Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվան երբեմն գրիչդ կապ է գցում… Երեւանում ամեն ինչ մայրենիով է»

Դեկտեմբեր 10,2016 12:30

Տեղեկատվական հոսքը դաժան լուր բերեց՝ այլեւս չկա ճանաչված իրավաբան եւ իրավապաշտպան, պարզապես լավ մարդ եւ անհատականություն, խոստումնալից վիպագիր Սիմոն Ծատուրյանը: Նրա հիվանդ սիրտը դավաճանեց հենց մոսկովյան Տիմիրյազեւյան դատարանում՝ դատական գործընթացի ժամանակ:

Սիմոն Ծատուրյանը ոչ միայն ճանաչված իրավաբան էր, երկար տարիներ Հայաստանի դատական համակարգում աշխատած, ճանաչված ու հարգված անհատականություն, այլեւ խոստումնալից վիպագիր, ով ընթերցողներին ներկայացրեց իր առաջին գիրքը «ԼԷՄՍ. վերադարձ» վերնագրով եւ վստահ հայտ ներկայացրեց գրական աշխարհում իր ուրույն տեղն ունենալու մասին: Իր առաջին վեպը յուրօրինակ նվիրում է իր կորուսյալ հայրենի եզերքին՝ Գարդման աշխարհին ու նրա զավակներին, նաեւ պատգամ սերունդներին՝ միշտ ապրել այդ հայրենականչով՝ երբեք չմոռանալով, որ մի օր վերադառնալու են այնտեղ, ուր իրենց պապերի ու ապուպապերի գերեզմաններն ու հիշատակներն են՝ հայկական ոգի եւ էություն ունեցող սարերը, ձորերը, լեռները, եկեղեցիները, խաչքարերը, բերդերը…
Իր գերդաստանն էլ ստիպված հեռացել է հայրենի եզերքից, բայց եկել հանգրվանել է Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում, որին ուղիղ գծով ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրերով են բաժանում այն աշխարհից, ուր ձգտում են րոպե առաջ հասնել Սիմոն Ծատուրյանի վեպի հերոսները:

caturyan
Հոկտեմբերի սկզբներն էր, Երեւան էր եկել: Առաջարկեց Անտառամեջ գնալ: Ասաց. «Գնանք հորս օջախ, չնայած, որ դուռը փակ է»: Ես առաջարկեցի գյուղ գնալ նկարահանող խմբով: Չառարկեց: Գյուղ հասանք: Տան դուռը փակ էր, ձեռքին էլ բանալի չկար: Բայց այստեղ՝ փակ դռան առջեւ ասաց, որ ամիսներ հետո կգա, դուռը կբացի, մանավանդ, որ ուզում է տունը նորոգել, կարգի բերել:

Լրագրող Գայանե Թամամյանի հետ անակնկալ էինք պատրաստել՝ մի քանի հարցեր ուղղեցինք, որոնց չէր կարող չպատասխանել: Սիրով պատասխանեց, ու ասաց, որ այս լեռների ու սարերի գրկում մերոնք ընդամենը հարաբերական հանգիստ ունեն եւ ամեն մեկն ամեն օր արթնանալով հայացքը հառում է հորիզոնից այն կողմ, ուր իր հայրենի հիշատակներն են, որոնց կարոտից երբեք բաժանվել հնարավոր չէ:
«Իմ հերոսները՝ Աշոտը եւ Գրիգորը, այստեղից են ճամփա ընկել,- ասաց Սիմոնը,- հազարումի արգելք հաղթահարելով հայրենի տուն հասել: Դրա համար Անտառամեջն ինձ համար հարազատ անկյուն է»:

Հետո միասին քայլեցինք Անտառամեջով, կանգ առանք համերկրացի Բորիսենց տանը, աշնան արեւի տակ մի փոքր արեւկող արեցինք, հենց նոր ծառից պոկած խնձոր ճաշակեցինք, իսկ իր հարազատներից մեկի՝ Գրիշենց տան բակում մի կտոր աղուհաց կտրեցինք:

«Երբ այստեղ եմ գալիս, ինչ-որ չափով առնում եմ իմ ծննդավայրի կարոտը,- շարունակեց Սիմոնը,- այստեղ պետք է շուտ-շուտ գալ»:

Նրա մասին վավերագրական մեր փոքրիկ պատմությունը շարունակում էինք: «Քիչ նկարեք, մի քիչ էլ հանգիստ առեք եւ վայելեք այս հրաշալի բնությունը»,- ասում էր Սիմոնը: Օպերատորը կադր առ կադր հավաքում էր անհրաժեշտ պատկերները: Այստեղ ամեն ինչ ինքնատիպ էր, գեղեցիկ, տպավորիչ, մաքուր ու ջերմ: Երբ փակեցինք հայրական տան ցանկապատի դուռը, լուռ նետեց. «Երնեկ շուտ-շուտ այստեղ կարողանայինք գալ, լքված տունը նման է անլեզվակ զանգի՝ ձայնը չի լսվում, լռում է ամեն ինչի մասին»:

Հետո փոխեց խոսակցության թեման: Ասաց, որ նոր վեպ է գրել, հիմա տվել է թարգմանության: Կերպարները կրկին իր աշխարհի մարդիկ են: «Ցավոք, հիմա ռուսերենով եմ գրում: Մոսկվան երբեմն գրիչդ կապ է գցում, բայց երբ Երեւան եմ գալիս, ամեն ինչ մայրենիով է: Տարիքս արդեն թոշակային է, կուզենայի ավելի շատ Հայաստանում լինել, հետո՝ հորս ու մորս նոր տանը տեր կանգնել, բազում մտքերս էլ թղթին հանձնել հենց այստեղ»:

Ավաղ, նրա այս ցանկությունները կիսատ մնացին: Կիսատ մնացին նաեւ «Լեմս. վերադարձ» բեմադրության մտադրությունները: Արդեն հասցրել է վեպը պիեսի վերածել: Բազում մտադրություններ ու ցանկություններ ուներ. Կարս, Վան, Բայազետ, Մուշ, Բիթլիս այցելելուց հետո շատ էր ցանկանում լինել Կիլիկյան Հայաստանում: Շատ էր կարեւորում, որ կարողանա մոռացությունից փրկել ու հրատարակել Մեծ հայրենականում զոհված հորեղբոր՝ 18-ամյա Աշոտ Ծատուրյանի պոեզիան: Սպասում էր, որ թարգմանությունից հետո կհրատարակվի նոր վեպը եւ ընթերցողի համար նոր անակնկալ կլինի: Նոր-նոր դարձել էր Հայաստանի գրողների միության անդամ եւ հպարտանում էր դրանով՝ ասելով, որ դա իր ամենապատվավոր կոչումն է:

«Որքան տարիքս առաջանա, այնքան ազատ ժամանակս ավելի կլինի եւ շատ կգրեմ, իսկ դա ինձ համար կլինի երջանկության շրջան»,- ասում էր Սիմոն Ծատուրյանը, եւ այդ պահերին նրա դեմքին լույս էր շողում:

Ցավոք, մեր լավ ընկերոջ շատ ծրագրեր, երազանքներ ու ցանկություններ կիսատ մնացին, բայց, ամենակարեւորը, նա իր ապրած կյանքով լուսավոր հետք թողեց իր ժամանակի, նաեւ իրեն ճանաչողների հուշերում ու սրտերում:

 
ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ
բանասիրական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր

 

«Առավոտ»

09.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031