Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում Գագիկ Ծառուկյանի այցի հետ կապված արտակարգ իրավիճակ էր ստեղծվել․ սոցիալապես ծանր վիճակում գտնվող հազարավոր մարդիկ ժամեր առաջ հավաքվել էին Ամենափրկիչ եկեղեցու մոտ՝ սպասելով ԱԺ մեծահարուստ պատգամավորին։ Մեր հարցին, թե ինչո՞ւ եք եկել, նրանցից ոմանք պատասխանում էին, որ եկել են պահանջելու նրա վերադարձը քաղաքականություն, քանի որ նա գոնե ձեռքը գրպանը տանել ու փող հանել գիտի։
Կանանցից մեկն ասաց, որ ինքը ԲՀԿ-ական է, նույնիսկ Գյումրիից Երևան է հասել Գագիկ Ծառուկյանի առանձնատուն՝ նրա վերադարձը պահանջելու։ Թե ինչու է այդպես ուզում, որ նա վերադառնա քաղաքականություն, մեր զրուցակիցն ասաց․«Ես Գյումրիի սոցիալապես ամենաանապահով 10-20 ընտանիքներից մեկն եմ, որը վարձով տնակում է ապրում՝ առանց վառելափայտի։ Իմ թոռնիկն էլ որբ է, միակ տղաս մահացավ, էս ղեկավարության օրոք ոչինչ չփոխվեց իմ կյանքում, մի բան էլ էս ղեկավարության պատճառով գնացի ՌԴ բախտ որոնելու, սգի տեր դարձած եկա, տղայիս դին բերեցի։ Ինձ էս ղեկավարներից օրոք ոչ մեկը ձեռք չմեկնեց, հույս եմ կապում իր հետ, գիտեմ, որ սոցիալական խնդիրները կլուծի, կօգնի»։
Կարդացեք նաև
Մարդիկ, նույնիսկ ձեռնափայտերով Գյումրու այս սառնամանիքին՝ նամակները ձեռքերին, սպասում էին, որ գոնե կարողանան Գագիկ Ծառուկյանին փոխանցել։ Երբ պարոն Ծառուկյանը Գյումրու Սուրբ Ամենափրկիչ Յոթվերք եկեղեցուց դուրս եկավ ու նստելու էր մեքենա, շատերը վազեցին նրան հետևից ՝ չթողնելով շարժվել։ Այստեղ մի ջահել տղամարդ սկսեց շշպռել հավաքվածներին՝ ասելով․ «Հերիք եղավ, ամոթ է էլի, էս ի՞նչ եք անում, մարդուն բարևելու փոխարեն, միայն օգնություն եք ուզում»։
Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո հավաքվածներն ավելի անկեղծացան։ Մի ծեր կին ասաց, որ եկել էր նրանից բնակարան խնդրելու։ «Իմ տունը փլված է,28 տարի է՝ տնակի մեջ եմ բնակվում 7 անձով, տղաս էլ երկրորդ կարգի հաշմանդամ է»։
Մեզ այս ընթացքում մոտեցավ մի որդեկորույս մայր, ասաց որ իր սպորտսմեն որդուն 22 տարեկան հասակում մեքենայի տակ են գցել, հիմա ուզում է, որ գերեզմանը սարքելու փողի կեսը Գագիկ Ծառուկյանը տա։
Մեկ այլ տատիկ էլ, որը եկել էր թոռնիկի հետ, ասաց որ թոռը ֆուտբոլիստ է, բնակվում են կոմունալ պայմաններից զուրկ, խոնավ տան մեջ, եկել է բնակարան խնդրելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Շարունակեք ուզել ու մնալ նույն թշվառ վիճակում: ԻՆչ ամոթ է, տհաճ երբ տեսնում ես այս բեմադրված խեղկատակությունը: