Լրահոս
Օրվա լրահոսը

Պատկերասրահ-պոլիկլինիկա Գյումրու պատմական կենտրոնում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 11,2016 20:12

Գյումրի քաղաքի պատմական կենտրոնում գտնվող «Բեռլին» պոլիկլինիկայում այսուհետ կգործի պատկերասրահ, պոլիկլինիկա այցելող բնակիչները բժիշկներին սպասելու ընթացքում միջանցքում հնարավորություն կունենան դիտելու արվեստի գործեր։ Պոլիկլինիկայի հիմնադրման 23-ամյակը նշելիս, նորանշանակ տնօրեն Հովհաննես Հարությունյանը բուժհաստատությունում պատկերասրահ ունենալու անհրաժեշտությունը մեկնաբանեց այսպես․«Մեր քաղաքի ժողովրդի հոգեբանական վիճակը բարձրացնելու համար որոշեցինք մեր պոլիկլինիկան վերածել նաև պատկերասրահի։ Այն նպատակ ունի կատարել հոգեթերապիա, որը առողջապահության պահպանման առաջնային օղակում կարևոր մասերից մեկն է, մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի հասնենք նրան, որ Գյումրիում չունենանք հոգեպես ճնշված մարդիկ»։

 

Պատահական չէ, որ հետերկրաշարժյան ծանր տարիներին գերմանացիների նվիրած պոլիկլինիկայի հիմնադրման 23-ամյակ նշելիս, բժշկական աշխարհի ներկայացուցիչներից, գերմանացի դիվանագետներից ու մարզի պաշտոնյաներից բացի մասնակցում էին քաղաքի արվեստագետները։ Նկատենք, որ պոլիկլինիկայի դիմաց գործող «Բեռլին» արվեստի հյուրանոցը ևս առանձնանում է իր պատկերասրահով, յուրաքանչյուր սենյակում կան հայկական արվեստի յուրօրինակ գործեր։Այստեղ նաև հանդիպումներ ու մշակութային ինքնատիպ միջոցառումներ են կազմակերպվում։

Երկրաշարժից հետո ավերակների վերածված Գյումրիում պոլիկլինիկա հիմնելու գաղափարներից մեկը պատկանում է Բեռլինի «Կարմիր Խաչի» արտասահմանյան համագործակցության  բաժնի ղեկավար Ռայներ Օտտոյին։ Նա հիշեց, թե ինչքան ծանր տարիներ էին Գյումրիում․նույնիսկ չկար էլեկտրաէներգիա։ «Ես հիշում եմ այս 23 տարիների ընթացքում ինչ դրական զարգացումներ են տեղի ունեցել, հատկապես մեր պոլիկլինիկայում։ Մի խոսք եմ ուզում առողջապահության մասին, առողջապահությունը շատ ավելի մեծ բան է նշանակում,քան հիվանդությունների բացակայությունը,դա վերաբերում է նաև առողջ մարդկային հարաբերություններին, և, իհարկե, կարևոր է բարվոք  տնտեսական հիմքը։Այս բոլոր գործոններն ազդում են առողջության վրա»,- ասաց Ռայներ Օտտոն։

Նշենք, որ թե՛ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, թե՛ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Ռայներ Օտտոյին պարգևատրեցին 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո  Գյումրիում ցուցաբերած առողջապահական, մարդասիրական աջակցություն համար ու Հայաստանում ակտիվ գործունեության 28-ամյակի կապակցությամբ։

Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։ Դեսպանը նշեց, որ սա ամենաերկար ծրագրերից մեկն է, որ գործում է Հայաստանում ու մեծ հաջողություն է, երբ գերմանական ու հայկական կողմն աշխատում են անսպառ ոգևորությամբ։

Հավելենք նաև, որ «Բեռլին» պոլիկլինիկային հիմնադրման 23-ամյակի առիթով բավական թանկ նվեր արեց Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ Նարեկ Վանեսյանը։Նա պոլիկլինիկային նվիրեց 2 միլիոն դրամանոց ակնաբուժական ռեֆրակտոմետր՝ տեսողությունը, աչքերի հիվանդությունները հայտնաբերող ժամանակակից սարք, որը համակարգչի ու մանրադիտակի համադրմամբ կարողանում է նկարել աչքի հատակը և քիչ վնասմամբ հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են՝ միոպիան, հիպերմետրոպիան կամ աստիգմատիզմը:

samvel-balasanyan poliklinika4 poliklinika3 poliklinika1 poliklinika matias-qisler

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գոհար says:

    առկա է վրիպում ” բշտիկներ”, ասել կուզե Բժիշկներ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031