Մեր կողքին ապրող միայնակ, բայց կենսասեր մարդու ողբերգությունը
Մոլորակի թիվ 1 խնդիրը գլոբալ տաքացումը չէ, ոչ էլ տարբեր անկյուններում սկիզբ առնող պատերազմները: Գլխավորը միայնության խնդիրն է, «փոքր» մարդու թեման, մնացած ամեն ինչը ածանցվում է սրան ու բարության սոսկալի չափերով պակասելուն:
Ռեժիսոր Արեն Մալաքյանի նոր ֆիլմը հենց համամոլորակային չարիքի՝ միայնության, նաեւ Երեւանի կոլորիտային կերպարներից մեկի՝ Վոլդեմարի մասին է:
Աբովյան փողոցում ապրող փոքրամարմին ու խարիզմատիկ այս մարդուն, որ բոլոր մշակութային միջոցառումների, պրեմիերաների մշտական այցելուն է, շատերն են ճանաչում: Ինքը բարության մարմնացում է, եւ ինչպես ռեժիսորն է ասում՝ համարում է, որ հրեշտակ է, հեքիաթային հերոս՝ Նիդերլանդներից կամ հարակից այլ տարածքից: Իսկ ինչո՞ւ որոշեց հենց Վոլդեմարի մասին ֆիլմ նկարել: Արենը պատմում է, որ ամեն ինչ սկսվել է 2,5 տարի առաջ, գիշերով ապագա կնոջն էր ճանապարհում, ծխախոտ էր գնել, որոշել ծխել ու հետո ընդառաջ գնալ տաքսուն: Այդ պահին էլ Աբովյան փողոցում հանդիպել է իր ֆիլմի՝ էներգիայով լեցուն հերոսին, որը չնայած պատկառելի տարիքին, բավականին ակտիվ էր:
«Սկսեցի ուսումնասիրել, խարիզման ուղղակի ուտում էր իրեն, ինքը սկսեց ինչ-որ բան կարդալ, բարձր խոսել, ես որեւէ կոնտակտի չգնացի… Հետո ուր գնում էի, ինքն այդտեղ հայտնվում էր, ասես ուրվականս լիներ: Մի օր Էդգար Բաղդասարյանը, ում մոտ սովորել եմ, զանգեց, թե շտապ արի: Իմիջիայլոց, դիպլոմային աշխատանքս դոկումենտալ ֆիլմ էր: Երբ հանդիպեցինք, Էդգար Բաղդասարյանը հարցրեց՝ այս թեման քեզ կհետաքրքրի՞: «Ոսկե ծիրանի» օրերն էին, թեւիցս բռնեց, տարավ «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկ ու ցույց տվեց դահլիճում նստած Վոլդեմարին: Հասկացա, որ անպայման պետք է նկարեմ իրեն ու սկսեցի ուսումնասիրել, հետեւից գնալ….Երկու տարի առաջ իր մեկ օրը փորձնական նկարեցի ու նկարածս հավաքեցի: Ինչքան նկարում էի, այդքան ավելի էր բացվում…Սկզբում մի քիչ խաղում էր, կաշկանդվում, իսկ հիմա լրիվ թքած ունի տեսախցիկի վրա: Մի խոսքով, ամեն ինչ այսպես սկսեց, հետո ընկերացանք, միմյանց պատմեցինք մեր խնդիրների մասին, ու շատ խորը շփում սկսվեց»,- «Առավոտին» պատմում է ռեժիսորը:
79-ամյա Վոլդեմարը, որ քթի տակ մշտապես Ազնավուր է երգում, իսկ Երեւանում Le Cafe de Paris-ում է հաճախ լինում, երազում է իրական Փարիզ գնալ, ինչպես ինքն է ասում՝ «Պարիժ»: Ֆիլմի թեմաներից մեկը հենց փարիզյան երազանքի շուրջ է հյուսված: «Վոլդեմարի» ստեղծագործական կազմը որոշել է իրականություն դարձնել նրա երազանքը: «Հիմա նամակ ենք գրել «Էյըր Ֆրանսին», indiegogo-ում էջ ենք բացել, տեսանյութ ենք տեղադրել, որ մարդիկ կարողանան օգնել: Երեք հոգու տոմս պետք է գնենք` իմ, օպերատորի եւ իր համար: Այդպիսով եւ ի՛ր երազանքը կիրականանա, ե՛ւ իրեն կնկարենք ու շատ հնարավոր է, որ ֆիլմի ավարտը հենց դա լինի, թե ոնց է ինքը հայտնվում Փարիզում` իր միայնության մեջ, ոչ ոք իրեն չի ճանաչում, ինքը ոչ մեկին չի ճանաչում ու վոլդեմարավարի Ազնավուրի երգերն է երգում Էյֆելյան աշտարակի մոտ կամ Սենայի ափին»,- ասում է Արեն Մալաքյանը: Վոլդեմարին էլ բնորոշում է կարդացած ու շատ խորը մարդ: «Ես այս ֆիլմը սկսեցի, որովհետեւ նախ միայնության թեման միշտ հուզել է ինձ, երկրորդ` Սովետի փլուզումից հետո հազարավոր նման ինտելեկտուալ մարդիկ անպետք են դարձել, ռուսի ասած մնացել են՝ за бортом: Ինքը դիզայներ է, ինժեներ, գծագրեր ունի, բայց ոչ մեկին պետք չեն դրանք» ,-սիրուն ապրող Վոլդեմարի ողբերգությունն է ներկայացնում մեր զրուցակիցը: Չնայած միայնությանը, հերոսը չի չարացել, ինքը կարող է նկատել «անտեր թողած վարդը» ու վերանվիրել պատահական կնոջ, որը սիրում է կյանքը, կամ «պեչենի» առաջարկել ծխող կնոջը՝ ծխախոտի փոխարեն:
«Ամբողջ ֆիլմը դիալոգների վրա է կառուցված, օրվա մեջ մի 100 հոգի իր կյանքով անցնում է, բայց ինքը էդքանի մեջ մեն-մենակ է: Բոլորը գալիս իր հետ խոսում են, վերջում մարդն էլի մենակ է մնում…Փարիզ հասնելու երազանքն էլ Սովետի ժամանակ է ծնվել: Հիմա ուղղակի ուզում է հայտնվել այդ քաղաքում, որովհետեւ իր կյանքում, ցավոք, նույն լճացած շրջանն է՝ այս կինոթատրոնը, այն կինոթատրոնը, ինքը միայն արվեստով է ապրում»,- նշում է ռեժիսորը: Ասում է՝ ազդեցիկ կտորներ են նկարել, օրինակ, այն մասին, թե ինչպես է Վոլդեմարն իր նման միայնակ կնոջն իր ծննդյան տարեդարձին հրավիրում, ցանկանում է հիվանդ ընկերոջն էլ կանչել, սակայն հենց իր ծննդյան օրը մտերիմ ընկերը մահացած է լինում: Աննկարագրել են նրա ապրումները…
Ի թիվս այլ խորհրդանշական կտորների, Արեն Մալաքյանի ֆիլմում մի կտոր էլ կա. Վոլդեմարը Էյֆելյան աշտարակի մոտ է, ոչ թե իրական, այլ սարքովի, փայտաշեն, ու ինքն ուրախ բացականչում է наконец-то, ու համարյա երջանկության պատրանք ունի: «Արշալույս Հարությունյանը ֆիլմ էր նկարում, իմացա, որ Էյֆելյան աշտարակ պիտի լինի: Մի զույգ, որ ուզում էր Փարիզ գնալ, չի ստացվում, ընկերները Էյֆելյան աշտարակ են սարքում նրանց համար… Ես Վոլդեմարին պատահական տարա նկարահանման հրապարակի մոտ…Ապշելու բան էր, երբ տեսավ Էյֆելը…»,-հավելում է ռեժիսորը:
Արեն Մալաքյանից նաեւ տեղեկացանք, որ նախապատրաստում են տարբեր փառատոների ուղարկել ֆիլմը, որի գլխավոր հերոսը մեր կողքին ապրող այլ հասարակարգից եկած, պետության ու հանրության կողմից մոռացված, բայց հուսառատ մարդն է, որը երբեք չի հոգնում ապրելուց, ու հավատարիմ է այն սկզբունքին, որ բոլորս գալիս ենք մանկությունից: Իսկ եթե «Պարիժ» էլ հասնի, երջանկության ու կենսասիրության առումով իրեն հասնել չի լինի:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` Ռեժիսորը, Վոլդեմարը եւ օպերատորը:
Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից:
«Առավոտ»
09.12.2016
Ինչպե՞ս կա,վել նրանց հետ;
Տոմսի հարցը կարծես թե լուժվել է, մնում է հյուրանոցը պարզել ( ասացին մեկ շաբաթում կճշտեն՝ ինչ է հնարավոր) և վիզան։
Ինչպե՞ս կա,վել նրանց հետ;
Տոմսի հարցը կարծես թե լուժվել է, մնում է հյուրանոցը պարզել ( ասացին մեկ շաբաթում կճշտեն՝ ինչ է հնարավոր) և վիզան։