Երեկ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն էր, վաղը՝ վերաքննիչ դատարանում Անդրիաս Ղուկասյանի կալանքի երկարացման դեմ բերված բողոքի քննության օրն է լինելու։
Մարդու հիմնական իրավունքներից են հավաքների ազատության իրավունքը, անձնական ազատության ու անձեռնմխելիության իրավունքը և արդար դատաքննության իրավունքը։
Թե Ինչպիսին է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, պարզ է դառնում Անդրիաս Ղուկասյանի գործի օրինակով։
Հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Հովհաննիսյանը և այլք 29.07.2016թ-ին մասնակցել են Սարի թաղի հավաքին։
Կարդացեք նաև
Սարի թաղում հավաքի մեկնարկից մոտ 30 րոպե անց հավաքի մասնակիցներին են մոտենում ոստիկանական ուժերը՝ փոխոստիկանապետ Լ. Երանոսյանի գլխավորությամբ։ Վերջինս Արմեն Մարտիրոսյանին 5 րոպե ժամանակ է տալիս հավաքի մասնակիցներին Սարի թաղից հեռացնելու և հավաքն այլ վայրում շարունակելու համար, իսկ 5 րոպեն լրանալուց հետո Արմեն Մարտիրոսյանին բերման են ենթարկում ու մի քանի վայրկյան անց ոստիկաններն ու նրանց հետ համագործակցող քաղաքացիական հագուստով սադրիչները լուսաձայնային և արցունքաբեր նռնակներով ու մահակներով հարձակվում են խաղաղ հավաքի մասնակիցների ու այն լուսաբանող լրագրողների վրա` նրանց ծեծի ենթարկելով ու պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ ամենը ուղիղ եթերում հեռարձակվել է մի քանի լրատվամիջոցների կողմից, տեսագրություններն էլ առկա են քրեական գործի նյութերում։
Թեև կատարվածն այդպիսին էր, սակայն հարուցվել է քրեական գործ և Անդրիաս Ղուկասյանին, Արմեն Մարտիրոսյանին ու Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իբր, երբ Երանոսյանը 5 րոպե ժամանակ է տվել Սարի թաղից հեռանալու համար, նրանք հավաքի մասնակիցներին հրահանգել են քարեր հավաքել, իսկ երբ Արմեն Մարտիրոսյանին բերման են ենթարկել, իբր Անդրիաս Ղուկասյանն ու Դավիթ Սանասարյանը հրահանգել են քարերով հարվածել, իսկ Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Հովհաննիսյանն ու էլի մի քանի անձ սկսել են քարերով հարվածել ոստիկաններին։ Նշված մեղադրանքի հիմքում ընկած է երկու «ականատես» ոստիկանի ցուցմունք, որոնք բնականաբար նման ցուցմունքներ են տվել պարտադրված՝ ոստիկանության ղեկավարության հրահանգով:
Այդ ցուցմունքների հիման վրա Անդրիաս Ղուկասյանն ու Դավիթ Հովհաննիսյանը մինչ օրս կալանքի տակ են պահվում, իսկ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը գրավով են ազատ արձակվել:
Այդ տեսագրությունները ներկայացրել ենք դատարան և առաջին ատյանի դատարանի դատավորներ Արսեն Նիկողոսյանի ու Սիմա Հովսեփյանի, վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի, քննիչների ու դատախազի հետ դատական նիստերում դիտել ու հետազոտել ենք և դատավորների համար էլ է պարզ դարձել, որ առաջադրված մեղադրանքում ու կալանքի որոշումներում նշվածը ընդհանրապես տեղի չի ունեցել, որ ոստիկանների ցուցմունքները սուտ են և հերքվում են տեսագրություններով, ինչպես նաև Սարի թաղի դեպքերին ականատես ու որպես վկա հարցաքննված բազմաթիվ անձանց, այդ թվում լրագրողների ցուցմունքներով: Այդ տեսագրությունները պետք է որ տեսած լինի նաև գլխավոր դատախազը։
Քննչական մարմինը, սակայն, մի կողմ դնելով արդարացնող և հիմնավոր կասկածը բացառող ապացույցները, մինչ օրս չհետազոտելով տեսագրությունները, պարբերաբար միջնորդություն է ներկայացնում Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարացնելու մասին, առարկելով անգամ գրավի միջնորդության դեմ, իսկ դատարաններն էլ, աչք ու ականջ են փակում այդ ապացույցների վրա և Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումներում որևէ բառ չեն նշում իրենց իսկ կողմից հետազոտված տեսագրությունների մասին, կարծես նման ապացույցներ չեն հետազոտվել, կարծես նման բան չի էլ եղել: Իսկ կալանքի ժամկետի երկարացման հիմքում շարունակում են դնել նույն ոստիկանների ակնհայտ սուտ ցուցմունքները:
Վստահ եմ, որ սուտ ցուցմունք տված ոստիկանները, գործը քննած ու քննող քննիչները, դատախազներն ու դատավորները հաճույք չեն ստանում Անդրիաս Ղուկասյանի հիմնական իրավունքները բռնազավթելուց և իրենց նման բան թույլ չէին տա, եթե չլիներ այնպիսի հրահանգ, որը չեն կարող մերժել։
Երկուշաբթի օրը վերաքննիչ դատարանը դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ կքննի Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը հերթական անգամ երկարացնելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքը և նա էլ կդիտի ու կհետազոտի տեսագրությունները։ Սակայն ինչ որոշում կկայացնի դատարանը, իր որոշման մեջ կգրի տեսանյութերի, դրանց բովանդակության, հիմնավոր կասկածը բացառող մյուս ապացույցների մասին, թե ոչ, կերևա առաջիկա օրերին։
Կարեն Մեժլումյան
Փաստաբան