Դեկտեմբերի 6-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի անվան 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացվեց «ՕՊԵՐԱ ԳԱԼԱ» համերգային ծրագիրը:
Ասել, թե համերգը հաջողվեց, նշանակում է գրեթե ոչինչ չասել։ Թեպետև դահլիճը կիսով չափ էր լեցուն՝ այստեղ, ըստ ամենայնի, վերջին օրերի սառնամանիքն էլ իր «ավանդը» ունեցավ, սակայն ներկաները շատ ջերմ ընդունեցին երաժիշտներին՝ բազմաթիվ ծափահարություններով, «Բռավո՛»-ներով, ծաղկեփնջերով։
Համերգը բացվեց Ռոսինիի «Մոխրոտիկը» օպերային նախերգանքով՝ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, որն այդ երեկո ղեկավարում էր Ջանլուկա Մարչանոն (Իտալիա –Հայաստան)։ Այնուհետև Բազիլիոյի մեներգը Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայից կատարեց Հայկ Տիգրանյանը։
Կարդացեք նաև
Ռոզինայի կավատինան նույն օպերայից հանդիսատեսը վայելեց ՀՀ վաստակավոր արտիստ Քրիստինե Սահակյանի կատարմամբ։
Իսկ Վերդիի «Տրուբադուր» օպերայից Լեոնորայի և Կոմս դի Լունայի զուգերգի՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Մագդա Մկրտչյանի և Արնոլդ Քոչարյանի կատարումից հետո դահլիճը թնդաց։
Իր բարձունքի վրա էր նաև վաստակավոր արտիստ Հասմիկ Հացագործյանը՝ Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայից Լեոնորայի մեներգի կատարմամբ։
Հետո՝ Միմիի մեներգ Պուչինիի «Բոհեմ» օպերայից, կատարում է Սյուզաննա Մելքոնյանը։ Եվ Էբոլիի մեներգ Վերդի «Դոն Կառլոս» օպերայից՝ Վարսենիկ Ավանյան։
Շատ ջերմ ընդունվեց նաև Պուչինի Տոսկայի և Կավարադոսիի զուգերգը «Տոսկա օպերայից», որը կատարեցին Լիլիթ Սողոմոնյանը եւ Հովհաննես Այվազյանը։ Շնորհալի երիտասարդ երգիչը, որը շատ ցանկալի հրավիրյալ մեներգիչ է Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, հանդես եկավ նաև տարբեր մեներգերով։
Իսկ Տիգրան Օհանյանի՝ Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայից «Прости, небесное создание» Գերմանի մեներգի կատարումից հետո դահլիճը պարզապես պայթեց, անդադար ծափողջույններին հետևեց օվացիան։
Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան կրտսերը մեր զրույցում համերգը գնահատեց որպես «հիանալի», իսկ ի պատասխան այն հարցին, թե արդյոք երգիչները և երաժիշտները կատարում էին իրենց կարողությունների 100 տոկոսով, կատակեց․ «150 տոկոսո՛վ»։ «Ինձ շատ հաճելի էր առաջին անգամ լսել այն երգիչներին, ում դեռ չէի լսել թատրոնում, օրինակ, Առնոլդ Քոչարյանին, աղջիկներից՝ Լիլիթ Սողոմոնյանին, դե Հովիկին Այվազյանին շատ լավ գիտեմ, նա այսօր իսկապես փայլեց» ։
Իսկ երգիչների և նվագախմբի ներդաշնակությու՞նը։
«Չնայած մեծ՝ մեկ համերգի համար՝ երգացանկին, նաև նրան, որ ընդամենը մեկ փորձ է եղել՝ ընդամենը երեք օր առաջ «Տոսկա» կատարելուց հետո, նվագախումբը շատ լավ կատարեց, և այստեղ, անկասկած, մեծ է դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի ավանդը․․․Ակնհայտ է, որ նվագախումբը բարձրանում է մի նոր աստիճանի․․․ » ։
Մաեստրո Օրբելյանը իր տարակուսանքը հայտնեց դահլիճի՝ կես-լեցուն լինելու կապակցությամբ, բացատրելով դա կազմակերպական-տեխնիկական խնդիրներով։
Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի