Լրահոս
Օրվա լրահոսը

Դու իմ աղետն ես… եւ ես` քո գոտին…

Դեկտեմբեր 10,2016 17:00
merujan Ter-Gulanyan

Այս անցնող եւ շատ պատկերներ իր օրերի ծալքերում թաքցնող տարիների ընթացքում համառորեն չուզեցի, թերեւս չկարողացա գրի վերածել այն, ինչը որ իմ աչքով տեսա դեկտեմբերի յոթի գիշերը. մեծ, մեղավոր լիալուսնի լույսով ողողված` ավերված տաճարի սառը ֆոսֆորափայլ առկայծումը, փողոցներում վառվող կրակները եւ դրանց շուրջ հավաքված, ծածկոցների մեջ կուչ եկած մարդիկ, որոնք զարմանալիորեն խոսում էին անհասկանալի բաներից. ոչ ոք լաց չէր լինում: Ավերված տաճարի սառը ֆոսֆորափայլը ասես թափանցել էր նրանց հոգիներից ներս եւ քարացրել նրանց:

Հիմա էլ տեսնում եմ այդ պատկերը եւ Դանիել Գասպարյան ընկերոջս դողդողացող ձեռքի մեջ կոնյակի շիշը, որ ինձ համոզում էր խմել…

Այնինչ, այդ երբ էր, ես ընդամենը հինգ տարեկան էի. տատս կար, պապս կար, մայրս, հորաքույրներս կային, ու Ջավախքից գալիս էինք Գյումրի, որտեղ ինձ Յոթվերք եկեղեցում պետք է մկրտեին: Ես կյանքում առաջին անգամ էի տեսնում այդպիսի կենդանի, խնկաբույրով ապրող տաճար. կիսախավարի մեջ դողդողացող մոմերի լույսը, քահանայի երգեցիկ ձայնը եւ բազմաթիվ խաչակնքող մարդիկ: Ես` երեխաս, թերեւս հստակ չէի հասկանում, թե ինչին եմ առնչվում, բայց հաստատ հիշում եմ, որ հանդիսավոր, խորհուրդ ունեցող ինչ-որ բան էր կատարվում ինձ հետ, որից հետո, կարծես թե, ես այլեւս պիտի փոխվեի:

Ի՜նչ գեղեցիկ ժամանակներ էին, Տեր Աստված, ինչքան գեղեցիկ էր Գյումրի` իմ տեսած առաջին մեծ քաղաքը…

Հետո արդեն, իմ անքնության պահերին, պատկերանում է ինձ ընկերոջս դողդողացող ձեռքի մեջ կոնյակի շիշը եւ իմ տագնապած հայացքը, որ լուսնի լույսի տակ փնտրում էր Յոթվերքը:

Հրաշք էր. ավերակների մեջ Յոթվերքը կանգուն էր, որ Աստվածածին կիսավեր տաճարի ֆոսֆորափայլ լույսի հարեւանությամբ տեսանելի էր ահեղ մենության մեջ` որպես կյանքի շարունակականության տարտամ հույս՝ իր անունը վերակերտած եւս մի վերքով, եւ գոտի, որը գրկելու էր վիրավոր քաղաքը, որպեսզի իր ցավի հետ մենակ չթողնի եւ ցույց տա ճանապարհը դեպի հազարամյակների միջով անցած, բայց երբեք չծերացած, հավերժական մանուկ Գյումրին` իմ ու ձեր կնունքի վայրը…

 
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

09.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031