Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնութամբ Հյուսիսային պողոտայում հանդիսավորությամբ բացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան արդեն 5-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառը։ Այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահվել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբշամարտիկ, Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Ալեքսանյանին։
Հատուկ պատրաստված ինքնատիպ 33 տաղավար-տնակներում ներկայացվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, նաև քաղցրավենիք։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը կարևորելով մայրաքաղաքի մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված ծրագրերը՝ նշել է, որ տոնավաճառը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է և, դառնալով ավանդական, իր ուրույն տեղն է զբաղեցնում Երևանի ամանորյա տոնական միջոցառումների ցանկում։
«Վերջին տարիներին մայրաքաղաքում ձևավորվում է քաղաքային մի նոր մշակույթ: Այս տոնավաճառը ևս դարձել է սպասված իրադարձություն մեր համաքաղաքացների համար, որը տոնական ու հետաքրքիր մթնոլորտ է ստեղծում մայրաքաղաքում: Նշեմ նաև, որ ամանորին ընդառաջ ու մինչև հունվարի 13-ը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վարչական բոլոր շրջաններում նախատեսվում են տոնական տարբեր միջոցառումներ»,-նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
Հյուսիսային պողոտայում բացված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը կգործի մինչև 2017 թվականի հունվարի 6-ը, ամեն օր՝ժամը 13։00-ից մինչ 22։00-ն։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն