այդ պահին, իսկ Վարուժանը բավականին դասընթացներ անցած, մրցաշարերի մասնակցած, տեսական և գործնական գիտելիքներ կուտակած, նույնիսկ վարպետության թեկնածուի տիտղոսին արժանացած, զանազան մրցույթներում մրցանակային տեղեր գրաված, շախմատասեր հասարակությանը հայտնի անձ էր: Ու հիմա, նա Փայլակին առաջարկում էր հանդիպել շախմատի տախտակի շուրջ:
Նրա առաջարկությանը Փայլակը միտումնավոր քամահարանքով մոտեցավ, մտածելով, որ նա արտաքնապես չի ցուցադրում իր վրդովմունքը, երբ ինքը տնօրենին լավագույն քայլեր է հուշում, բայց հիմա ցանկանում է դրա համար յուրօրինակ վրեժ լուծել իրենից և ասաց.
-Դու բավականին թույլ ես խաղում, ես կողքից դիտելով քո խաղը, կգերադասեի քեզ հետ չմրցել:
Երևի Փայլակի հոգեբանական «դեմարշը» Վարուժանին հանկարծակիի բերեց և նա մտածելով, որ հակառակորդը իրականում էլ բավականին ուժեղ խաղացող է, այդ օրն այլևս չպնդեց իր առաջարկը:
Բայց դրանից հետո Վարուժանը էլի մի քանի անգամ Փայլակին առաջարկեց հանդիպել շախմատի տախտակի առջև, բայց վերջինս խորամանկորեն խույս էր տալիս նրա հետապնդումներից ու միշտ շեշտում, որ նա բավականին թույլ է խաղում և չարժե, որ ինքը իր բարձրությունից ցած իջնի ու խաղա այդպիսի թույլիկի հետ, ինչպիսին Վարուժանն էր:
Սակայն, Փայլակի արհամարհական մոտեցումը և մերժումը Վարուժանի հետ հանդիպելու առաջարկներին օրեցօր ավելի էր գրգռում ու խոցում նրա ինքնասիրությունը և ինքը կարծես հոգեբանական ճնշման սուբյեկտ էր դառնում :
Արդեն մոտեցել էր Փայլակի վերականգնողական բուժման գործընթացների ավարտական փուլը և առողջապահական կենտրոնից դուրս գրվելու ժամանակը ու նա որոշեց, որ Վարուժանի հաջորդ առաջարկի դեպքում անպայման կհամաձայնի խաղալ նրա հետ, քանի որ զգում էր, որ հոգեբանական ճնշումը իր գագաթնակետին է հասել և ինքն էլ կորցնելու բան չունի:
Ու նրանք հայտնվեցին շախմատի խաղատախտակի առջև դեմառդեմ: Փայլակը լավ էր հասկանում իր շախմատային գիտելիքների չափը և հաղթելու կամ ոչ-ոքի խաղալու նվազագույն հնարավորությունները, բայց Վարուժանի՝ առավելագույն շանսերը՝ նույնպես: Փայլակը ապավինել էր այն երկարատև հոգեբանական ճնշման դրական ազդեցությանը, ինչպես նաև իրեն չլքող հույսը, որ պետք է խորամանկորեն, թաքնված կերպով, հարվածի տակ պահեր Վարուժանի անպաշտպան խաղաքարերից մեկը և եթե հաջողվեր մի խաղաքար ավել շահել, այդ դեպքում իր հաղթանակը երևի ապահոված կլիներ: Հենց առաջին քայլերից սկսած, նա զգուշորեն հետևում էր հակառակորդի ամեն մի քայլին և ամեն անգամ տեսնելով, որ այնքան էլ վտանգավոր հարձակումներ չկան, շարունակում էր իր մարտավարությունը:
Եվ ահա եկավ մի պահ, երբ Վարուժանը, գուցե լարվածության կամ ինքնավստահության հետևանքով, չնկատեց Փայլակի նախապես կատարած խորամանկ քայլ-ծուղակը, երբ նրա հերթական քայլից հետո Փայլակը ոգևորված հարվածեց հակառակորդի անպաշտպան թողնված նավակին:
Դե, հիմա պատկերացրեք Վարուժանի հոգեկան և ֆիզիկական վիճակը, որը արդեն պետք է խաղար մեկ նավակով պակաս խաղաքարով: Մնացածը, ինչպես ասում են՝ տեխնիկայի գործ էր: Փայլակը զգուշորեն քայլ առ քայլ ուժեղացնելով ճնշումը հակառակորդի արքայի վրա՝ հասավ բաղձալի հաղթանակին:
Վարուժանը լուռ ընդունեց պարտությունը և սկսեց շարել խաղաքարերը, որ սկսեն երկրորդ մրցամարտը, բայց Փայլակը, իր վիճակից գոհ, դաժան կերպով, հաղթականորեն նետեց.
-Էլ չեմ խաղում, ասացի չէ, որ թույլ ես խաղում, իսկ դու համառում էիր:
-Արի տասը պարտիա խաղանք և ես խոստանում եմ, որ ոչ մի պարտիա դու այլևս չես շահի կամ ոչ-ոքի չես անի,-աքլորացավ Վարուժանը:
Փայլակը, իհարկե, լավ հասկանալով, որ դժվար թե երկրորդ անգամ շանս ունենար նույնիսկ ոչ-ոքի խաղալու, հոխորտաց.
-Տեսանք, թե ինչով վերջացավ մեր առաջին պարտիան, որ ասում էի թույլ ես խաղում, չէիր հավատում, Փայլակին հաղթողը դեռ մորից չի ծնվել:
Այս ասելով, Փայլակը կտրուկ վեր կացավ խաղասեղանի առջևից և դանդաղորեն հեռացավ դեպի իր հիվանդասենյակը, իսկ Վարուժանը, անակնկալից շշմած՝ դեռ երկար նստել ու զարմանում էր, թե այդ ինչպես պատահեց, որ ինքը չնկատեց նավակի կորուստը:
Անցել են տարիներ, բայց ամեն անգամ այս միջադեպը հիշելիս, Փայլակը իրեն չի ներում այդ դաժան վարվեցողության համար:
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ