Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. արտգործնախարարներն էլ, դիվանագետներն էլ հրեշտակներ չեն. որևէ մեկը կարող է վրիպումներ էլ թույլ տալ, սայթաքում էլ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2016 13:09

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ Համբուրգում. ամբողջական տեքստ

Հարց. Պարոն նախարար, Ադրբեջանի արտգործնախարարը Համբուրգից առաջ պնդում էր, թե հայկական կողմը խուսափում է ԵԱՀԿ նախարարականի շրջանակներում համանախագահների կողմից առաջարկված նախարարների համատեղ հանդիպումից: Իսկ երեկ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը պաշտոնապես հայտարարել էր, թե Նալբանդյանի ապակառուցողական կեցվածքի պատճառով հանդիպումը չի կայանալու: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, Համբուրգից առաջ եռանախագահներն ընդամենը հույս էին հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել համատեղ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եվ որևէ հստակեցում, որևէ կոնկրետ առաջարկ չէր եղել: Օրեր առաջ ես Երևանում էլ, պատասխանելով մեր թղթակիցներից մեկի հարցին, ասացի, որ բացառված չէ, որ այդպիսի հանդիպում լինի, բայց դեռ հստակեցված չէ: Դրա մասին էր խոսքը: Երեկ եռանախագահներն առաջին անգամ հստակեցում մտցրին և կոնկրետ առաջարկ արեցին, և երեկ երեկոյան հանդիպումը կայացավ: Կարծեմ այդ տեղեկատվությունն արդեն տարածվել է:

Իրականում Հայաստանը երբեք չի հրաժարվել եռանախագահների կողմից առաջարկված որևէ հանդիպումից: Դա մեր գործելաոճը չէ: Դա ադրբեջանական գործելաոճ է: Հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ադրբեջանցիները հրաժարվում էին հանդիպել ոչ միայն հայկական կողմի հետ, այլ նաև հրաժարվում էին հանդիպել եռանախագահների հետ: Հիշում եք. տարվա սկզբին էր, և դա առաջին անգամը չէր: Դա բազմիցս եղել է և պարբերաբար կրկնվում է: Եվ ասել, թե հայկական կողմն է հրաժարվում, դա, իհարկե, սոսկ խեղաթյուրում է:

Ինչու՞ են դա անում: Կարծում եմ՝ պատճառները պարզ են, որովհետև Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս կյանքի չեն կոչվել: Ի՞նչ պատճառով: Հենց Ադրբեջանի պատճառով: Ադրբեջանն է խոչընդոտում այդ պայմանավորվածությունների իրականացմանը: Եվ, փորձելով ապատեղեկատվություն տարածել՝ իբրև թե հայկական կողմը հրաժարվում է հանդիպումից, ապակառուցողական դիրքորոշում ունի, փորձում են հիվանդ գլխից առողջի վրա բարդել կամ այլոց վրա մեղքը փոխադրել: Սուտ են տարածում: Սուտ, որի պոչը, ինչպես ասում են, կարճ է, բայց այս անգամ կարելի է ասել, որ Բաքվի երևակայության պոչն էլ է կարճ: Ռուսական լավ ասացվածք կա՝ ложь на тараканьих ножках: Սա է ամբողջ պատմությունը:

Կարևոր էր, որ եռանախագահող երկրները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախարարների մակարդակով հայտարարություն հրապարակեցին, ինչպես և ավանդաբար լինում է յուրաքանչյուր ԵԱՀԿ նախարարականին: Նաև գաղափար կար, որ հնարավոր է կազմակերպել նաև հանդիպում արտգործնախարարների մակարդակով, այսինքն՝ եռանախագահ պետությունների և Հայաստանի ու Ադրբեջանի:

Չնայած դա ինչ-ինչ պատճառներով չստացվեց. Չստացվեց, քանի որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը պետք է ավելի շուտ մեկներ Համբուրգից:

Բայց, ինչպես ես նշեցի, երեկ երեկոյան, եռանախագահող երկրների դեսպանների՝ Պոպովի, Ուորլիքի, ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում եղավ:

Հարց. Պարոն նախարար, կարո՞ղ եք հստակեցնել, թե ի՞նչ խնդիրներ են քննարկվել, եթե բլոկների բաժանենք: Որովհետև երեկ մենք հետևեցինք ԵԱՀԿ նախարարական խորհրդի նստաշրջանին Ադրբեջանի ԱԳ նախարարի ելույթին, որտեղ հստակ մեղադրանքներ կային: Ադրբեջանը բառացիորեն ասում է, թե Հայաստանն է խոչընդոտում Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Բայց միևնույն ժամանակ, ինչպես Դուք նշեցիք, մերժելու և ընդունելու այս մակընթացության մեջ, հետո հանդիպում է հայ գործընկերոջ հետ: Ի՞նչ խնդիրներ են քննարկվել:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, հանդիպումն ինքնին արդեն կարևոր էր: Կարևոր էր այն իմաստով, որ վերջին անգամ հանդիպել էինք կարծեմ Վարշավայում: ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ կազմակերպվել էր հանդիպում եռանախագահների և երկու ԱԳ նախարարների միջև, դա հուլիս ամսին էր, և հինգ ամիս է արդեն ինչ հանդիպում տեղի չէր ունեցել: Եվ այդպիսի հանդիպման կազմակերպումն ինքնին կարևոր էր: Ի՞նչ կարող է ընդհանրապես քննարկվել այդ կարգի հանդիպումներում:

Այդ մասին ոչ թե Ադրբեջանի արտգործնախարարի կամ խոսնակների ելույթներից պետք է դատեք, այլ պետք է ուշադրություն դարձնեք այն հայտարարության վրա, որն արել են եռանախագահող երկրները:

Այդտեղ հստակորեն նշված են բոլոր այն խնդիրները, որոնք եռանախագահները ցանկանում են քննարկել կողմերի հետ կամ մտադիր են բարձրացնել կողմերի հետ: Դա է հիմնականը, ինչ կարող էր քննարկվել այդ կարգի հանդիպումներում:

Այն ինչ ասում է Ադրբեջանի նախարարը, դա իր գործն է, բայց նայեք, թե ինչ է ասում Հայաստանի արտգործնախարարն իր ելույթում, և ինչ են ասում եռանախագահները: Այսինքն` մենք ինչ ենք ասում և ինչ են ասում եռանախագահող երկրները. ասում են, որ իրենք խստորեն դատապարտում են ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: Ո՞ւմ է ուղղված դա: Պարզ է, թե ում է ուղղված: Մենք միշտ հանձնառու ենք ուժի չկիրառմանը և ուժի սպառնալիքի չկիրառմանը: Ադրբեջանն է, որ ամեն կերպ խուսափում է դրան հղում կատարել, և գնաց ոչ միայն սպառնալիքի, արդեն ոչ միայն ուժի կիրառմանը, այլև գնաց խաղաղության դեմ հանցագործության։ Այսպես կարող ենք ասել, որովհետև ապրիլի սկզբին լայնածավալ ագրեսիա իրականացրեց, որի ընթացքում կատարվեցին զարհուրելի բարբարոսություններ: Եռանախագահներն իրենց հայտարարության մեջ խստորեն դատապարտում են բարբարոսությունները, որոնք կատարվել են ապրիլի սկզբին:

Հարց․ Բայց չէին նշում, թե ովքեր են կատարել…

Էդվարդ Նալբանդյան․ Դե գիտեք ինչ, կարծում եմ նրանք, ովքեր զբաղվում են այս հարցով, լավ էլ պատկերացնում են, լավ էլ գիտեն, թե ում մասին է խոսքը: Եռանախագահները միջնորդներ են, մենք էլ կցանկանայինք, որ հասցեական լինեին, իհարկե, դա ճիշտ է, բայց եռանախագահները միջնորդներ են և պետք է փորձեն դիվանագիտական լեզվով արտահայտվել։ Դիվանագիտական լեզուն էլ շատ հստակ մատնանշում էր այն, ինչի մասին խոսում ենք:

Հարց. Համենայնդեպս, Շտայնմայերը խոսեց այդ մասին…

Էդվարդ Նալբանդյան․ Այո, Շտայնմայերն ասաց` ես չեմ ուզում մատնանշել, բայց պարզ է, թե ով է: Այսինքն, այստեղ հստակ է:

Ինչի՞ մասին էին խոսում եռանախագահները. որ պետք է անխտիր հանձնառու լինել և կատարել 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերը: Իսկ ո՞վ է հրաժարվում դրանից: Ադրբեջանն է հրաժարվում, հայտնի չէ՞: Այսինքն, իրենք պետք է ասեին` թող Ադրբեջա՞նը կատարի: Դրա մասին էլ են նշել։ Ես բացեմ որոշ փակագծեր. ոչ այս հրապարակավ հայտարարության մեջ, բայց համանախագահները նամակներ էին ուղարկել Նյու Յորք և Վիեննա, ես մեկ անգամ դրա մասին արդեն ասել էի, որտեղ, ի պատասխան Ադրբեջանի փորձերին հարցականի տակ դնել այս եռակողմ անժամկետ համաձայնագրերի ուժի մեջ գտնվելը, եռանախագահող երկրներն ասեցին՝ ոչ, այս համաձայնագրերը ուժի մեջ են և պետք է անխտիր դրանք կատարվեն: Այս անգամ ևս մեկ անգամ, ինչպես ասում են, մատնանշեցին:

Եռանախագահները խոսեցին նաև երեք սկզբունքների մասին, որոնց հղում կատարելուց անգամ խուսափում է ո՞վ՝ Ադրբեջանը, ոչ թե մենք: Դուք գիտեք, որ մեր Հանրապետության Նախագահը բազմիցս ընդգծել է, որ այո, երեք սկզբունքները, հայտնի սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, այս սկզբունքները հիմնախնդրի կարգավորման հիմքում են:

Ադրբեջանը փորձում է ոչ միայն անտեսել, այլև որևէ ձևով հղում չկատարել այս երեք սկզբունքներին: Ոչ միայն այդ սկզբունքներին: Գիտեք, քանի անգամ է եղել, որ ադրբեջանցիները հրաժարվել են որևէ հիշատակում կատարել, որևէ հղում կատարել համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հինգ հայտարարություններին: Իսկ դրանք այն հիմնական, հիմնարար փաստաթղթերն են, որոնք վերաբերում են խնդրի խաղաղ կարգավորմանը:

Այս անգամ եռանախագահները նաև ընդգծեցին այն տարրերը, որոնք ընդգրկված են հենց Լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Լոս Կաբոսի, Դովիլի, Էնիսկիլենի հայտարարություններում որպես մեկ անբաժանելի ամբողջություն և որպես հիմնախնդրի կարգավորման հիմք: Ո՞ւմ է սա ուղղված: Հայաստանի՞ն: Իմ ելույթի մեջ էլ էի ես դրա մասին խոսում: Ո՞ւմ են ուղղված մնացած այդ կոչերը: Իմ ելույթի մեջ էլ ես նորից ասում էի, որ պետք է բացառվի ուժի կիրառումը, որովհետև ինքնորոշման սկզբունքի դեմ ուժի կիրառումն է ստեղծել այս հակամարտությունը: Եվ առաջին հերթին սրանով պետք է զբաղվել, պետք է բացառվի սա, պետք է անշեղորեն կատարվեն Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել կարգավորման գործընթացում: Նույնն ասեցին եռանախագահները:

Հարց. Պարոն նախարար, երկու հարց: Փաստորեն երկու երկրների արտգործնախարարները հանդիպում են, և այնպիսի տպավորություն է, որ դեռ չկա համապատասխան դիվանագիտական մթնոլորտ, որպեսզի երկու նախագահները հանդիպեն, կամ դրա անհրաժեշտությունը չի առաջանում: Արդյոք հնարավոր եք համարում մոտ հեռանկարում երկու երկրների նախագահների հանդիպումը, ինչի մասին խոսում էին կամ ցանկություն էին հայտնում եռանախագահ երկրները, նրանց դեսպանները: Եվ երկրորդը, այս ընթացքում՝ 23-րդ նստաշրջանին, կարծեք, լեզվաբանական, տերմինաբանական մի անպատեհ մթնոլորտ էր ստեղծվել հակամարտությունների մասին խոսելիս: Օրինակ, պետքարտուղար Ջոն Քերին վրիպում թույլ տվեց իր ելույթում՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի՝ որպես հակամարտության կողմերի մասին: Նորվեգական պատվիրակությունը, բրիտանական պատվիրակությունը, որը գիտենք, անընդհատ ասում է «conflict in Azerbaijan»: Այսպիսի տերմինաբանական սայթաքումների, սխալների մասով, վստահ եմ, որ մեր արտգործնախարարության համապատասխան օղակներն աշխատում են: Որևէ փոփոխության ակնկալիք կամ արդյունք կա՞, թե՞ ոչ:

Էդվարդ Նալբանդյան․ Դուք ճիշտ բնութագրեցիք՝ վրիպումներ, սայթաքումներ կարող են լինել, և լավ է, որ չլինեն, բայց արտգործնախարարներն էլ, դիվանագետներն էլ հրեշտակներ չեն. որևէ մեկը կարող է վրիպումներ էլ թույլ տալ, սայթաքում էլ։ Բայց դուք նայեք այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են, որոնք հենց երեկ ընդունվեցին երեք արտգործնախարարների կողմից, որտեղ որևէ այդպիսի ոչ միայն վրիպում կամ սայթաքում չկա, այլ հստակ ամեն ինչի մասին ասված է այն ձևով, ինչպես որ եռանախագահների դիրքորոշումն է: Դա պետք է ընդունել որպես հիմք:

Եվ երկրորդը, Դուք ասում էիք արդյոք հնարավո՞ր է ակնկալել նախագահների մակարդակով հանդիպում։ Բացառված չէ, բայց այդ կարգի հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ նախապատրաստվեն: Որովհետև եթե մեր հարևան երկրից հենց Համբուրգից առաջ հնչում են հայտարարություններ, որ միջազգային իրավունքը ոչինչ է, ուժն է ամենակարևորը, սրանք արդեն վրիպումներ կամ սայթաքումներ չեն։ Չէի ցանկանա ավելի կոպիտ խոսք օգտագործել, բայց սրանք առավել կոպիտ խոսքերի կարիք ունեն։ Ու ոչ միայն իմ կարծիքով, այլ նաև իմ գործընկերների, որոնց հետ ես հնարավորություն ունեցա հանդիպել այս ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում։ Նրանք նույն կարծիքն ունեին: Այսպիսի հայտարարություններ լսել 21-րդ դարում որևէ երկրի ղեկավարության կողմից, սա արդեն լուրջ ինչ-որ գործընթաց է, որը ցույց է տալիս, որ իրականությունից լրիվ կտրվել են այդ մարդիկ:

Հասկանում եք, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման տրամաբանությունը, որն առաջարկում են եռանախագահող երկրները, և այն տրամաբանությունը, որով առաջնորդվում է ադրբեջանական կողմը, որևէ ձևով չեն համընկնում, այլ հակասում են իրար, և ինչքան գնում, այնքան ավելի են հակասում:

Տեսեք, ադրբեջանական պատվիրակության երեկվա այդ նույն ելույթը, հասկանում եք, մեկ բան են ասում եռանախագահող երկրները, և դա մեկ երկիր չի ասում, սա երեք երկիր չեն ասում, որովհետև եռանախագահող երկրներն ունեն մանդատ ԵԱՀԿ բոլոր 57 երկրներից, ուստի, համապատասխանաբար, իրենք խոսում են միջազգային հանրության անունից, և մեկ լեզվով: Ու դրան ի պատասխան` ադրբեջանական կողմից ամեն անգամ հնչում են նոր սպառնալիքներ, և, հայտարարելով, որ միջազգային իրավունքը չի գործում, որ այս կամ այն պետք է անենք… իրենք իրենց փակուղու մեջ են դնում:

Չե՞ք նկատել, որ քանի որ Բաքուն որևէ մեկի կողմից չի գտնում այս շրջանակներում որևէ տեսակի ըմբռնում, իրենք փորձում են ինչ-որ այլ մոլորակներ գնալ` փնտրելու, թե ով կարող է սայթաքումներով կամ վրիպումներով իրենց ջրաղացին ջուր լցնել, որպեսզի ասեն, թե` տեսա՞ք՝ այլ դիրքորոշում էլ կա: Իսկ դիրքորոշումն այն է, ինչը երեկ ասվեց համանախագահ երկրների հայտարարության մեջ:

Հարց․ Մեկ ճշտող հարց․ եղել են դեպքեր, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությանը միացել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, օրինակ՝ Հելսինկիում (2008թ․), որտեղ եղավ հինգ նախարարների հայտարարությունը։ Արդյո՞ք առաջարկ եղել է մեր կողմին և ադրբեջանցիներին, որպեսզի միանանք այդ հայտարարությանը, և եթե այո, ընդունվե՞լ է այն, թե՞ ոչ։

Էդվարդ Նալբանդյան․ Ինչպե՞ս եք կարծում, արդյոք կարո՞ղ էր Ադրբեջանը միանալ այն հայտարարությանը, որը երեկ արեցին եռանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները։ Ոչ։

Մենք կարող էինք միանալ։ Եվ այն, ինչ այսօր ասացի ձեզ, նշանակում է, որ մենք, այո, կարող էինք միանալ դրան, սակայն այդպիսով կստացվեր 3+1 ձևաչափով հայտարարություն։ Սա է հարցը։ Եվ դա է պատճառը, որ շատ երկար ժամանակ է, որ Ադրբեջանի մոտեցումներն ու դիրքորոշումները բառիս բուն իմաստով հակասում են այն դիրքորոշմանը, որն ունեն միջազգային հանրությունը և եռանախագահող երկրները։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է հուսահատվել, կամ ասել, որ անհնար է որևէ բան անել։ Միշտ պետք է տրամադրվել՝ շարունակելու բանակցային գործընթացը, քանի որ այն այլընտրանք չունի, և Հայաստանը եռանախագահող երկրների հետ միասին շարունակելու է համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն այն հիմքի վրա, որն առաջարկում է միջազգային հանրությունը, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, այն երեք սկզբունքների, որոնց մասին խոսում են համանախագահ երկրները:

Եվ, իհարկե, պարզ է, թե, ըստ եռանախագահների ինչն է ընկած հիմքում, որն է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ և վերջնական կարգավիճակը, որ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով: Սա է ընկած այդ հիմնախնդրի կարգավորման հիմքում: Երբ որ ադրբեջանցիները վերադառնան կառուցողական դաշտ, այդ ժամանակ, իհարկե, հնարավոր կլինի շարժվել դեպի կարգավորում:

Հարց․ Այսօր Լավրովը խոսել է դիտորդական թիմի մեծացման մասին՝ ակնարկելով, որ կան տարաձայնություններ թե որտեղ նրանք պետք է տեղակայվեն։ Նրա խոսքով, Ռուսաստանը կողմնակից է, որ նրանք լինեն հենց շփման գծում, կխնդրեի, եթե հնարավոր է, բացել փակագծերը, և սրանից ելնելով, արդյո՞ք ինչ-որ փոփոխություն կա միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման գաղափարի շուրջ։

Էդվարդ Նալբանդյան․ Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ներկայացնել, թե` ոչ, որևէ հարցով որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել՝ թե միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ, թե Կասպշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ, և շարունակում է պնդել դրա վրա։

Երեկվա հայտարարության մեջ եռանախագահները ոչ միայն ընդգծեցին «Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները», այլև հստակ նշեցին, որ պետք է առաջընթաց գրանցել մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության հարցում։ Հստակ ասվեց դրա մասին։

Երկրորդը․ հստակ նշվեց, որ պետք է վերացվեն խոչընդոտներն այն ճանապարհին, որը տանում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը։ Ինչի՞ մասին է գնում խոսքը։ Գիտեք, եթե թիվը մի քանի հոգով ավելացվի, դա շատ բան չի փոխելու։

Կան կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ ոչ թե 5, 10 կամ 20 հոգու մասին է խոսքը, այլ մի քանի հարյուր հոգի է ավելացվել, և դա էլ շատ բան չի փոխել։ Բայց շատ կարևոր է, որ ինչ-որ խորհրդանշական, սիմվոլիկ մի քայլ արվի, որ երևա, որ` այո, շարժվում ենք առաջ, որ պետք է ավելացվի այդ դիտորդական առաքելության անդամների քանակը, որակը, արդյունավետությունը։

Ադրբեջանն ընդհանրապես ի սկզբանե դեմ էր։ Այժմ էլ ասում է՝ եկեք ավելացնենք մի քանի հոգով, խոսքը 7 հոգու մասին է, բայց եկեք նրանց չտեղակայենք շփման գծում, չտեղակայենք տարածաշրջանում, այլ ուղարկենք Բաքու, Թբիլիսի, Երևան, թող այնտեղ նստեն, և հետո թույլտվություն հարցնեն Ադրբեջանից, թե երբ գան, կամ չգան այնտեղ։

Եվ ինչո՞ւմն է կայանալու այդ դիտորդական առաքելության արդյունավետությունը։ Բացի դրանից կան այլ խոչընդոտներ։ Մինչ այսօր բազմաթիվ հանձնաժողովների նիստեր են եղել ԵԱՀԿ շրջանակներում, այդ թվում՝ ֆինանսական, որոնց ընթացքում միայն Ադրբեջանը վետո է կիրառել, այսինքն` խոչընդոտել է, որ ֆինանսավորումը տրամադրվի, և այդ թիմն ընդլայնվի և հնարավորություն ունենա ավելի արդյունավետ ձևով աշխատել: Սրա մասին է խոսքը:

Ես տեղյակ չեմ, թե Լավրովն այսօրվա ասուլիսի ժամանակ ինչ է ասել, բայց կարծում եմ, որ նույն բանը, քանի որ հենց սրա մասին է խոսքը։

Իսկ մեխանիզմի վերաբերյալ Բաքուն ասում է, որ դա ընդհանրապես պետք չէ՝ «ինչի՞ համար է դա պետք, մենք կարող ենք մեխանիզմ ստեղծել, երբ կարգավորումը կլինի»։ Երբ կարգավորումը լինի, ի՞նչ միջադեպերի հետաքննության մեխանիզմի մասին կարող է խոսք լինել։ Իրենք, փաստորեն, կրկին իրենց դնում են փակուղու մեջ։ Ամբողջ աշխարհը մի բան է խոսում, իրենք այլ բան հասկանում. ծուռ հայելիների թագավորությունում են ապրում։ Մյուսներին էլ փորձում են պարտադրել իրենց տեսակետները։ Սա է հարցը։

Բայց եռանախագահները չեն հուսահատվում, և Հայաստանն էլ չի հուսահատվում։ Եռանախագահների հետ շարունակելու ենք ջանքերը։ Առաջին հերթին ինչի՞ մասին այսօր կարող է խոսք գնալ. դա Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է և, ամենակարևորը՝ անվերապահ հանձնառությունը 1994-1995թթ․ զինադադարի համաձայնագրերի կատարման, բացառապես խաղաղ կարգավորման և, իհարկե, այս մեխանիզմի ստեղծման նկատմամբ: Դա կարող է լինել ոչ միայն հետաքննության, այլև զսպման մեխանիզմ, մի բան, որը կսահմանափակի լարվածությունը տարածաշրջանում և ավելի բարենպաստ մթնոլորտ կստեղծի բանակցային գործընթացում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031