Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի երեխաների մոտ մեկ քառորդն ապրում է հակամարտության մեջ գտնվող կամ աղետի ենթարկված երկրներում. ՅՈւՆԻՍԵՖ

Դեկտեմբեր 09,2016 17:00

Այս նոր ցուցանիշն ակնառու հիշեցում է այն բանի, թե ինչու է ստեղծվել ՅՈՒՆԻՍԵՖ-ը, մինչ կազմակերպությունը նշում է հանուն ամենախոցելիների երեխաների իր գործունեության 70-ամյակը

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 9-ը դեկտեմբերի, 2016 թ. – Ըստ գնահատականների, մոտ 535 միլիոն երեխա, մոտավորապես յուրաքանչյուր չորսից մեկը, բնակվում է հակամարտության կամ աղետի ազդեցությունը կրող երկրներում՝ հաճախ զրկված լինելով բժշկական օգնությունից, որակյալ կրթությունից, պատշաճ սնուցումից եւ պաշտպանությունից օգտվելու հնարավորությունից. հայտարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր։

Աֆրիկայի Ենթասահարայի հատվածում է բնակվում արտակարգ իրավիճակների ազդեցությունը կրող երկրներում ապրող երեխաների գլոբալ քանակի մոտ երեք քառորդը՝ 393 միլիոն երեխա։

Այս նոր տվյալները հրապարակվեցին 2016 թվականի դեկտեմբերի 11-ին ընդառաջ, այն ժամանակ, երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում էր աշխարհի ամենադժվարին հատվածներում իր անդադար ու հետեւողական աշխատանքի 70 տարին՝ բերելու կյանքեր փրկող օգնություն, երկարաժամկետ աջակցություն եւ հույս այն երեխաներին, որոնց կյանքն ու ապագան վտանգված են հակամարտությունների, ճգնաժամերի, աղքատության, անհավասարության եւ խտրականության պատճառով։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնադրվել է՝ օգնություն ու հույս տալու այն երեխաներին, որոնց կյանքն ու ապագան վտանգված են հակամարտության ու զրկանքների հետեւանքով։ Եվ այս ահռելի քանակը, որը ներկայացնում է կես միլիարդ երեխաների առանձին կյանքերը, սթափեցնող հիշեցում է այն մասին, որ մեր առաքելությունն ամեն օր ավելի պահանջված ու հրատապ է դառնում», – նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը։

Հակամարտությունների, բնական աղետների եւ կլիմայի փոփոխության ներգործությունը երեխաներին ստիպում է լքել իրենց տերը՝ նրանց թողնելով հակամարտության գծի հետեւում, ծուղակի մեջ, եւ նրանց ենթարկելով հիվանդությունների, բռնության ու շահագործման ենթարկվելու վտանգի տակ։

Մոտ 50 միլիոն երեխա արմատախիլ է արվել իր հայրենի հողից. նրանց ավելի քան կեսը լքել է իր տունը հակամարտությունների հետեւանքով։

Սիրիայի ողջ տարածքում բռնության ուժգնացմանը զուգընթաց, պակաս քան մեկ տարում պաշարման մեջ գտնվող երեխաների քանակը կրկնապատկվել է։ Այսօր մոտ 500,000 երեխա ապրում է երկրի տարբեր մասերում գտնվող 16 պաշարված տարածքներում՝ գրեթե լիովին կտրված լինելով շարունակվող մարդասիրական օգնությունից ու կենսական ծառայություններից։

Հյուսիսարեւելյան Նիգերիայում մոտ 18 միլիոն մարդ տեղահանված է. նրանից գրեթե 1 միլիոնը երեխաներ են։

Աֆղանստանում տարրական դպրոցի տարիքի երեխաների գրեթե կեսը չի հաճախում դպրոց։

Եմենում մոտ 10 միլիոն երեխա կրում է հակամարտության ազդեցությունը։

Հարավային Սուդանում տարրական դպրոցի տարիքի երեխաների 59 տոկոսը չի հաճախում դպրոց, եւ հակամարտության ծավալման տարածքներում յուրաքանչյուր 3 դպրոցից մեկը փակված է։

Այն բանից հետո, երբ «Մեթյու» փոթորիկն ավելի քան երկու ամիս անց հարվածեց Հայիթիին, մինչեւ հինգ տարեկան ավելի քան 90,000 երեխա դեռեւս օժանդակության կարիք ունի։

Արտակարգ իրավիճակները, որոնց այսօր բախվում են ամենախոցելի երեխաները, սպառնում են խաթարել վերջին տասնամյակների ընթացքում ձեռքբերված հսկայական առաջընթացը. 1990 թվականից ի վեր, կիսով չափ կրճատվել է մինչեւ հինգ տարեկանը լրանալը մանկամահացության ցուցանիշը, իսկ մի քանի հարյուր միլիոն երեխա այլեւս չի ապրում աղքատության մեջ։ Կրթությունից դուրս մնացածների քանակը տարրական դպրոցի տարիքի երեխաների շրջանում ավելի քան 40 տոկոսով կրճատվել է 1990-ից 2014 թվականներին։

Չնայած զգալի առաջընթացին, չափազանց շատ երեխաներ շարունակում են զրկված մնալ՝ իրենց սեռի, ռասայի, կրոնի, էթնիկական խմբի կամ հաշմանդամության պատճառով, այն պատճառով, որ ապրում են աղքատության պայմաններում կամ դժվարհասանելի համայնքներում, կամ պարզապես այն պատճառով, որ նրանք երեխա են։

«Անկախ այն բանից, երեխաներն ապրում են հակամարտության, թե խաղաղության մեջ գտնվող երկրում, նրանց զարգացումը վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն իրենց առանձին վերցրած ապագայի համար, այլեւ այն հասարակությունների, որտեղ նրանք ապրում են», – շեշտեց պ-ն Լեյքը։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031