Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չվախենաք Աստծո պատժից, ապա ամեն ինչ կկորցնեք

Դեկտեմբեր 11,2016 15:15

Տերը բոլորին սիրում է հավասարապես, հետևապես որևէ մեկի նկատմամբ անտարբեր չէ: Նա մարդկանց հետ հարաբերվում է՝ նրանց տրված ամբողջական կյանքի կտրվածքով և բացարձակապես անհնարին է կանխատեսել ու ամեն քայլափոխի հաշվարկել Տիրոջ մոտեցումները յուրաքանչյուրիս նկատմամբ, այնպես որ մենք լիովին անտեղյակ ենք ամեն հաջորդ վայրկյանին մեզ սպասվող իրադարձություններից: Հետևաբար,  հետագա անակնկալ անհաջողություններից փրկվելու միակ գրավականը, խղճի մտոք՝ ճիշտ ու մաքուր ապրելն է, քանզի Տերը գնահատում և արդարացի մոտեցում է ցուցաբերում մեր ամեն կատարած քայլի համար: Միշտ պետք է հիշենք և զգոն լինենք, որ մեր քայլերը գնահատվում են Տիրոջ կողմից և արժանանում նրա համապատասխան վերաբերմունքին, ուղղակի դա չի կատարվում անմիջապես, պարզունակ և մեզ հասանելի ձևով, քանզի Աստծո գործերն անքննելի են:

Եթե անդրադառնանք նորանկախ Հայաստանում վերջին 25 տարիներին տեղի ունեցած իրադարձություններին, ապա հստակ տեսանելի է, թե ժողովրդի մեջ ինչպես են ձևավորվել այսօր առկա սոցիալական տարբեր խմբերը. մեծահարուստներ, հարուստներ, օլիգարխներ, բարձրագույն, բարձր, միջին կարգի պաշտոնյաներ, չափազանց ունևոր, ունևոր, միջին կարգի գործարարներ… և աղքատ ու ծայրահեղ աղքատ բնակչություն, որոնցից վերջին երկու խմբերը՝ իրականում կազմում են ժողովրդի ընդհանուր թվաքանակի մոտ 60-70 տոկոսը: Պայմանականորեն անվանարկած այս խմբերը իրարից լիովին սահմանազատված չեն և նրանցից որոշները հատման  որոշակի եզրեր ունեն միմյանց հետ:

Պետք չէ շատ խելացի լինել և կույրին անգամ տեսանելի է, որ չհաշված որոշակի բացառություններ, որոնց թիվը շատ փոքր է, մնացածներն այդ կարողությունները ձեռք են բերել և այդ վիճակին հասել են հիմնականում անաշխատ ճանապարհով, որի հետևանքով գոյացել են նաև այդ 60-70 տոկոս աղքատ և ծայրահեղ աղքատ շերտերը: Իհարկե, հազար ու մի հանգամանքներ են նպաստել այս վիճակի առաջացմանը, սակայն ևս մեկ անգամ կրկնում եմ, ամենահիմնական պատճառները երկուսն են. խեղճ ու անճար ժողովուրդ և այդ պարարտ հենքի վրա նույնքան ճարպիկ՝ ակտիվ ու գործունյա շորթողներ: Գոյություն ունի այս վիճակից շարունակության երկու ճանապարհ. կամ ամեն ինչ  կշարունակվի նույն կերպ, կամ պետք է իրականացվի վեկտորի կտրուկ փոփոխություն, որը հույսեր կսփռի ժողովրդի և երկրի փրկության համար, որն էլ  երկրի զարգացման հետագա ընթացքը կտանի այլ ուղղությամբ:

Զարմանալ կարելի է, որ այս կրիտիկական վիճակին այնքան անտարբեր են վերաբերվում և իշխանությունները, և հարուստները, և ունևորները, և օլիգարխները, որ կարծես խոսքը գնում է ոչ թե մեր երկրի, այլ օտար  երկրի, օտար ժողովրդի մասին ու իրենք առանձնապես մտահոգվելու խնդիր չունեն: Ավելին, նրանք նույնիսկ հաշվի չեն  առնում, որ երկրի գլխին դամոկլյան սրի նման՝ ամեն վայրկյան, չափազանց ռեալ  կախված է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծվող լայնամասշտաբ, հզոր ու նմանը չունեցող նենգ պատերազմի վտանգը, որին միանշանակ պետք է դիմակայեն մեր ժողովուրդն ու նրա զավակները՝ զինվորները, ովքեր պետք է գոնե հոգեբանորեն պատրաստ և ի վիճակի լինեն դրան:  Իսկ, սոված ու նվաստացած ժողովուրդը որքան էլ ցանկանա, դա լրիվ անհնար է:

Եթե մտովի տարբաժանում կատարենք և բաձրաձայնենք, թե այդ դեպքում որ շերտը ինչքան կկորցնի, ապա վերում թվարկած ունևոր շերտերը անհամեմատ ավելին կկորցնեն, քան ժողովուրդը, քանզի վերջինը ոչինչ չունի կորցնելու (նույնիսկ՝ շղթաներ): Այս իրավիճակը եզակի է այնքանով, որ խոսք է գնում հայրենիքին սպառնացող լուրջ վտանգի մասին, իսկ հայրենիքն առաջին հերթին ժողովրդինն է և նա է պարտավոր կյանքի գնով փրկել հայրենիքը: Իհարկե, ունևորները ևս ժողովրդի մի մասնիկն են, սակայն կյանքը ցույց է տալիս, որ ճակատագրական պահերին՝ կարծես պատահաբար, նրանք ու իրենց երեխաները միշտ հայտնվում են հեռվում՝ ընդհուպ երկրից դուրս, որն այս տարիներին արդեն դարձել է հստակ օրինաչափություն: Եվ սա, ոչ այլ ինչ է, քան. վայելքը մեզ, մահը՝ ժողովրդի զավակներին:

Այժմ փորձենք ներկայացնել այս իրավիճակը մեղմելու և դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Պարզ բանաձև կա. պետք է պաշտոնների և հարստության գագաթին նստած մարդիկ ի վերջո հասկանան, որ այսպես շարունակել այլևս անհնար է և իրենք պարտավոր են լիովին փոխել իրենց վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ ու դադարեցնել ժողովրդին կեղեքելու գործընթացը: Պետք է թույլ տան, որ ժողովուրդը հանգիստ շնչի ու շարունակի արժանապատիվ կյանքով ապրել: Նրանք պետք է դադարեն մտնել ժողովրդի գրպանը, բավարարվեն իրենց գրպանում եղած աստղաբաշխական միջոցներով և թույլ տան, որ ժողովուրդն ապրի իր առօրեական կյանքով: Եթե դադարեն նրան խանգարելուց, դա արդեն մեծ լավություն կլինի և ժողովուրդն ի վիճակի կլինի բնականոն կյանքով ապրել, քանի որ հայ ժողովուրդն իսկապես քարից հաց քամող ժողովուրդ է…

Եթե չփորձեք ձեր խիղճն արթնացնել և ձեզ պարտադրել՝ աշխարհին նայել այլ աչքերով, ապա Տերն այլևս չի գթա ու վաղ, թե ուշ, ձեզ՝ որպես ժողովրդի մի մասնիկի, կամ կտանի ժողովրդի հետ միևնույն ճանապարհով, որի ընթացքում ձեր երեխաները ևս կզոհվեն, իսկ դուք կկորցնեք ձեր ամբողջ ունեցվածքը, քանզի վիճակի միասնականությունն անպայմանորեն բերում է ժողովրդի միասնականությանը, որովհետև միշտ հաղթում է այն ժողովուրդը, որը միասնական է, հակառակ պարագայում, նույնը կանի ձեր՝ բեկված ճանապարհով ընթանալիս…

Քանի դեռ ուշ չէ, վախեցեք Տիրոջ պատժից, զսպեք ձեր անսահման և ագահ ախորժակն ու խելքի եկեք, քանզի չուղղվելու դեպքում ողջը կկորցնեք: Մշտապես հիշեք, որ Տիրոջ համար դուք ընդամենը փոշու հատիկ եք և նրա պատվիրաններին հակառակ ընթանալու պարագայում, մեկ ակնթարում կդառնաք ձեռնունայն ու հավերժ կկորցնեք ամեն ինչ …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031