Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Լարսն առավել խնդրահարույց է դարձել. 168 ժամ

Դեկտեմբեր 10,2016 11:57

Հատկապես վերջին 2 տարիներին (Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո) Լարսն առավել խնդրահարույց է դարձել։ Ինչպես հիշում եք, այս տարվա հունիսի վերջին տեղացած հորդառատ անձրևների պատճառով Թերեք գետը հունից դուրս եկավ և փոխեց ուղղությունը՝ հեղեղելով Թբիլիսի-Վլադիկավկազ ճանապարհի մի հատվածը։ Հայաստանին Ռուսաստանի և այլ երկրների հետ կապող միակ ցամաքային ճանապարհը դարձավ անանցանելի՝ փաստի առաջ կանգնեցնելով բեռնափոխադրողներին և հերթական անգամ հիշեցնելով, թե որքան խոցելի վիճակում ենք տրանսպորտային հաղորդակցության հարցում։ Բեռնափոխադրումները վերականգնվեցին մոտ 1 ամիս անց։ Իսկ դա ծիրանի արտահանման ակտիվ սեզոնն էր, և բերքի մի զգալի մասը ճանապարհին փչացավ։

Այժմ էլ՝ ձյունն է պատճառը։ Մեր տեղեկություններով՝ հայաստանյան «Սպայկա» ընկերությունը պատրաստ է իր տեխնիկայով ապահովել բեռնատարների փոխադրումը, սակայն վրացական կողմը համաձայն չէ։

Կարճ ասած, անելանելի վիճակ է, բեռնափոխադրողների ճակատագիրը կախված է բնության քմահաճույքներից ու վրացական իշխանությունների որոշումից։

Սակայն հարցն իրականում ավելի խորն է։ Լարսի ճանապարհը, ըստ էության, լրջագույն ու պարբերաբար կրկնվող խնդիր է դարձել Հայաստանի համար։ Առանց չափազանցության՝ կարելի է ասել, որ սա երկրի անվտանգության հետ կապված հարց է և պետք է վերջնական լուծում ստանա։ Սակայն այնպիսի տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները այնքան էլ լուրջ կարևորություն չեն տալիս դրան, կամ՝ հնարավորություն չունեն այն լուծելու։

Լուծումներից մեկն այլընտրանքային ճանապարհ գտնելն է։ Նման ճանապարհ, ի դեպ, կառուցել պետք չէ. այն կա։ Վարորդներն ասում են, որ այդ ճանապարհը նորմալ վիճակում է։ Այն մի փոքր երկար է, սակայն ավելի անվտանգ է, հեղեղումների վտանգ չկա և շահագործելի է տարվա բոլոր եղանակներին։ Այսինքն՝ բեռնափոխադրողները դեմ չեն օգտագործել այդ ճանապարհը։

Խնդիրը, սակայն, այն է, որ այն անցնում է Հարավային Օսիայով։ Իսկ Վրաստանից հնարավոր չէ մուտք գործել Հարավային Օսիա՝ հասկանալի աշխարհաքաղաքական պատճառներով։

Ի դեպ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն այս տարվա հունիսի վերջին հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում վրացական և ռուսական կողմի հետ՝ այլընտրանքային ճանապարհի համար։ Սակայն այդ հայտարարությունից 2 օր անց Հարավային Օսիայի նախագահի մամուլի խոսնակ Հանա Յանովսկայան ասաց, որ Հարավային Օսիան չի ստացել որևէ դիմում Հայաստանից՝ հայկական բեռնատարներն իր տարածքով տարանցելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղվեց, թե, ի վերջո, ինչպե՞ս են Վերին Լարսի հարցը լուծելու, որը, արդեն երկու օր է՝ փակ է: «Հնարավոր չէ՞ մեր հարևանների հետ լուծում գտնել» հարցը գինու արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցչինն էր: «Հնարավորություն միշտ ունենք, բանակցում ենք այս պահին, բայց բարդ խնդիր է»,- խոստովանել էր վարչապետը: Ըստ նրա՝ անցակետը հետաքրքիր է Հայաստանի համար, բայց ներդրումների կարիք ունի, որպեսզի թողունակությունը մեծանա: «Բայց քանի որ Ռուսաստանի և Վրաստանի սահման է, հնարավորություն չունենք. կողմերից մեկը համաձայն է ներդրումներ անել, մյուսն այդքան էլ շահագրգռված չէ, բայց բանակցություններ գնում են»,- ասել էր նա:

Այսինքն, որքան էլ ցավալի է, պետք է համակերպվենք, որ Ռուսաստանի և ԵՏՄ-ի հետ ցամաքային այլ ճանապարհ չենք ունենալու՝ Լարսի ճանապարհից բացի։ Իսկ դա նշանակում է, որ առատ ձյունը կարող է փչացնել 170 միլիոնանոց շուկայի պոտենցիալը։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031