ԱՊՊԱ կազմակերպություններն այսօր գերշահույթներ են ստանում, քանի որ նրանց փոխհատուցումները կազմում են հավաքագրված գումարների գրեթե կեսը, մինչդեռ 75 տոկոս փոխհատուցելու դեպքում նույնիսկ նրանք շահած են դուրս եկել: Այսօր «Ազդակ» ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց «Տաքսու վարորդների անկախ արհեստակցական» կազմակերպության նախագահ Սերգեյ Գյոզալյանը: Նա ասուլիս էր հրավիրել՝ քննարկելու տաքսիների լիցենզավորման նոր կարգը, որը, պարոն Գյոզալյանի կարծիքով ունի դրական եւ բացասական կողմեր:
Սերգեյ Գյոզալյանի խոսքերով, ԱՊՊԱ կազմակերպությունները շահույթ հետապնդող են եւ, «եթե չլինի ախորժակների զսպման միտում՝ նրանք կցանկանան շահույթը բարձրացնել մինչեւ աստղաբաշխական թվերի, ինչի միտումն արդեն նկատելի է»:
Կազմակերպության ղեկավարի տվյալներով, 2015-2016 թթ-ին եղել է մոտ 32 մլն դոլարի ապահովագրություն, իսկ հատուցումները կազմել են ընդամենը 16 մլն դոլար. «Եկեք վերլուծենք տնտեսագիտորեն, ինչ է նշանակում, որ այս ոլորտը գերշահույթներ է ունեցել, այն դեպքում, երբ ԱՊՊԱ օրենքով պետք է շահույթը ողջամիտ լինի»:
Նա նաեւ նշեց, որ, եթե նախկին արտոնությունները ավելի շատ ոլորտը կայացնելու համար էին, հիմա անցել է հինգ տարի եւ դրույթները հիմա արդիական չէ եւ նրանք օրենք են խախտում: Պարոն Գյոզալյանը, օրինակ բերելով տաքսու ապահովագրությունն, ասաց, որ մի քանի վթար ունենալու դեպքում էլ տաքսիները տարեկան շուրջ 70 հազար դրամ միայն ապահովագրական վճար են վճարում, քանի որ տաքսու համար գործակիցը 1,8-ով ավելին է՝ քան սովորական մեքենաներինը:
Կազմակերպության ղեկավարը գտնում է, որ ԱՊՊԱ-ի կանոններում անհրաժեշտ են փոփոխություններ, քանի որ, եթե առաջ մեքենան վարորդն էր ապահովագրում, հիմա միայն սեփականատերը: Նա առաջարկեց ե՛ւ վարորդի, ե՛ւ սեփականատիրոջ տարբերակն էլ գործի:
Կարդացեք նաև
Մասնագետը խոսեց նաեւ լիցենզավորման կարգում առկա դրական միտումներից, ասելով, որ վթարից հետո ԱՊՊԱ-ի ժամանման ժամկետներ են կրճատվում, նաեւ փոխվում է կարգը եւ վթարից հետո մոտենում է քո ապահովագրական ընկերությունը, այլ ոչ թե նրանը, ում վնաս է հասցվել. «Վթարի եք ենթարկում, չգիտեիք, ով պետք է անի, եթե ձեր մեղքով չի, հիմա սրանով շուկայում մրցակցությունը կխթանվի»,-ասաց նա: Նաեւ ըստ նրա, ապրիլից կարող են ապահովագրել տերմինալից տվյալները մուտքագրելով:
Պարոն Գյոզալյանի ներկայացմամբ, Հայաստանում ապահովագրված է 5556 տաքսի, բայց իրականում դրանց թիվն ավելի շատ է:
Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ տաքսու ոլորտում անհավասար պայմաններ են գործում եւ այդ պատճառով էլ շատ տաքսու վարորդներ չեն լիցենզավորվում որպես տաքսի եւ էլեկտրոնային հաշվառման տաքսիներ են որպես ծառայություն մատուցում: Խոսքը «gg», «Յանդեքս» եւ համանման այլ ծառայությունների մասին է:
Ըստ պարոն Գյոզալյանի, դաշտը պետք է բոլորի համար լինի հավասար, կանոնները լինեն հստակ եւ վճարներն էլ պետք է նվազեցվեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ