Այսօր` մարդու իրավունքների օրը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստացել Վանաձորի տարբեր քաղաքացիներից, որ ոստիկանության աշխատակիցները տարբեր, մտացածին պատճառաբանություններով իրենց կանչել են, շատ դեպքերում նաև բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ՝ հորդորելով չգնալ և չմասնակցել Երևանում Մարդու իրավունքների օրվան նվիրված երթին:
Ահազանգող և ոստիկանություն կանչված քաղաքացիներն, ամենայն հավանականությամբ, ընդգրկված են ոստիկանության հատուկ ցուցակներում և «գրանցված են» որպես տարբեր բողոքի ցույցերի և հավաքների ակտիվ մասնակիցներ:
Ոստիկանությունը Մարդու իրավունքների միջազգային օրը իր ապօրինի գործողություններով խախտում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու, հավաքների երթերի և ցույցերի մասնակցելու, խոսքի ազատության իրավունքները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է ոստիկանության նմանօրինակ գործելաոճը և կոչ է անում անհապաղ դադարեցնել քաղաքացիների իրավունքների նկատմամբ անհարկի միջամտությունը, պահանջում է ՀՀ Գլխավոր դատախազությունից և ՀՔԾ-ից հարուցել քրեական գործ և պատասխանատվության ենթարկել քաղաքացիների իրավունքները խախտած ոստիկանության աշխատակիցներին:
Միևնույն ժամանակ կոչ ենք անում այն անձանց, ովքեր կանչվել կամ բերման են ենթարկվել ոստիկանություն, հանդես գալ հանցագործության մասին հաղորդումներով: Պաշտպանեք Ձեր իրավունքները:
Կարդացեք նաև
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Վանաձոր, 10 դեկտեմբերի 2016թ