Վերջին տասնամյակում լինելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար՝ բազմիցս շեշտել եմ ՄԱԿ-ի երեք հիմնասյուների՝ խաղաղության, կայուն զարգացման և մարդու իրավունքների փոխկապակցվածությունը: Այս երեքը միասին առանցքն են դիմակայուն ու ներդաշնակ հասարակությունների՝ հիմնված ներառականության, արդարության և իրավունքի գերակայության սկզբունքների վրա:
Ես նաև ընդգծել եմ, որ մարդու իրավունքները մշտապես գտնվում են ՄԱԿ-ի գործունեության ու ինքնության առանցքում: Եվ այս գիտակցությունն է մեր «Մարդու իրավունքներն՝ անհապաղ» նախաձեռնության հիմքում:
Բազմապատկվող հակամարտությունների, մարդասիրական սաստկացող կարիքների և ատելության ահագնացող քարոզչության ժամանակներում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը բոլորիս հիշեցնում է, որ «մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է»: Քայլ առ քայլ մենք կարող ենք կերտել ապագա, որը հիմնված կլինի հավասարության և մարդկային արժանապատվության մեր ընդհանուր արժեքների վրա:
Հենց այս ոգին է մեր վերջերս մեկնարկած «Միասին» քարոզարշավի հիմքում, որի նպատակն է պայքարել այլատյացության դեմ, որին բախվում են այնքան մեծ թվով փախստականներ և միգրանտներ: Սա նաև այն ոգին է, որի կարիքը կունենանք՝ պայքարելու ծայրահեղականության դեմ, կասեցնելու միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումը, ինչպես նաև պաշտպանելու քաղաքացիական հասարակության խմբերին, որոնք բախվում են ավելի ու ավելի կոշտ միջոցների՝ ուղղված իրենց կենսականորեն անհրաժեշտ գործունեությունը խոչընդոտելուն:
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների պաշտպանությունը բխում է բոլորիս շահերից։ Դրանց նկատմամբ հարգանքը նպաստում է յուրաքանչյուր անհատի բարեկեցությանը, յուրաքանչյուր հասարակության կայունությանը և մեր փոխկապակցված աշխարհի ներդաշնակությանը:
Եվ այս գործը կարող է արվել բոլորիս կողմից՝ հասարակության բոլոր մակարդակներում: Մարդու իրավունքների պաշտպանության առաջնային պատասխանատվությունը պետություններինն է: ՄԱԿ-ը, ամբողջ աշխարհի իր այլ գործընկերների հետ, պետք է շարունակի ուժեղացնել ոտնահարումներին արձագանքող գործողություններն ու ավելի արդյունավետ աշխատի՝ կանխելու մարդու իրավունքների ճգնաժամերը:
Բոլորս կարող ենք և պետք է ձգտենք մեր ամենօրյա կյանքում պաշտպանել մեզ շրջապատող մարդկանց իրավունքները: Սա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի մեկնարկած նոր՝ «Ելի՛ր պաշտպանելու ինչ-որ մեկի իրավունքներն այսօր» համաշխարհային քարոզարշավի շարժիչ ուժն է:
Որտեղ էլ լինենք, մեզնից յուրաքանչյուրը կարող է դրական փոփոխություն մտցնել մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ մեր թաղամասում, դպրոցում, աշխատավայրում, սոցիալական մեդիայում, տանը և անգամ մարզադաշտերում՝ աշխարհով մեկ:
Միասին՝ եկե՛ք ելնենք պաշտպանելու ինչ-որ մեկի իրավունքները: Այսօր, վաղը և ամեն օր: