Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը ԼՂ ժողովրդի ինքնորոշման հարգումն է». Լեւոն Տեր-Պետրոսյան

Դեկտեմբեր 09,2016 21:15

«ԼՂՀ հակամարտությունը ՀԱԿ-ի առաջնահերթություններից մեկն է»,-այսօր ԼՂՀ հակամարտության կարգավորումը և «Անջատում հանուն փրկության» սկզբունքը խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա հիշեցրեց, որ այդ սկզբունքն առաջին անգամ հնչեցվեց Լիսաբոնում 1996 թվականին ԵԱՀԿ գագաթնաժողովում:

«Այդ ժամանակ Հայաստանը միջազգային աննախադեպ ճնշման տակ ընկավ, քանի որ միջազգային հանրությունը առաջարկեց ԼՂ հիմնախնդրի մի լուծում, որով ԼՂ-ին առաջարկվում էր  Ադրբեջանի կազմում ստանալ բարձրագույն ինքնակառավարման  կարգավիճակը: Այդ գագաթնաժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց` մեր խորին համոզմամբ, ԼՂ հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում ԼՂ-ի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի  տեղահանման մշտական սպառնալիքը»,-ասաց պարոն Զուրաբյանը:

«Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Արցախի 24 գյուղերի բնակչության տեղահանության փորձը, ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի կարող  ԼՂ բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել, հետեւաբար այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը ԼՂ ժողովրդի ինքնորոշման հարգումն է»,-Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից եւս մի հատված մեջբերեց պարոն Զուրաբյանը:

Նա ընդգծեց, որ այդ ելույթում առաջին նախագահը ուղիղ հղում չարեց  «անջատում հանուն փրկության» սկզբունքին, բայց հենց դա նկատի ուներ:

Պարոն Զուրաբյանի խոսքով,  գլխավոր հարցն էլ հենց այդ է` արդյոք ինքնորոշման իրավունքը նշանակում է  նաեւ անջատում այն պետությունից, որից փորձում է մի ամբողջ ժողովուրդ անջատվել:

Նա շեշտեց, որ ԼՂ հիմնահարցի լուծման հիմքում ընկած հարցերը կապված են միջազգային իրավունքի սկզբունքների հետ, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև եղած հակասություններով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031