Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային երգիչը` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում մահացածի մասին

Դեկտեմբեր 10,2016 21:59

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի` Մինվոդի քաղաքում կատարած հարկադրված վայրէջքի մասին. 60-ամյա մի  ուղևոր վատացել էր, բայց բժիշկները չէին կարողացել փրկել նրա կյանքը:

«Վայրէջքից հետո այդ մարդու հարազատներն ուզում էին, որ նույն չվերթում թողնեն դիակը, որովհետև ֆինանսական խնդիրներ ունեին հետագայում` նրան Հայաստան բերելու համար, բայց օրենքը նման բան թույլ չէր տալիս»,-գրում է քաղաքագետը, նաեւ հավելում, որ խնդրի մասին իմանալով`ուղեւորները  գումար են  հավաքել ընտանիքին օգնելու համար։ Արմեն Գրիգորյանը հրապարակել է նաեւ տեսանյութ, որտեղ երեւում է, որ գումար հավաքողներից մեկը օպերային երգիչ, տենոր ու մարդկային լավագույն որակներով օժտված Լիպարիտ Ավետիսյանն է:

Aravot.am-ը օպերային երգչին խնդրեց պատմել, թե ինչ է եղել ինքնաթիռում, եւ ինչպես են ուղեւորներն արձագանքել մահացածի ընտանիքին օգնելու` իր նախաձեռնությանը:

liparit avetisyan

«Գիշերային չվերթով էինք Երեւան թռչում, եւ մեկ ժամ էր մնում, որ հասնեինք, մեկ էլ պարզվեց, որ իմ թիկունքում նստած տղամարդու ինքնազգացողությունը վատացել էր, կողքին կինն ու տղան էին: Նրան պառկեցրինք, որովհետեւ շատ վատ էր: Կապիտանն էլ որոշում կայացրեց հարկադրված վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում: Ով ինչով կարող էր՝ փորձեց օգնել: Սրահի վերջում մի տղամարդ կար, որը պարզվեց բժշկական հմտությունների է տիրապետում կամ գուցե բժիշկ է, նա եւս վազեց օգնելու:  Ես էլ փորձում էի որդուն հանգստացնել, որը վատ էր զգում հոր համար, հանգստացնող դեղ տվեցինք: Վատացած մարդուն առաջին օգնություն ցույց տվեցինք, շատ թույլ էր պուլսը խփում, արհեստական շնչառության անհրաժեշտություն էլ եղավ: Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, բժիշկները շտապ ժամանեցին, բայց մարդու կյանքը փրկել չհաջողվեց: Բոլոր ուղեւորները պահանջում էին, որ դիակը ուղեւորների հետ Երեւան հասնի, որովհետեւ իջեցնելը  մարդկային չէ: Այդ պահին բոլորս հուզված էինք, բայց գիտակցում էինք, որ օրենքով դա արգելվում է, եւ դա միայն օդաչուի որոշելիքը չէ»,-պատմեց Լիպարիտ Ավետիսյանը:

Օպերային երգիչը կարողացել է այդ պահին սթափ որոշում կայացնել ու մարդկանց առաջարկել է հանգանակություն կատարել` մահացածի ընտանիքին օգնելու համար, քանի որ  մահացածի մարմինը տեղափոխելու ծախսերը մեծ են: «Ասացի, որ անելանելի վիճակ է ստեղծվել, եւ պարզ է, որ մահացածին որդու հետ իջեցնելու են Մինվոդիում, իսկ նրանք այնտեղ չունեն ընկերներ, հարազատներ, նաեւ՝ գումար: Ես առաջարկեցի ամենաարդյունավետ տարբերակը`ով ինչքան գումար կարող է, թող տա: Սրահում կային ծերեր, կրծքի երեխաներ, եւ հնարավոր չէր շատ ձգելը, նրանք պետք է շարունակեին ճանապարհը Երեւան: Բոինգը լեփլեցուն էր մարդկանցով: Բարեբախտաբար, առաջարկությունս լավ ընդունվեց, բոլորն ասացին հրաշալի որոշում է: Բավականին գումար հավաքեցինք`ես եւ այն ուղեւորը (անունը ցավոք, չիմացա), որը  նաեւ բժշկական առաջին օգնություն էր  ցույց տվել»,-հավելեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ  տեսանյութ հրապարակած Արմեն Գրիգորյանն իր էջում այս մասին գրել է. «Ես չգիտեմ աշխարհի այլ մայրաքաղաքներ թռչող ուղևորների մոտ նման հոգատարություն կա, թե ոչ, բայց Երևան թռչող օդանավինը յուրահատուկ էր։ Միմյանց օգնելու սովորությունը խորը արմատներ ունի։ Մարդու մահը ողբերգություն է, բայց շրջապատի հոգատարությունը առնվազն կարող է կանխել դժվարությունները, եթե ոչ նաև ուժ տալ նրանց պայքարելու վշտի դեմ»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Ապրի հայ ժողովուրդը, ապրե՛ս, Լիպարիտ Ավետիսյան…Շնորհակալություն բոլոր ուղևորներին ու աջակցողներին…

  2. Այո; ես միշտ հպարտ եմ եղել; որ հայ եմ եվ այսպիսի ազգ ունենալու համար; եց շատ ենք ցավում մահացածի համար ու ցավակցում ենք նրա հարազատներին

  3. Աբրահամյան says:

    Երիտասարդ սերունդի ներկայացուցիչները ոչ միայն գեղեցիկ են ու կրթված, այլև շատ հայրենասեր ու ազգասեր: Նրանց պետք է օժանդակել, որպեսզի մնան մեր երկրում ու հաջողություններ բերեն մեր ժաղովուրդին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031