Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի Հառիճ գյուղում դեպի հնագույն միջնադարյան Հառիճավանք տանող փողոցը անվանակոչված էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով։ Սակայն ապրիլյան քառօրյա պատերազմից օրեր անց, երբ Էրդողանն ու Նազարբաեւը գրկախառնվեցին Թուրքիայում, իրար ձեռք բռնած ման եկան՝ ի ցույց աշխարհի, Կոմիտաս Վարդապետ ու Ավետիք Իսահակյան կրթած հառիճցիները փողոցից պոկեցին Նազարբաեւի անունը կրող ցուցանակները, նրա նկարներն էլ հանեցին գրադարանից։
Aravot.am-ի հետ զրույցում գյուղի պատմության ուսուցիչ Ռաֆիկ Հակոբյանն ասաց․«Մենք էինք ընտրել Նազարբաևի անունը, մենք էլ հանեցինք փողոցից, մեր սխալը ուղղեցինք»։ Մեր զրույցին արձագանքեց Արցախյան պատերազմին մասնակցած ազատամարտիկներից մեկը՝ զայրացած ասելով․ «Չարդարացրեց իրեն»։
Մեր հարցին, թե ինչո՞ւ էիք փողոց անվանակոչում նրա անունով, որ մի բան էլ զայրանայիք, վիրավորվեիք ու ցուցանակները հանեիք, պատմության ուսուցիչն ասաց․«Գիտեք, ինքը ստեղծեց մի իրավիճակ, որ կարելի էր հարգել։ Ամեն դեպքում լավ գործ կատարեց, նվիրատվություններ արեց մանկապարտեզին, մշակույթի տանը, բավական գումար հատկացրեց, վերանորոգեցին, դե մենք էլ էն ազգն ենք, որ երախտամոռ չենք լինում,մեր մոտեցումը վատ չէր, բայց իր մոտեցումն էր շատ տգեղ»։
Գյուղի մեկ այլ տղամարդ էլ, միջամտելով մեր խոսակցությանն ասաց․«Ադրբեջանցոց ախպեր համարեց, շատ զայրացրեց մեզ։ Մեր գյուղում հայրենասեր մարդիկ շատ-շատ են, պատկերացրեք այս պահին մեր փոքրիկ գյուղից 40-ից ավելի զինծառայողներ ունենք, ավելի կոնկրետ սպաներ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական բարձրագույն հաստատությունն ավարտած սպաներ, մեկն էլ իմ որդին է, ծառայում է սահմանում՝ Անիի տարածքում։ Այդքան սպա տվողը գյուղը ինչպե՞ս հանդուրժեր Նազարբաևի արածը, անհանդուրժելի էր։ Նրա նկարներն ամբողջապես վերացրեցինք, պատկերացրեք, որ մեր տանը Ղազախստանի տեսարժան վայրերի նկարները կան,նայել չեմ ուզում, էդքան որ վիրավորված եմ Նազարբաևի պահվածքից»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ