Լրահոս
Օրվա լրահոսը

2016-ին բացվել են հինգ գյուղական առողջության կենտրոններ

Դեկտեմբեր 10,2016 15:44

2016 թվականին ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն աշխատանքներն իրականացրել է հիմնականում երկու ուղղությամբ՝ հիվանդանոցային համակարգի արդիականացման և առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրի:

ՀՀ Նախագահի՝ տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը համահունչ մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակում տարեսկզբին շահագործման է հանձնվել Մեղրու տարածաշրջանային բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը, որը բնակչությանը որակյալ բժշկական ծառայություններ է մատուցում իրենց բնակավայրին մոտ:

Ընթացիկ տարում իրենց դռներն են բացել նաև նորակառույց հինգ գյուղական առողջության կենտրոններ` Արարատի մարզի Լանջազատ և Մխչյան, Լոռու մարզի Ուռուտ, Վայոց ձորի մարզի Շատին և Արագածոտնի մարզի Բյուրական համայքներում: Դրանք միաժամանակ ապահովվել են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով:

Ներկայումս սահմանված ժամկետների գերազանցմամբ ընթանում են Արտաշատի բժշկական կենտրոնի արդիականացման և Սևանի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները, որոնց ավարտը ակնկալվում է 2018 թվականին:
ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարություններից, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից հաստատված Կայուն զարգացման նպատակներով սահմանված թիրախներից է բխում 2015թ. սկզբից մեկնարկած ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված սկրինինգային ծրագիրը։ Բոլորին քաջ հայտնի է, որ մահացության կառուցվածքում 80 տոկոսը ոչ վարակիչ հիվանդություններն են, մասնավորապես` սրտանոթային հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները և շաքարային դիաբետը։

Առողջության առաջնային պահպանման օղակում՝ պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում, 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` ՊԱՊ թեստի հետազոտության միջոցով արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ ախտորոշման և կանխարգելման նպատակով: Մինչ օրս իրականացվել է 875 հազար հետազոտություն, այդ թվում՝ կանանց մոտ շուրջ 108 հազար ՊԱՊ թեստի, շուրջ 317 հազար քաղաքացու՝ արյան մեջ քաղցի գլյուկոզի և 450 հազար քաղաքացու՝ զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգային հետազոտություններ:

Խոցելի խմբերի ընդգրկվածությունը հնարավորինս մեծացնելու նպատակով դեռևս ծրագրի նախապատրաստական փուլից սկսած իրազեկման լայնածավալ աշխատանքները տարվել են: Նպատակը միաժամանակ առողջ ապրելակերպի քարոզչությունն է:

Արդիականացվել և ամենավերջին սերնդի բժշկական սարքավորումներով է հագեցվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որտեղ տեղակայվել են ոսկրածուծի փոխպատվաստման ծառայություն և ցողունային բջիջների լաբորատորիա: Ստեղծված հնարավորությունները կնպաստեն արյան չարորակ հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացմանը: Տարածաշրջանում առաջին անգամ կիրականացվեն ոսկրածուծի փոխպատվաստումներ, բարձր դեղաչափային քիմիաթերապիա և միջազգային չափորոշիչներնին համապատասխանող այլ միջամտություններ: Միաժամանակ, կենտրոնի մեծահասակների և մանկական 6 մասնագետ Համբուրգի Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկայում վերապատրաստվել է ծրագրի շրջանակում: Բազմաթիվ այլ մասնագետներ էլ աշխարհի առաջատար կլինիկաներում վերապատրաստումներ են անցել այլ ծրագրերով։ Հաշվի առնելով հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղների բուժման բացառիկ նշանակությունը` ծրագիրն իրականացվել է «Նվիրիր կյանք» Հայաստանի բարեգործական հիմնադրամի և ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Գալիք տարում մարզային բժշկական կենտրոնների արդիականացման և սկրինինգային ծրագրերի շարունակմանը զուգընթաց Վանաձորի բժշկական կենտրոնը կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով, կիրականացվեն Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման կառուցման աշխատանքները։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031