Այսօր դեկտեմբերի 9-ին ողջ աշխարհում 13-րդ անգամ նշվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Բոլոր այն անձանց և կազմակերպությունների համար, ովքեր գիտակցում են այդ չարիքի ծավալները և ովքեր անտարբեր չեն և պայքարում են դրա դեմ, այս օրն ունի իր խորհուրդը և լավ առիթ է ի մի բերելու տարվա ընթացքում արվածը և հասկանալու՝ ինչպես առաջ շարժվել:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) նույնպես այս օրը գնահատում է Հայաստանում կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ անցնող տարում եղած հաջողություններն ու ձախողումները, իր ձեռքբերումներն ու անհաջողությունները, և նախանշում այս ուղղությամբ իր ապագա անելիքները:
2008թ. ի վեր ԹԻՀԿ-ն այս օրվա կապակցությամբ հանդես է գալիս հայտարարությամբ, սակայն կոռուպցիայի իրավիճակը Հայաստանում տարեցտարի մնում է նույնը, ընդ որում, այն բավականին մտահոգիչ է և ունի համակարգային կոռուպցիային բնորոշ շատ հատկանիշներ: Անփոփոխ են մնում նաև կազմակերպության կոչերն ուղղված համապատասխան պետական մարմիններին և հանրությանը` ավելի ակտիվ պայքարելու կոռուպցիայի դեմ: Փաստորեն, գործ ունենք լճացման մի յուրօրինակ իրավիճակի հետ, երբ մի կողմից, ինչպես երևում է Հայաստանի վերաբերյալ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններից, չկա որևէ դրական որակական առաջընթաց կոռուպցիայի իրավիճակում, իսկ մյուս կողմից, այդ նույն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չկա նաև լուրջ հետընթաց:
Դրական առաջընթաց չեղավ նաև 2016թ., ուստի երկրում կոռուպցիայի իրավիճակը մանրամասնելը, դրա արմատների ու դրանք վերացնելու կոչերը կկրկնեն նախորդ տարիների ասվածը։ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2016թ․ Հայաստանի մասով տվյալներով՝ հարցվածների 65%-ը համարում է, որ կոռուպցիայի մակարդակը կրճատելու ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերն անարդյունավետ են։
Կարդացեք նաև
Ընդ որում, առավել կոռումպացված են ընկալվում պետական պաշտոնյաները, հարկային մարմինները և ՀՀ նախագահն ու իր աշխատակազմը։ Սակայն, ինչպես և նախորդ՝ 2013թ․ ԿՀԲ հարցումն էր ցույց տվել, առավել մտահոգիչ է մարդկանց՝ կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվելու ցանկության ցածր մակարդակը և այդ պայքարում իրենց դերը չտեսնելը։ Մասնավորապես, հարցվողների 63%-ը գտնում է, որ շարքային քաղաքացու ներգրավումը այդ պայքարում ոչինչ չի փոխի։ Մտահոգիչ է նաև այն, որ հարցվողների 67%-ը նշել է, որ չի բարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին (ամենավատ ցուցանիշն է ամբողջ Եվրոպայում և Միջին Ասիայում)։ Այս ամենը խոսում է հասարակության մեջ առկա անտարբերության և հիասթափության մասին։
Ավելին, ապրիլյան 4-օրյա պատերազմն ակնհայտ դարձրեց կոռուպցիայի ավերիչ ազդեցությունը երկրի անվտանգության համակարգի վրա։ Իսկ Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ իրադարձությունները վեր հանեցին անվստահությունը և կուտակված ցասումը իշխանությունների նկատմամբ։ Այնուամենայնիվ, սեպտեմբերին կառավարության փոփոխությունը և նոր նշանակումները, ինչպես նաև դրան հաջորդած տարբեր ձևաչափերով հայտարարությունները՝ իրավիճակի գնահատականների, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի անհրաժեշտության առումով, խոսում են այն մասին, որ իշխանություններն ընկալում են, այդ թվում նաև կոռուպցիայի հետ կապված, իրավիճակի ողջ լրջությունը։ Սրանով մեծանում են հասարակության ակնկալիքները, որ կլինեն ոչ թե կոսմետիկ, այլ՝ արմատական փոփոխություններ։
Այս իրավիճակում, հավանաբար, ամենաճիշտը կլինի ուղղակի հայաստանյան հանրությանը հայեցակարգային մակարդակով ներկայացնել կոռուպցիային դիմագրավելու միջազգային հաջող փորձի հիմնական բաղադրիչները` նշելով, իհարկե, որ յուրաքանչյուր երկիր կարող է հասնել հաջողության նաև այլ բաղադրիչների արդյունավետ կիրառմամբ: Սույն թվականի մարտի 10-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժումը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ԹԻՀԿ-ն է, իր կայքում հրապարակել է այդ բաղադրիչները (տես ):
Դրանք են.
1. Անպատժելիության վերացումը
Օրենքի արդյունավետ կիրարկումն իրավապահ մարմինների կողմից ունի առանցքային նշանակություն` երաշխավորելու կոռումպացված պաշտոնյաների համար պատժի անխուսափելիությունը: Այստեղ հաջողության գրավականը լավ կարգավորված օրենսդրական դաշտն է, ինչպես նաև արդյունավետ իրավապահ մարմինների և արդյունավետ ու անկախ դատական համակարգի առկայությունը:
2. Հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումը
Հանրային ֆինանսների կառավարման որակի բարելավմանն ուղղված բարեփոխումները և վերահսկիչ մարմինների դերի ուժեղացումը շատ երկրներում կոռուպցիան կրճատելու ուղղությամբ տվել է ավելի լուրջ արդյունքներ, քան ուղղակի հանրային ծառայության համակարգի բարեփոխումները:
3. Թափանցիկության և տեղեկատվության մատչելիության ընդլայնումը
Այն երկրները, որոնք ունեն կոռուպցիայի դեմ պայքարի հաջող փորձ, ունեն իրենց իշխանությունների բացության, մամուլի ազատության և տեղեկատվության մատչելիության և թափանցիկության երկարամյա ավանդույթ: Տեղեկատվության մատչելիությունը նպաստել է նաև այդ երկրներում հանրային մասնակցության ավելի բարձր մակարդակին:
4. Քաղաքացիների` իրենց երկրների իշխանությունների վրա ազդելու ունակության ուժեղացում
Որքան քաղաքացիներն ավելի ունակ են ազդելու իրենց իշխանությունների վրա և կարող են նրանց ստիպել հաշվետու լինել իրենց քայլերի համար, այնքան ավելի մեծ կլինի քաղաքացիների և իշխանությունների միջև փոխադարձ վստահության մակարդակը:
5. Միջազգային սողանցքների փակում
Ողջ աշխարհում կոռումպացված պաշտոնյաները, ունենալով հնարավորություն օգտվելու միջազգային ֆինանսական համակարգից, օգտագործում են այն լվանալու և թաքցնելու իրենց պետություններից թալանած հարստությունները: Բոլոր երկրները, այդ թվում և Հայաստանը, պետք է քայլեր ձեռնարկեն` կանխելու իրենց բանկերի կողմից ապօրինի փողերի լվացումը և դրանց հետագա տեղափոխումը օֆշորներ և այլ երկրներ:
Հաշվի առնելով երկրի առջև ծառացած լրջագույն արտաքին և ներքին մարտահրավերները` կոչ ենք անում ՀՀ նորանշանակ կառավարությանը ցուցաբերել քաղաքական կամք և սկսել կյանքի կոչել վերը նշված բաղադրիչները: Միևնույն ժամանակ կոչ ենք անում մեր հասարակությանը գիտակցել, որ առանց իրենց մասնակցության և վերահսկողության, իշխանությունները որևէ լուրջ որակական փոփոխություններ չեն ձեռնարկի, և ակտիվորեն ներգրավվել հասարակական-քաղաքական գործընթացներում:
Մամլո հաղորդագրություն