Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում նեղանում է իրավապաշտպանների տարածքը». Հովհաննես Մադոյան

Դեկտեմբեր 10,2016 17:15

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այս առթիվ Հյուման Ռայթս Հաուս Երևանը հանրային հանդիպում էր կազմակերպել՝ քննարկելու 2016-ին Հայաստանի իրավապաշտպանների առաջ ծագած մտահոգությունների շուրջ զեկուցումների եւ կոնկրետ ճնշումների ու հետապնդումների դեպքերը։

Քննարկման ընթացքում Հյուման Ռայթս Հաուս Երևան-ի համակարգող Հովհաննես Մադոյանը ասաց, որ Հայաստանում ոչ պետական կառույցները սահմանափակում են քաղաքացիական հասարակության գործողությունները. «Երբ որ սկսվում են հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ, եւ իրավապաշտպանների վրա ազդեցություն են գործում տարբեր, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ուրիշ խմբերի միջոցով»:

Նա նշեց, որ մարդու իրավունքների պաշտպան ասելով պետք է նկատի ունենալ նաեւ անկախ լրագրողներին, փաստաբաններին, գիտնականներին. «Հայաստանի վերջին իրադարձությունների ընթացքում մենք տեսնում ենք, որ լրագրողների, իրավապաշտպանների նկատմամբ կիրառված բռնությունները անպատիժ են մնացել, պատշաճ քննություն չի կատարվել: Այդ ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանում նեղանում է իրավապաշտպանների տարածքը»:

Սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը իր խոսքի ընթացքում անդրադարձավ լրատվամիջոցների աշխատանքներին: Նա նշեց, որ ուսումնասիրել են 10 լրատվամիջոցների աշխատանքը՝ թեմատիկ 2074 հոդված. «Երբ որ մենք փորձեցինք հասկանալ հանդուրժողականությունը, ապա այդ հոդվածների ճնշող մեծամասնությունում՝ մոտ 95 տոկոսում որեւէ դիրքորոշում արտահայտված չէր: Մի կողմից, կարծես թե սա թույլ է տալիս մտածել, թե ինչ լավ է իրավիճակը մեդիայում, մենք չունենք խնդիր, մարդիկ ուղղակի լուսաբանում են, բայց մյուս կողմից բոլորս հասկանում ենք, որ թագավորը մերկ է. ինչ-որ խնդիր կա:

Հասկացանք, որ ըստ էության, մեր մոտեցումը, որ ուղղված էր նրան, որ չափենք ինչքան են հանդուրժողական մոտեցում ցուցաբերում ի սկզբանե այդքան էլ ճիշտ չէ՝ մեր դաշտի առանձնահատկություններից ելնելով: Որովհետեւ կային քողարկված ռազմավարություններ, որոնք կիրառում են մեդիադաշտի տարբեր մասնակիցները, եւ իրականում դրանով չցուցաբերելով առերեւույթ հանդուրժողական դիրքորոշում նպաստում են իրավապաշտպանների եւ ակտիվիստների խոցելիության բարձրացմանը»:

Նա ընդգծեց, որ լրատվամիջոցներում սեփական խոսք չի արտահայտվում. «Փորձ է արվում վերապատմել ուրիշի ասածը, մեջբերել այլ աղբյուրների խոսքերը եւ այսպիսով քողարկել սեփական դիրքորոշումը: Հիմնականում այս անհանդուրժող մոտեցումը մի քանի ձեւ է տարածվում, օրինակ՝ երբ հոդվածների շարքը կառուցվում է մի տեսակետ հայտնելու միջոցով: Այսինքն՝ կարծես մեդիան դիրքորոշում չի հայտնել ընդամենը մեջբերել է մեկի խոսքը, բայց քանի որ անհանդուրժող խոսք է, ապա առավելապես տարածվելով մեդիայում, բնականաբար, ունենում է այդ հետեւանքը: Մյուս կողմից, եթե չափում եք հանդուրժողականությունը, կարծես թե մեդիայի հետ կապ չունի»:

Ուսումնասիրությունը կհրապարակվի հունվար ամսին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031