«Եթե չեն միջամտելու, այլ դիտարկելու են, ողջունում եմ: Եթե միջամտելու են, ով ուզում է լինի, անընդունելի է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով «Արդարություն Հայաստանում» ստորագրահավաքը նախաձեռնողների մտադրությանը` վերահսկել ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: «Մեզնից շատ ոչ ոք ավելի շահագրգիռ չէ ազատ ու օրինական ընտրություններ անցկացնելու եւ ընտրական գործընթացների որակը բարձրացնելու համար»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը: Հիշեցնենք. «Արդարություն Հայաստանում» ստորագրահավաքի նախաձեռնողներից է ամերիկահայ հայտնի երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը: Նախաձեռնությանը մասնակցում են նաեւ կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, սփյուռքահայ երգիծաբան եւ արվեստագետ Վահե Բերբերյանը, ամերիկահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանը, դերասան Հրանտ Թոխատյանը:
Էդուարդ Շարմազանովը ողջունում է Սփյուռքի մեր քույրերի եւ եղբայրների ներգրավվածությունը համահայկական օրակարգին: Նրանց դիտորդական առաքելությանն անդրադառնալով էլ՝ շարունակեց. «Ամենաշատը մենք ենք պայքարելու խախտումների դեմ ու դա արդեն ապացուցել ենք Ընտրական օրենսգրքի ընդունումով: Կարծում եմ՝ վերահսկողների պակաս չունենք: Բայց օժանդակողների կարիք շատ ունենք»:
Ն. Գ.
Կարդացեք նաև
«Առավոտ»
09.12.2016