ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, դիմակավորված անձը՝ ինքնաձիգով զինված, մուտք է գործել Երևան քաղաքի Անդրանիկի 7/385 հասցեում գտնվող մթերային խանութ, որտեղ գործում է նաեւ տարադրամի փոխանակման կետ եւ վերջինիս աշխատակցուհու կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար։ Վախեցնելու նպատակով զինված տղամարդն արձակել է 4 կրակոց, սակայն խանութի մյուս աշխատակիցների կողմից բարձրացված աղմուկի, ինչպես նաև ձայնաազդանշանային համակարգի միանալու արդյունքում դիմել է փախուստի՝ ոչինչ չհափշտակելով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 4 պարկուճ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտե