Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «SOS» հաղորդաշարի գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց, քանի որ ոստիկանության ներկայացուցիչները չէին եկել:
Սա հարուցեց SOS հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի պաշտպան Հայկուհի Հարությունյանի դժգոհությունը: Ըստ նրա, ոստիկանությունը միտումնավոր է ձգձգում. «Ոստիկանության անհատ ծառայողները, այսինքն՝ ֆիզիկական անձանց ներկայացուցիչներն առհասարակ դատարան չէին եկել եւ որեւէ պատճառաբանություն, հիմնավորում չներկայանալու վերաբերյալ չկար: Այստեղ դիտավորություն է դրսեւորվում: Գոնե իրենք կարող էին ներկայանալ, նիստը առաջ կգնար»:
Հայկուհի Հարությունյանը գտնում է, որ նիստերը բավականին հաճախ են ընդհատվում եւ գործն առաջ չի գնում: Մասնավորապես, այսօր դատավորը հետաձգեց դատը եւ հաջորդ նիստը նշանակեց 2017-ի հունվարի 24-ին՝ ժամը 15.00-ին: Որքան էլ պաշտպանը հորդորեց այս տարի գոնե եւս մեկ նիստ հրավիրել՝ դատավորը չհամաձայնեց: Պաշտպանն ասաց, որ հետո էլ դատաքննության ողջամիտ ժամկետների հետ կապված են խնդիր ունենալու:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ձգձգելու նպատակը ո՞րն է՝ Հայկուհի Հարությունյանը պատասխանեց, որ ոստիկանությունը իրենց ներկայացրած յուրաքանչյուր ապացույց քննարկելու եւ դրանց մասին հիմնավոր որոշում արտահայտելու փնտրտուքների մեջ է. «Մտածում են՝ ձգձգենք, մինչեւ տեսնենք ինչ կստացվի»:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը դատական հայց են ներկայացրել YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու եւ ՀՀ ոստիկանության բարի համբավը նսեմացնելու համար: Ոստիկանները վիրավորվել են հաղորդաշարի սույն թվականի մայիսի 24-ի «G7» վերնագրով 11-րդ թողարկումից, որտեղ հայցադիմումի համաձայն՝ իրենց հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ: Ինչպես նաև բանակում մահացած զինվորների մայրերին ոստիկանների կողմից հրմշտելու և քաշքշելու միջադեպի վերաբերյալ հաղորդավարն իր հաղորդման (11-րդ թողարկում) ժամանակ ոստիկաններին որակել էր «Շան տղերք»:
Այսօրվա նիստում պետք է հարցաքննվեր վկա, SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը:
Նա ասաց, որր վերջապես այս նիստում ինքը պետք է բացատրեր, թե կոնկրետ բառերն ինչ նշանակություն ունեին, Վիլեն Գայֆեջյանն ինչ դեր ուներ հաղորդման մեջ, ովքեր են մոնտաժի հեղինակները եւ այլն. «Այսինքն, պիտի լույս սփռեի խեղճ մարդկանց վրա, որ հասկանային, թե հաղորդումը ինչ ձեւ կսարքվի եւ ինչքանով է իրենց հայցը հում ու անհիմն»:
Ըստ վկայի, որեւէ մեկին իրենք ուղիղ տեքստով չեն վիրավորել. «Մենք համեմատել ենք որոշ կենդանիների որոշ մարդկանց հետ: Թե իրենք իրենց վրա են վերցրել, դա շատ հարաբերական է: Այնպես որ, իրենց խնդիրն է: Եթե իրենց թվում է, որ իրենք այն մարդիկ են, ինչի տեղն են իրենց դրել, դա իրենց խնդիրն է»:
Հայկ Բարսեղյանը վստահեցրեց, որ իրենք դատը շահելու են հասնելու են մինչեւ Եվրոդատարան. «Գնալու ենք մինչեւ վերջ: Երբ Եվրոդատարանում դատը կրեցինք, իրենք հատ-հատ պիտի պատասխան տան մեր այս վազվզոցների համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ