Դեկտեմբերի 9-ին ՀՀ գրողների միության դահլիճում՝ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ՀՀ գրողների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց լեզվի հիմնախնդիրներ» կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար Պերճ Դեմիրճյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատողներ, գրողներ, մտավորականներ, հասարակության ներկայացուցիչներ:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի և Հայաստանի գրողների միության ղեկավարներին համագործակցության համար և հույս հայտնեց, որ քննարկման արդյունքում կստեղծվի լեզվի մաքրության պահպանման հարցերով մտահոգ, շահագրգիռ և գործունյա անձանց խորհուրդ:
Ծավալվեց լուրջ քննարկում լեզվի խնդիրների վերաբերյալ: Լեզվաբանները, գրականագետները, մտավորականները ներկայացրին իրենց պատկերացումները լեզվի անաղարտության պահպանման ուղիների, զարգացման հեռանկարների, գրական հայերենի երկու ճյուղերի լեզվավիճակների, դրանց դերի ու խնդիրների մասին:
Քննարկվեցին հայոց լեզվի անաղարտության պահպանման իրավական խնդիրները, տարբեր ոլորտներում լեզվի գործառության մերժելի երևույթները, հնչեցին գործնական առաջարկներ:
Կարդացեք նաև
ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Հայաստանի գրողների միության ներկայացուցիչների առաջարկով որոշվեց ստեղծել մասնագիտական խորհուրդ, որը լեզվական խնդիրների համակարգման հարցեր և լուծման ուղիներ կմշակի:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ