Անցկացվեց Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՕՀՄՄՄ առաջնությունը: Մարզադպրոցի տարբեր տարիքային խմբերի շուրջ 130 սաներ երկու օր պայքարեցին տարբեր մրցատարածություններում լավագույնը ճանաչվելու համար:
Մարզադպրոցի տնօրեն, Լողի հայկական դաշնության տնօրեն Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ին ասաց, որ այս մրցումները, որ ավանդաբար անցկացվում են տարեվերջին, կատարված աշխատանքի յուրօրինակ ամփոփում են, որը հնարավորություն է տալիս գնահատել տարվա ընթացքում մարզիչների կատարած աշխատանքը:
Որպես դաշնության նախագահի՝ նրան ուղղված հարցին, թե այս մրցումով տարին եզրափակվո՞ւմ է, պարոն Մեսրոպյանը պատասխանեց. «Ոչ: Մեր երեք լողորդներ այս օրերին Կանադայում մասնակցում էին լողի աշխարհի առաջնությանը, որտեղ նրանցից երկուսը Հայաստանի պատանեկան ռեկորդ են գրանցել:
Բացի դրանից, Հայաստանի պատանիների չեմպիոն ու ռեկորդակիր Արթուր Բարսեղյանը մարզիչ Արմինե Ավետիսյանի հետ մոտ օրերս կմեկնի Սանկտ-Պետերբուրգ՝ օլիմպիական քառակի եւ աշխարհի բազմակի չեմպիոն Վլադիմիր Սալնիկովի անվան գավաթի առաջնությանը: Իսկ մրցաշրջանի եզրափակումը կլինի այստեղ՝ Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցում դեկտեմբերի 24-ից 25-ն անցկացվելիք լողի հայկական դաշնության գավաթի առաջնությունով, որին կմասնակցեն հանրապետության լավագույն լողորդները»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ