Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է պատմության մեջ հայտնվել Շիրակի մարզպետի հետ․Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրենի մեկնաբանությունը Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2016 22:18

Գյումրու թիվ 38 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. կոլեկտիվը շարունակում է բողոքել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշման դեմ, որի համաձայն հիշյալ դպրոցում տնօրենի ժ/պ է նշանակվել Գյումրու մեկ այլ դպրոցի՝ թիվ 42-ի փոխտնօրեն Արփինե Նիկողոսյանը։ Դպրոցի ուսուցիչները ուղղակիորեն դռները փակում ու ներս չեն թողնում այս տիկնոջը, Շիրակի մարզպետից էլ հիմնավորում են պահանջում, թե ինչո՞ւ պաշտոնավարման պայմանագրի ժամկետը լրացած իրենց տնօրենին՝ Գոհար Շահբազյանին կամ դպրոցից մեկ այլ ներկայացուցչի չի նշանակում ժ/պ։ Վերջիններս անգամ բաց նամակ հղեցին վարչապետ Կարեն Կարապետյանին, որը, սակայն, այդպես էլ չի արձագանքել ուսուցիչների բողոքին։

Երեկ էլ ուսուցիչներին Շիրակի մարզպետի՝ Շիրակի դատախազին ուղարկված գրության հիման վրա հրավիրել էին ոստիկանության «Մուշ» բաժին հարցաքննության։ Դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ պարզաբանեց, որ պաշտոնատար անձի դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում, հետևաբար և անհրաժեշտություն կա կոլեկտիվի անդամներին ոստիկանություն հրավիրելու ու բացատրություն վերցնելու։ Ոստիկանություն հրավիրվածների շարքում եղել է նաև դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը։

Այսօր  տիկին Շահբազյանն Aravot.am-ին պարզաբանումներ է ներկայացրել  իրեն տնօրենի ժ/պ չնշանակելու ու ոստիկանություն հրավիրելու թեմայի շուրջ։ Տիկինն այդպես էլ չի հասկանում, թե ինչո՞ւ Հովսեփ Սիմոնյանը Գյումրու բոլոր դպրոցներում պայմանագրային ժամկետը լրացած տնօրեններին ժ/պ է նշանակել, իսկ իրեն բացառության կարգով՝ ոչ։ Հարցին, թե ո՞րը կարող է լինել պատճառը՝ ձեր կուսակցական պատկանելությո՞ւնը (նշենք, որ նա «Հայկական վերածնունդ» կուսակցությունից է, Գյումրու ՏԻՄ ընտրություններում էլ մասնակցում էր որպես ավագանու թեկնածու), թե՞ անձնական խնդիրներ կան ձեր հետ, Գոհար Շահբազյանն ասաց․«Ես պիտի ասեմ, որ կուսակցականության պահը չկա, ինձ համար չկա, որովհետև մանկավարժի սուրբ առաքելությունը ես երբեք չեմ ուզում խառնել կուսակցական պատկանելության հետ, բայց կան մարդիկ, որոնք իրենց պաշտոններն ու կուսակցականությունն առաջնահերթ են համարում, թո՛ղ իրենք խոսեն այս մասին, եթե այդտեղ է ենթատեքստը»։

Մեր զրուցակիցը փաստում է, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը իրեն չի ընդունել, երկու –երեք անգամ փորձել է մտնել նրա մոտ, ասել են՝ զբաղված է, նույնիսկ  ոչ մի աշխատանք չի առաջարկել։ «Գիտեք, կարելի էր և զրուցել, եթե կան այնտեղ փակագծեր, որ մարզպետը ի պաշտոնե չի ուզում բացել, ընդունում եմ, անցանք առաջ, բայց կարելի էր չէ՞ ինձ առաջարկել մի աշխատանք ժամանակավոր, թեկուզ երկու ամիս մինչև մրցութային կարգով նոր տնօրենի նշանակումը։ Ե՛վ իմ աշխատած տարիները, և՛ իմ աշխատոճը, և՛ իմ աշխատանքի արդյունավետությունը թույլ տալիս էր մարզպետին այդ քայլին դիմել»։

Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ են ձեզ հրավիրել ոստիկանություն, Գոհար Շահբազյանն ասաց․«Մարզպետի կողմից համապատասխան հայտարարություն է եղել, որ խափանել ենք նոր պաշտոնակատարի մուտքը դպրոց, և դպրոցում կան կազմակերպիչներ։ Այդ կազմակերպիչների թվում փոխտնօրեններ են, զինղեկն է, դպրոցի գրադարանավարն է, ինչպես նաև ես։ Հետաքննում են, որպեսզի պարզեն՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ։

Ես բացատրություն տվեցի, որ դուրս եմ եկել դպրոցից, փակել եմ իմ աշխատասենյակը, բոլոր պետական պաշտոնական փաստաթղթերը թողել եմ դպրոցի ներսում, կնիքը ևս թողել եմ ներսում, իսկ հանձման –ընդունման ակտը կարգավորելու համար պետք է համապատասխան որոշում, համապատասխան կարգադրություն, հանձման-ընդունման հանձնաժողովի մասին կարգադրություն՝գրավոր։ Ես նաև պահանջել եմ իմ դիմումի պատասխանը, որը ներկայացրել եմ պաշտոնակատար նշանակվելու մասին ու մինչև օրս չեմ ստացել պատասխանը։ Ինչպես նաև չկա կարգադրություն իմ վերջնահաշվարկի մասին, հիմնավորել եմ, երբ այս ամենը կլինի իրավական հարթակի վրա, հանձնում-ընդունումը կլինի, ես երբեք չեմ ըմբոստացել, եթե ամեն ինչ օրինաչափ է։Իսկ երբ տեսել եմ, որ կա օրենքի խախտում, ես ինքս չեմ համաձայնվել քայլ անել»։

Գոհար Շահբազյանն ապշած է նաև կրթության նախարարություն «օպերատիվ» աշխատանքից, կոլեկտիվը նախարարին դիմում է հղել՝ նշելով հրատապ է, սակայն պատասխանել են, որ  մինչև ամսի 30-ը նոր կանդրադառնան։

Հարցին՝ ճանաչո՞ւմ եք տնօրենի ժ/պ-ին, մեզ հետ զրույցում ժ/պ նշանակված Արփինե Նիկողոսյանը նշել է, որ ինքը կուսակցական չէ , պնդել է, որ դաշնակցության հետ կապ չունի, Գոհար Շահբազյանն ասաց․ «Ես ուզում եմ իմանալ՝ այդ դեպքում ինչո՞ւ Արփինե Նիկողոսյանին առաջինը Դաշնակցության գրասենյակում են շնորհավորել թիվ 38 դպրոցի տնօրենի ժ/պ նշանակվելու համար»։

Գոհար Շահբազյանի հետ ամբողջական հարցազրույցը տեսանյութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Օնիկ says:

    Լավ երկրաշարժը չի կարելի կանխատեսել, սակայն տխմարներին կարելի՛ է ճանաչել: ԵՎ հետո երկրաշարժը տևում է վայրկյաններ կամ րոպե, սրանք տարիներով անպատիժ ցնցում են հասարակությանը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031