Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի դեսպանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից օլիգարխիայի դեմ մղվող պայքարի մասին

Դեկտեմբեր 10,2016 18:40

Այսօր Շիրակի մարզի բժիշկները,պաշտոնյաներն ու գերմանացի դիվանագետները մեծ հանդիսավորությամբ նշում էին Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի հիմնադրման 23-ամյակը։ Այս պոլիկլինիկան հետերկրաշարժյան մութ ու խավար տարիներին եղել է Գերմանիայի կառավարության նվերը գյումրեցիներին։ Այժմ Գյումրու կենտրոնում գտնվող այդ տարածքը (պոլիկլինիկայի դիմաց «Բեռլին» արվեստի հյուրանոցն է), դարձել է դիվանագետների, տարբեր երկրների դեսպանների ամենասիրելի վայրը։ Կան դեսպաններ, որոնք իրենց Ամանորն անցկացնում են Գյումրու հենց այդ հյուրանոցում։  Իրադարձությանը մասնակցում էր  նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։

Aravot.am-ը դեսպանից հետաքրքրվեց, թե որքա՞ն հաճախ է լինում Գյումրիում ու մշակութային ծրագրերից բացի, կա՞ տնտեսական որևէ ծրագիր, որը գերմանացիները կուզենային իրականացնել հենց այս քաղաքում։ «Ես փորձում եմ ամենաքիչը երկու ամիսը մեկ անգամ այցելել Գյումրի․ այս ամիս ու հաջորդ ամիս հաճախ պիտի գամ Գյումրի։ Միշտ ուզում եմ ավելի հաճախ լինել այս քաղաքում, որովհետև Գյումրին մշակութային քաղաք է, երկրորդ քաղաք է, և մենք փորձում ենք հնարավորին չափ Երևանից դուրս բերել բոլոր ծրագրերը, ավելի շատ ծրագրեր այստեղ անել։

Իհարկե, մենք ավելի շատ մշակութային ծրագրեր ենք իրականացնում Գյումրիում «Պատկերասրահ 25-ի» (նշենք, որ այս պատկերասրահը տեղակայված է «Բեռլին» արվեստի հյուրանոցում, այն ունի 16 ակտիվ անդամներ ու արվեստագետներ,- Ն. Ա), գերմանախոսների «Արտֆոգեն» ակումբի  հետ, բայց առայժմ տնտեսական ծրագրեր չկան։ Ես այս վերջերս հանդիպումներ եմ ունեցել ներդրողների հետո, իհարկե, բոլորն ավելի շատ հետաքրքրված են Երևանում ներդրումներ կատարելով, փորձում ենք դեպի ուղղորդել Գյումրի։ Իհարկե, շատ ծրագրեր կան, որոնք ընթացիկ են, օրինակ՝ Արփի լճի ազգային պարկը, որը ստեղծվել է գերմանական տնտեսական համագործակցության կազմակերպության միջոցով, չի ավարտված, ընթացքի մեջ է և նմանատիպ այլ ծրագրեր կան»,-ասաց դեսպանը։

Մենք Մաթիաս Քիսլերից հետաքրքրվեցինք նաև, թե իր կարծիքով կհաջողվի՞ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին պայքարել օլիգարխիայի, մենաշնորհների դեմ, ինչը որ հաջողվել է անել գերմանացիներին։ Նշենք, որ վերջերս «Բեռլինի լրագրության դպրոց»-ի հրավերով հայաստանցի 10 լրագրողներով  լինելով Գերմանիայում ու հանդիպելով հետաքննող լրագրողների հետ՝ նրանց հարց էինք ուղղել, թե կա՞ն օլիգարխներ իրենց երկրում։

samvel-balasanyan

Ի պատասխան մեր հարցի, հետաքննող լրագրողներն ասել էին․ «Օլիգարխ բառը վաղուց դուրս է եկած մեր բառապաշարից, մոռացված բառ է, Գերմանիայում կան մեծահարուստներ, որոնք հարստացել են իրենց աշխատասիրությամբ, ազնիվ ճանապարհով»։

Դեսպան Մաթիաս Քիսլերն ասաց«Ես չեմ կարող ապագան գուշակել, մենք փորձում ենք ուսումնասիրել ծրագրերը, իրենց պահանջմունքները, աջակցել։ Իհարկե, շատ դժվար խնդիրներ կան ու վարչապետ Կարեն Կարապետյանը շատ հաճախ անդրադառնում է այդ հարցերին։ Իրականում, իհարկե, շատ կարևոր հարց է դա, իրական առողջ հասարակությունը դա փոքր ու միջին ձեռնարկությունների վրա, արհեստագործական տնտեսությունների վրա հենված տնտեսությունն է, և Գերմանիան լավագույն օրինակներից մեկն է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031