Տարածքը հսկող տեսախցիկը ֆիքսել է` իրականում ով է սարքը կոտրել
Աննան իրեն մեղավոր է ճանաչել: Նա մշտական բնակության վայր չի ունեցել եւ մոր հետ բնակվել են Հանրապետության հրապարակում։ Դատաքննության փուլում մայրը մահացել է։
Աննա Սեւլիկյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատազրկվել է 1 տարի 3 ամիս 18 օր ժամկետով։ Դատարանը սահմանել էր փորձաշրջան 1 տարի ժամկետով եւ նրա վարքագծի նկատմամբ հսկողությունը դրել ՀՀ ԱՆ համապատասխան ծառայության վրա։ Դատարանը հաշվի էր առել այն, որ դատական քննության ընթացքում Աննան 8 ամիս 12 օր կալանքի տակ է գտնվել: Նա ազատվեց դատական նիստերի դահլիճից դատավճիռը հրապարակվելուց հետո:
Այս գործով տուժողը Պավել Գուրօղլյանն է՝ «Վերնիսաժ» տոնավաճառի տնօրենը:
Ըստ նրա ցուցմունքի, անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին իրեն է զանգել տոնավաճառի՝ սուրճի սարքը սպասարկող արհեստավորը եւ հայտնել, որ տոնավաճառում տեղադրված սրճեփ սարքը կոտրված է. «Լսելով այդ, անմիջապես զանգահարեցի ոստիկանություն, որից հետո՝ 4-5 ժամ անց, գնացի տոնավաճառ։ Հասել եմ դեպքի վայր, տեսել եմ, որ սրճեփ սարքը ջարդված է, իսկ դրա անվտանգության համար նախատեսված պաշտպանիչ ճաղավանդակներով վահանակը հանված է՝ ընկած գետնին։ Զրուցել եմ մասնագետի հետ, որը զբաղվել է սրճեփ սարքի սպասարկմամբ: Նա ասաց, որ սարքից ինչ-որ մաս է բացակայում, չգիտի հափշտակված մասի անվանումը։ Այնուհետեւ, դիտեցի տեսախցիկով ֆիքսված տեսագրությունը. պատկերված էին մի աղջիկ եւ երեք տղա։ Տղաներից մեկի ձեռքում կար մետաղյա ձող, որով կոտրել եւ հանել էր սարքի պաշտպանիչ շերտը։ Դիտելով մեկ այլ տեսագրությունը, տեսա, որ տղաներից մեկի ձեռքում կար քառակուսի ինչ-որ առարկա, որն իմ կարծիքով հանվել էր սարքի միջից։ Դրանից հետո այդ տղաները եւ աղջիկը միասին իջան Բուզանդի փողոցի կողմ։ Քանի որ տեսագրությունը խավարոտ էր, վատ որակի, չեմ կարող ասել, արդյոք պատկերված աղջիկն ամբաստանյալ Ա. Սեւլիկյա՞նն է, թե՞ ոչ։ Ամբաստանյալի մորը չեմ մտաբերում»։
Կարդացեք նաև
Տուժողը պնդել էր, որ առաջին տեսագրությունում տղաների հետ գտնվող աղջիկը պարզապես կանգնած է, իսկ երկրորդ տեսագրությամբ այդ աղջիկը տղաների հետ միասին քայլում է դեպի Բուզանդի փողոց։
Սրճեփ սարքը 60.000 ՀՀ դրամ է։ Ի դեպ. տուժողը ամբաստանյալ Սեւլիկյանի դեմ որեւէ բողոք կամ պահանջ չի ունեցել, չի ցանկացել, որ վերջինս որեւէ փոխհատուցում կատարի։ Աննան ցուցմունք էր տվել, որ դեպքի օրը ինքը՝ Արթուր անունով մեկի, եւս երկու տղաների հետ գնացել են Խանջյան փողոց: Արթուրը սրճեփ սարքի միջից հափշտակել է դրա շարժիչը, որը հետագայում տարել է խանութ եւ վաճառել։ Այդ ժամանակ ինքը կանգնած է եղել մոտակայքում եւ հետեւել է նրանց գործողություններին, որպեսզի ինչ-որ մեկին տեսնելուն պես՝ տեղեկացնի վերջիններիս։ Չգիտեր հափշտակված առարկայի արժեքը։ Տեղյակ էր, որ այդ տղաները նախապես պայմանավորվել են մոր հետ՝ գողոնի վաճառքի գումարը կիսվելու վերաբերյալ:
Ի դեպ, նշյալ տեսագրությունները չեն պահպանվել։
Տուժողը հայտնել էր, որ «Ալֆա Դելտա» անվտանգության ընկերության աշխատակիցներից մեկը տեսագրությունը դիտելու ժամանակ ասել էր, թե ճանաչում է երկու կանանցից մեկին, հաճախակի տեսել է «Օղակաձեւ» այգում։ Վերջինս շրջում է դստեր հետ, նրանք անօթեւաններ են։
Նախաքննական ցուցմունքում տուժողը պնդել էր, որ Ա. Սեւլիկյանը նստած է եղել Բուզանդի փողոցում դրված նստարանին՝ մեկ այլ աղջկա հետ։ Վերջինս գտնվել է սրճեփ սարքից մոտ 25-30 մետր հեռավորության վրա, իսկ սրճեփ սարքին մոտեցել են միայն տղաները։ Տոնավաճառի տնօրենն ասել էր նաեւ, որ հաստատապես չգիտի, թե որքան արժե այն գողացված առարկան, որը մինչ այդ եղել է սրճեփ սարքի վրա։ Նշել էր, որ չգիտի դրա շուկայական արժեքը, սակայն սարքը սպասարկող մասնագետն իրեն ասել է, թե այն արժե 60.000 ՀՀ դրամ, ուստի իր կողմից ներկայացված հաղորդման մեջ որպես արժեք նշել է 60.000 ՀՀ դրամը։ Չի բացառում, որ այն կարող է արժենալ 60.000 ՀՀ դրամից ավելի կամ պակաս։ Ինչ վերաբերում է տեսագրությանը, այն չի պահպանվել, քանի որ 14-օրյա ժամկետում ջնջվում է։
Վկա Յակով Պիրոեւը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատել է «Ալֆա Դելտա» ՍՊ ընկերությունում։ Ընկերությունն անվտանգության ծառայություններ է մատուցում Երեւանի «Վերնիսաժ» տոնավաճառին։
Դեպքի օրը ծառայություն է իրականացրել, երբ տեղեկացել է, որ տոնավաճառի միջնամասում տեղադրված սրճեփ սարքի պաշտպանիչ ճաղավանդակը հանել են վրայից, կոտրել դուռը եւ հափշտակել ինչ-որ սարքավորում։ Այդ կապակցությամբ ոստիկանության աշխատակիցների հետ միասին դիտել են անվտանգության տեսախցիկների կողմից ֆիքսված տեսագրությունը, որտեղ ճանաչել է ամբաստանյալ Ա. Սեւլիկյանին։ Տեսագրությամբ պատկերված էր, որ սրճեփ սարքին մոտենում են երկու տղա եւ երկու աղջիկ, որոնցից մեկը հանդիսացել է ամբաստանյալ Սեւլիկյանը։ Բացի այդ, պատկերված էր, որ երկու տղաները ջարդում են սրճեփ սարքը, իսկ աղջիկները գտնվում էին նրանց կողքին։ Տեսել է, որ սրճեփ սարքից հափշտակել են ինչ-որ առարկա։ Նախկինում ամբաստանյալ Սեւլիկյանին տեսել է երկու անգամ՝ մեկ անգամ տոնավաճառում, երկրորդ անգամ՝ տեսագրությամբ։ Աննայի շահերը դատարանում ներկայացրել է ճանաչված փաստաբան Թամարա Բաղդասարյանը: Նա էլ բողոքով դիմել է վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի Աննան անմեղ ճանաչվի եւ արդարացման դատավճիռ կայացվի:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
09.12.2016