Դեկտեմբերի 6-8-ը Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն աշխատանքային այցով գտնվում էր Մեքսիկայի Խալիսկո նահանգի մայրաքաղաք, երկրի երկրորդ քաղաք Գվադալախարայում:
Դեսպանը հանդիպումներ ունեցավ նահանգապետ պրն. Խորխե Արիստոտելես Սանդովալ Դիասի, մշակույթի քարտուղար (նախարար) տկն. Միրիամ Վաչես Պլագնոլի, տնտեսության զարգացման քարտուղար (նախարար) Խոսե Պալասիոս Խիմենեսի, տնտեսության զարգացման քարտուղարության ներդրումային ծրագրերի գլխավոր քարտուղար Էդուարդո Դելգադիլյո Դոմինգեսի, ինչպես նաև նորամուծության, գիտության և տեխնոլոգիայի նախարար Խայմե Ռեյես Ռոբլեսի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Խալիսկո նահանգի միջև տնտեսական, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ոսկերչության, ինչպես նաև գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները: Այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց Հայաստանի և նահանգի գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև կապերի խթանումը:
Հայաստան-Մեքսիկա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին Գվադալախարա քաղաքում մշակութային միջոցառումներ կազմակերպելու շուրջ:
Կարդացեք նաև
Տեղեկանք.
Մեքսիկայի Խալիսկո նագանգը երկրի ամենաարագ և դինամիկ զարգացող նահանգն է, տարածքը կազմում է շուրջ 78.5 հազար քառ. կմ, բնակչությունը 7.9 մլն. Մարդ: Համարվում է Մեքսիկայի «Սիլիկոնի հովիտը»: Նահանգի ՀՆԱ-ն կազմում է երկրի ՀՆԱ-ի 6.5%-ը կամ շուրջ 55.5 մլրդ. ԱՄՆ դոլար, 2015թ. արձանագրվել է նահանգի ՀՆԱ-ի 4.7% աճ: 2015թ. արտասահմանյան ուղղակի ներդրումները նահանգի տնտեսությունում կազմել են 2.4 մլրդ. ԱՄՆ դոլար կամ Մեքսիկայում ընդհանուր ներդրումների 8.8%-ը: Ներդրումները ուղղվել են բացառապես արդյունաբերական արտադրության ոլորտ: Նահանգը արտադրում է բարձր տեխնոլոգիաներ, սարքավորումներ, գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում նաև տեկիլա (2016թ. առաջին կիսամյակում Մեքսիկան արտահանել է 118 մլն. լիտր տեկիլա, որի մեծ մասը արտադրվել է Խալիսկո նահանգում):
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն