«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանի տվյալներով, իրեն այսօր մեղադրանք են առաջադրել հուլիսյան դեպքերի օրերին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ իբր զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
«Հուլիսի 19-ին ներկա եմ եղել ժողովրդի կողքին լինելու համար, որ ժողովրդին աջակցություն ցուցաբերեմ, թույլ չտանք երկուստեք արյունահեղություն` ոչ ոստիկանների, ոչ քաղաքացիների միջեւ: Քաղաքացիները, շիկացած կրքերի շրջանակում, գուցե շրջափակել ու գուցե պատահաբար կոտրել են մոտեցող ոստիկանական մեքենայի ապակին: Դրա հետ կապված չորս ամիս է կանչում են էրեբունի եւ Նուբարաշեն քննչական բաժին, գործ է ընթանում, երեկ ծանուցում ստացա, որ այսօր որպես մեղադրյալ են ներգրավելու: Իմ մեղքն այն է, որ այդ օրը ներկա եմ եղել, հինգ ոստիկան կեղծ ցուցմունք են տվել իմ դեմ, թե ես ասել եմ` կոտրեք ոստիկանական մեքենայի ապակին…
Անի Զախարյանը քաղաքականություն է մտել լուրջ տեսլականներով, լուրջ պայքարի փուլեր անցնելով. հիշենք Բաղրամյան պողոտան, քաղաքացիական ընդվզումները… 25 տարեկանից սկսած ողջ գիտակցական կյանքս նվիրել եմ հասարակական գործունեությանը, միթե այդքան խոհեմություն չունեմ, որ ոստիկանական ողջ բանակի առջեւ կանգնեի ասեի` կոտրեք մեքենայի ապակին: Այս ամենը կարող եմ որակել որպես քաղաքական հետապնդում, որովհետեւ առջեւում համապետական ընտրություններ են, իրենց առջեւ կանգնած է մի այնպիսի կին քաղաքական գործիչ, որը սկզբունքային է ու բազմիցս ապացուցել է, որ չի վաճառվում, որը 2012 թվականի համապետական ընտրություններից առաջ իր դիմումի համաձայն գրել, դուրս է եկել ՀՀԿ-ից, հրաժարվել է մանդատից, երբ քննարկվում էր համամասնական ցուցակում իմ անձն ընդգրկելու հարցը: Այսինքն, կանգնած է մի մարդ, որը համապետական ընտրություններից առաջ կարող է ֆորսմաժորային իրավիճակներ հասունացնել»,- ասաց Անի Զախարյանը:
Նա, ի դեպ, ոստիկանություն մտնելուց հետո դարձել է անհասանելի, եւ դեռ չի հաջողվել ճշտել, իսկապես այսօր մեղադրանքն առաջադրվեց, ինչպես նա էր պնդում:
Կարդացեք նաև
Անի Զախարյանը նաեւ արտասվեց` վերհիշելով, որ Խորենացիի դեպքերից հետո տեղեկացել էր, որ երեխայի է սպասում, բայց վերջին միջադեպերից հետո հոգեկան հուզումների պատճառով կորցրել է երեխային:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ