Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը՝ նախարար Սուրեն Կարայան, մշակել է «Հայաստանի իրավազորություն» ծրագիր: Դեկտեմբերի 8-ին կառավարությունը հաստատեց ծրագիրը: «Անվտանգ, բարենպաստ եւ հասանելի» կարգախոսով ծրագրով ստեղծվելու է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ:
Ծրագրի նպատակն է ֆինանսական, հարկաբյուջետային, պետական գրանցումների եւ դատական ոլորտներում ենթակառուցվածքային լուծումներ նախապատրաստել եւ խթանել, օրենսդրական եւ ենթաօրենսդրական փոփոխությունների նախագծեր մշակել, այդ լուծումներից օգտվող կազմակերպությունների ու դրանց աշխատողների եւ մասնակիցների համար միջազգային լավագույն փորձի հիման վրա գրավիչ միջավայր ստեղծել` ՀՀ ներգրավելով ֆինանսական միջոցներ, տեխնոլոգիաներ, մասնագիտական կարողություններ, օժանդակելով բարեփոխումներին իր իրավասությունների շրջանակում, նպաստելով Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը` որպես գրավիչ եւ մրցունակ իրավազորություն:
Հիանալի է: Սակայն ծրագրում մի կետ կա, որը առնվազն տեղին չէ: Սուրեն Կարայանը գրել է. «Հայաստանի Հանրապետությունը իր 25 տարվա զարգացման ընթացքում ցուցաբերել է դրական տնտեսական աճ եւ քաղաքական կայունություն»։ Բայց վարչապետ Կարեն Կարապետյանը երկու ամիս առաջ պաշտոնապես ասաց, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է: 25 տարվա դրական տնտեսական աճը չի բերում չափազանց ծանր վիճակի: Կամ էլ վերջին 21 տարում ֆինանսների եւ տնտեսության ոլորտում տարբեր պաշտոններ զբաղեցրած ՀՀԿ-ական Սուրեն Կարայանը համամիտ չէ վարչապետի հետ, ըստ նրա՝ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում չէ: Իսկ Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, «Սասնա ծռերի» պատմությունը, արտագաղթը ոչ մի կերպ չեն կարող քաղաքական կայունության հայտանիշ լինել:
ՀՀԿ նոյեմբերի 26-ի համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ բոլորը պետք է ընդունեն, որ ցանկացած հանրային խոսք լուրջ նախապատրաստում եւ տնային աշխատանք է պահանջում: Վարչապետին հրապարակավ հակադրվելը նշանակում է, որ Սուրեն Կարայանը տնային աշխատանքը չի կատարել:
Կարդացեք նաև
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
09.12.2016