Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Էյֆմանը Պուտինի «դաբրոյով» քայլ արեց

Դեկտեմբեր 10,2016 13:00

Հիմա հերթը ԱՊՀ երկրների թատրոնների գլխավոր բալետմայստերներինն է

Անվանի խորեոգրաֆ Բորիս Էյֆմանի մտահղացումը՝ հրավիրել ԱՊՀ երկրների օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնների գլխավոր բալետմայստերներին՝ խորհրդային տարիներին եղած ստեղծագործական կապերը վերականգնելու համար, արժանացել էր Ռուսաստանի ղեկավարության, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանությանն ու աջակցությանը: Վերջերս Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին ԱՊՀ 10 երկրի թատրոնների գլխավոր բալետմայստերները: Այս մասին «Առավոտին» հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը (լուսանկարում):

vilen_galstyan
«Կոլեգաներիս հետ հանդիպումը նախ հուզիչ էր, չէ՞ որ տարիներ շարունակ նրանց հետ բեմ եմ բարձրացել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլեւ արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Իսկ Միության փլուզումից հետո իսկապես ամեն մեկս փակվել ենք մեր տներում: Այս միտքը քանիցս հնչեց ոչ միայն իմ, կոլեգաներիս, այլեւ ՌԴ նախագահի կողմից, որը հանդիպման վերջին օրը հանդես եկավ ելույթով: Հենց Էյֆմանի հետ մտերմությունս շուրջ կեսդարյա պատմություն ունի: Նա այն արվեստագետներից է, որի ոչ միայն արվեստն է համամարդկային, այլեւ մտահորիզոնը: Ժամանակին Էյֆմանը Խաչատրյանի «Գայանե» բալետի բեմադրական աշխատանքները սկսելուց առաջ եկել էր Երեւան՝ խորհրդակցելու Ազատ Ղարիբյանի հետ: Ի դեպ, այս արվեստագետին մինչ օրս էլ հուզում է ոչ միայն հայ կամ խորհրդային, այլեւ աշխարհի ժողովուրդների ազգային երաժշտությունը»,- հայտնեց պարոն Գալստյանը: Հավելեց, որ սանկտպետերբուրգյան եռօրյա հանդիպումների ժամանակ դիտել են Չայկովսկու «Աննա Կարենինա» բալետը եւ Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի երաժշտությամբ «Ապուշը» ֆիլմ-բալետը՝ Էյֆմանի խորեոգրաֆիայով:

Մեր զրուցակիցը հիացած էր Բորիս Էյֆմանի անվան բալետային ակադեմիայի, իր խոսքերով՝ մոդեռն կառույցով. «Հավատացնում եմ՝ Փարիզում, Նյու Յորքում, Լոնդոնում եւ մյուս գերզարգացած քաղաքներում նման պայմաններով բալետային արվեստի ուսուցման կենտրոն չեք տեսնի: Իհարկե, այդ ամենը իրականացվել է ՌԴ նախագահի շնորհիվ, ավելին՝ Պուտինն է առաջարկել ակադեմիան անվանել Էյֆմանի անունով»:
Ռեպլիկին՝ Երեւանի պարարվեստի քոլեջը «անանուն» է, Վիլեն Գալստյանը շրջանցելով ասաց, որ քոլեջի դահլիճներից մեկը անվանակոչվել է երկարամյա տնօրեն Թերեզա Գրիգորյանի անունով: Փորձեցինք ճշտել մեր ունեցած տեղեկությունը, թե օպերային թատրոնի բալետի երկու փորձասենյակներից մեկի «հեղինակը» Վիլեն Գալստյանն է: «Հավանաբար 1980-ականների սկիզբն էր, Կարեն Դեմիրճյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ասացի, որ մեկ փորձասենյակը բավարար չէ, առաջարկեցի նկուղային հարկում ավելացնել եւս մեկը: Հենց հաջորդ օրը թատրոն եկավ համապատասխան մասնագետը եւ ժամեր անց սկսվեցին աշխատանքները»,- տեղեկացրեց արվեստագետը: Կարծիքին, թե ինչո՞ւ թեկուզ այդ փորձասենյակը չանվանել իր անունով, պարոն Գալստյանը չարձագանքեց, հիշեցնելով, թե ինքը բալետմայստեր է եւ 2017թ. սկզբներին հանդիսատեսին կհանձնի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»:

Անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը, հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ձեւաչափով է կայանալու բալետմայստերների հետագա համագործակցությունը, ասենք՝ ներկայացումների կամ արտիստների փոխանակո՞ւմ, բեմադրությունների իրականացո՞ւմ, պարոն Գալստյանը պատասխանեց. «Մեր մշակույթի նախարարի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ կներկայացնեմ ծրագիր: Ընդ որում, այս աշխատանքներում պետք է ներգրավված լինի նաեւ Ազգային օպերային թատրոնի մենեջմենթը: Էյֆմանն առաջին քայլը կատարեց: Նա, իհարկե, կանգ չի առնի, բայց անհրաժեշտ է, որ ես եւ իմ մյուս կոլեգաները լծվենք այս գործին, եւ ինչքան արագ՝ այնքան արդյունավետ»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Բորիս Էյֆմանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031